HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ուսանողը հնարավորություն կստանա ընտրել բակալավրիական կրթության տարբերակը․ փոփոխություններ «Բարձրագույն կրթության մասին» օրենքում

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց որոշում, ըստ որի՝ փոփոխություններ կկատարվեն «Բարձրագույն կրթության մասին» և հարակից այլ օրենքների փաթեթում։ Նախագիծը ներկայացրեց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

«Օրենքով համալիր և որակական փոփոխություններ են առաջարկվում բարձրագույն կրթական համակարգում, նպատակը որակի բարձրացումն է։ Օրենքի փիլիսոփայությունն ամբողջությամբ փոխվում է և դրվում է ուսանողակենտրոն քաղաքականությունը, որն ամբողջությամբ փոխում է կրթական գործունեության կազմակերպման  այսօրվա գործառույթը։ Ուսանողի կրեդիտներ հավաքելու գործընթացը դառնում է հիմնարար նպատակ»,- ասաց նախարարը։

Մկրտյանի խոսքով՝ փոփոխություններից մեկն էլ բուհերի իրավական կարգավիճակի և ներքին դեմոկրատիայի զարգացումն է։

«Կառավարման ամբողջական նոր համակարգ է, ավելի բալանսավորված է դառնում ռեկտոր-գիտխորհուրդ-բուհական խորհուրդ կապը և այս եռանկյունում իշխանության բաշխումը, իրականացվում է նաև դեկանային, ամբիոնային աշխատանքների հստակեցում»,- ասաց Մկրտչյանը՝ հավելելով, որ նաև հնարավորություն է ստեղծվում եվրոպական ու միջազգային չափանիշներին համարժեք նոր կրթական ծրագրերի իրականացման համար։

«Ամբողջությամբ նորամուծություն է նախաբակալավրիատի ներմուծումը, որը հնարավորություն կտա հատկապես մարզային համալսարաններում իրականացնել տվյալ մարզի սոցիալ-տնտեսական կարիքներից բխող սահուն, կրթական ծրագրեր։ Հրաժարվում ենք լիկվիդների հեռակա ուսուցման այսօրվա պրակտիկայից, ձևավորվում է միջազգայնորեն ընդունված ամբողջական դասընթաց և մասնակի դասընթաց (Full time, part time)։ Ուսանողը հնարավորություն է ստանում բակալավրիական կրթություն իրականացնել ամբողջական դասընթացով 4-6 տարվա ընթացքում, իսկ մասնակի կրթությունը՝ 4-8 տարվա ընթացքում, որը հնարավորություն կտա աշխատելու հետ միաժամանակ իրականացնել կրեդիտների հավաքման գործընթաց»,- մանրամասնեց Կրթության և գիտության նախարարը։

Մկրտչյանը երկու օր ժամանակ խնդրեց մի քանի տեխնիկական փոփոխությունների համար, ինչն առաջացրեց վարչապետի վրդովմունքը, նա հանձնարարեց նիստին ներկայացնել ամբողջական փաթեթը՝ առանց որևէ խմբագրման կարիքի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter