ՈՒրբաթ, 17 օգոստոսի

2017-ը՝ լրագրողների համար բարդ ու լարված տարի



2017 թվականին Հայաստանում գրանցվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 11, ճնշումների՝ 113, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի 62 խախտում: Այս մասին նշված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տարեկան զեկույցում:

Հատկապես ճնշումների եւ տեղեկություններ ստանալու իրավունքի խախտումների առումով՝ նախորդ տարիներին 2016 թվականի համեմատ հետընթաց է գրանցվել, այսինքն՝ գրանցվել են մի քանի անգամ ավելի շատ դեպքեր:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2017 թվականը բնորոշում է որպես հայաստանյան լրատվամիջոցների համար լարված եւ բարդ ժամանակահատված՝ պայմանավորված Ազգային ժողովի, Երեւանի ավագանու եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով։ Կոմիտեն արձանագրել է, որ իշխանությունները լուրջ չեն վերաբերվում լրագրողների իրավունքների խախտումների փաստերին, ինչի ապացույցը դեպքերին հաջորդած իրավական գործընթացներն են:

ԱԺ եւ Երևանի ավագանու ընտրությունների և դրանց նախորդող քարոզարշավների ընթացքում արձանագրված բռնությունների ու խոչընդոտումների 29 դեպքից միայն 2-ն է հասել դատարան: 29-ի դեպքից միայն 7-ի առնչությամբ էր քրեական գործ հարուցվել, որոնցից 5-ը կարճվել էր «հանցակազմի բացակայության» հիմնավորմամբ։

ԽԱՊԿ զեկույցում նաեւ տեղ են գտել Էջմիածնի թիվ 14/20 ընտրատեղամասում «Հետք»-ի թղթակից Գրիշա Բալասանյանի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու, ինչպես նաեւ մարտի 6-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում նշանակված արտագնա դատական նիստին «Հետք»-ի լրագրող Արաքս Մամուլյանի մուտքն արգելելու դեպքերը:

2015 թվականի հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում (#ElectricYerevan) եւ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ը մայրաքաղաքի Խորենացի փողոցում եւ Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների նախաքննությունները գոհացնող ավարտ չեն ունեցել: Այդ գործերի շրջանակներում ներկայացված մեղադրանքների քանակը ԽԱՊԿ-ին հիմք է տալիս պնդելու, որ իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցները համարժեք չեն բռնությունների դեպքերին:

#ElectricYerevan-ն ընթանում է արդեն երկու տարուց ավելի, եւ 21 տուժած լրագրողների ու օպերատորների առկայության պարագայում մեղադրանք է առաջադրվել ընդամենը 4 ոստիկանի։ Ինչ վերաբերում է երկրորդ քրեական գործին, ապա այստեղ տուժող է ճանաչվել 21 լրագրող ու օպերատոր, եւ 2016 թվականին մեղադրանք է ներկայացվել 8, իսկ 2017-ին՝ մեկ անձի։

Փաստաբան Արա Ղազարյանն ասում է, որ չնայած վերջերս ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել, թե արագացրել են քրեական գործերի քննությունը, եւ 2-3 ամսում անգամ ծանր հանցագործության դեպքերն ուղարկում են դատարան, լրագրողների նկատմամբ ոտնձգության դեպքերով, այն էլ՝ երբ տուժողը նկարահանել է դեպքը, գործերը նախաքննության փուլում են մի դեպքում 30 ամիս, մյուս դեպքում՝ 18 ամիս:

«Ոչ մի նախարար, ոչ մի քննիչ մեզ փաստաթուղթ չի տվել այն մասին, որ քննություն, ըստ էության, չի ընթանում: Բայց մենք արդյունք չունենք, եւ սա վկայում է հենց այդ անգործության մասին»,-ասում է փաստաբանը:

Փոխարենը Եվրոպական դատարանը եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն ընդունել ու գրանցել են #ElectricYerevan-ի գործով տուժող ճանաչված երեք լրագրողների («Lragir.am»)-ի թղթակից Թեհմինե Ենոքյանի, ինչպես նաեւ «iLur.am»-ի թղթակից Հակոբ Կարապետյանի եւ ազատ ֆոտոլրագրող Գեւորգ Ղազարյանի) գանգատները՝ հիմնավոր համարելով նախաքննության անարդյունավետության վերաբերյալ նրանց փաստարկները։ Ավելին՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն արդեն կոմունիկացրել է երկու հայ լրագրողների բողոքները։ Այս միջազգային ատյաններ են ուղարկվել նաեւ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ը մայրաքաղաքի Սարի թաղում բռնության ենթարկված՝ «1in.am» լրատվական կայքի թղթակից Մարիամ Գրիգորյանի եւ ազատ ֆոտոլրագրող Գեւորգ Ղազարյանի գանգատները։

ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը մարդու իրավունքների պաշտպանության առումով սա համարում է աննախադեպ, որովհետեւ պրակտիկայում չի եղել, որ երկրի ներսում բոլոր հնարավորությունները չսպառած դիմեն միջազգային ատյաններին, եւ դիմումն ընդունվի ու շրջանառության մեջ դրվի:

2017 թվականն աննախադեպ է եղել նաեւ ԶԼՄ-ների ու լրագրողների դեմ դատական նոր գործերի առատությամբ։ Նման դատական գործերի թիվը հասել է 60-ի, բոլորը՝ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով։ Միայն «Sut.am» լրատվական կայքի հիմնադիր, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ ներկայացվել է 30 դատական հայց։ Դրանք բոլորն էլ վերաբերում էին այդ կայքի մարտի 24-ի աղմկահարույց հրապարակմանը, որում բացահայտվում էր նախընտրական շրջանում դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների՝ վարչական ռեսուրսի գործածմամբ ձայների հավաքագրումը՝ հօգուտ իշխող ՀՀԿ-ի։ Յուրաքանչյուր հայցով պահանջվում էր հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները եւ 2 մլն դրամ փոխհատուցում վճարել։ Սակայն, առաջին իսկ դատական նիստին այդ հայցերը հետ են վերցվել։

Նախորդ տարի ավարտվեց 1in.am-ի լրագրող Սիրանույշ Պապյանին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից վիրավորանք հասցնելու դեպքով դատաքննությունը: Դատարանը 10 դատական նիստերից հետո վերջնական ակտով մերժել է լրագրողի հայցը` նշելով, որ ոստիկանապետի արտահայտությունը՝ «Ես քո մեջ կին չեմ տեսնում», արվել է փոխաբերական իմաստով:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը համաձայն չէ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ զեկույցում ներկայացված այն պնդումներին, որ նախաքննական մարմինը վատ է աշխատում: Որպես իր դիրքորոշման ապացույց՝ Աբրահամյանն ասում է, որ կարճված վարույթների դեպքում ոչ հանցագործության մասին հաղորդում տվողները, ոչ տուժողները չեն բողոքարկել:

ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը համաձայն չէ Գոռ Աբրահամյանի հետ. «22 տուժած լրագրողի եւ օպերատորի պարագայում 4 մեղադրյալ կա, եւ ոչ մի նոր կասկածյալ՝ 1,5 տարվա ընթացքում, սա խոսում է այն մասին, որ նախաքննությունը տեղում դոփում է: Իհարկե, եթե ցանկություն լիներ, եւ դատախազությունը վերահսկողություն դրսեւորեր, տասնյակ մեղադրական դատավճիռներ կլինեին»:

Լրագրող Հակոբ Կարապետյանը, ով #ElectricYerevan-ի տուժողներից մեկն է, Գոռ Աբրահամյանի պնդումները արդարացի չի համարում: «Եթե խոսում ենք տուժողների կողմից լրացուցիչ բողոքների բացակայության մասին, ապա պետք է հաշվի առնել, որ ես պատրաստակամ եմ եղել համագործակցելու նախաքննության հետ: Բայց որեւէ արդյունք դա չի ունեցել»:

Գոռ Աբրահամյանը նաեւ «Առավոտ» օրաթերթի եւ կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ տեղի ունեցած միջադեպը չի համարում լրագրողի գործունեությունը խոչընդոտելու փաստ: «Այն հանգամանքը, որ մենք բոլորս այստեղ մոտ 3 րոպե նայում էինք լրագրողի ներկայացրած տեսանյութը, խոսում է այն մասին, որ լրագրողի մասնագիտական գործունեությունը չի խոչընդոտվել»,-ասում է գլխավոր դատախազի խորհրդականը: Այլ բան է, որ սպառնալիք եւ վիրավորանք տեսնում է: 


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ