HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

900-ից ավելի փաստաբաններ բողոքում են դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ

Փաստաբանները բողոքում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ:

Հունվարի 16-ին փաստաբանների պալատում կազմակերպված քննարկման ժամանակ փաստաբանները հայտարարությամբ են հանդես եկել՝ պահանջելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից և կառավարությունից նախագծում ներառված՝ փաստաբանի նկատմամբ դատարանի կողմից տուգանքի տեսքով դատական սանկցիա կիրառելու հնարավորությունը բացառել:

Փաստաբանների պալատի տեղեկատվության բաժինը հայտնում է, որ այսօր՝ ժամը 14:00-ի դրությամբ հայտարարության միացել է 907 փաստաբան: Նրանց անունները հրապարակված են փաստաբանների պալատի կայքում: Ներկայացնում ենք հայտարարության տեքստը:

«Սույն հայտարարությանը միացող փաստաբաններս անթույլատրելի ենք համարում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորումը:

Գործող իրավակարգավորումը երաշխավորում է փաստաբանների պաշտպանությունը դատարանի հնարավոր անհիմն ներգործության միջոցներից, մինչդեռ Նախագծով նախատեսված նոր մոտեցումը վտանգում է փաստաբանության անկախությունը (այդ թվում՝ փաստաբանի, որպես իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձի, մասնագիտական ինքնուրույնությունը) և ազատությունը, որոնք երաշխավորված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային իրավական ակտերով:

Նախագծի հիմնավորման մեջ որևէ փաստարկ ներկայացված չէ, թե ինչու է որոշվել փաստաբանի նկատմամբ տուգանք կիրառելու հնարավորություն տալ դատավորին:

Փաստաբանի անկախությունը և ազատությունը երաշխավորելու հրամայականն ինքնանպատակ չէ, քանի որ վերջիններիս սահմանափակումը կհանգեցնի արդար դատաքննության իրավունքի խաթարմանը:

Նկատի ունենալով վերոգրյալը և ընդգծելով ՄԵՐ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ փաստաբանության անկախությունը և ազատությունը խաթարող Նախագծի համապատասխան դրույթները շրջանառությունից հանելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու կապակցությամբ,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից և կառավարությունից պահանջում ենք Նախագծում ներառված՝ փաստաբանի նկատմամբ դատարանի կողմից տուգանքի տեսքով դատական սանկցիա կիրառելու հնարավորությունը բացառել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter