ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

«Կրպակ» սուպերմարկետից 1050 դրամանոց օղու հափշտակության գործը չի հաջողվում քննել. ամբաստանյալը դատարան չի գալիս



«Կրպակ» սուպերմարկետից 1050 դրամ արժողությամբ կես լիտր օղի կողոպտելու փորձի հայտնի գործն արդեն 7 ամիս է՝ գտնվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն հնարավոր չի եղել ապահովել ամբաստանյալ Նորայր Մելքոնյանի ներկայությունը գոնե մեկ նիստի:

Մելքոնյանը, հիշեցնենք, ըստ մեղադրանքի, 2017 թվականի մայիսի 10-ին, անցնելով Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի կողքով, մտադրվել է այնտեղից հափշտակել օղի:

«Իրականացնելով հանցավոր մտադրությունը` Նորայր Մելքոնյանը մտել է «Կրպակ» սուպերմարկետ, մոտեցել օղու վաճառքի բաժին, այնտեղից վերցրել և բաճկոմի տակ թաքցրել 1050 ՀՀ դրամ արժողությամբ, 0.5 լիտր ծավալով «Ներուշիմիյ Սոյուզ» տեսակի օղի, այն ցանկացել է գաղտնի հափշտակել, ինչը նկատել են սուպերմարկետի աշխատակիցները, ովքեր հրահանգել են կանգնել, իսկ Նորայր Մելքոնյանը, գիտակցելով իր գործողությունների բացահայտ լինելը` դիմել է փախուստի, սակայն բռնվել է մուտքի դռան մոտ գտնվող քաղաքացիների կողմից` իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով ավարտին հասցնել ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը»,- ասված է մեղադրանքում:

Ամբաստանյալը նախկինում դատվածություն չի ունեցել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, նախաքննության ընթացքում, մեր տեղեկություններով, ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն ու զղջացել, հայտնել, որ օղին վերցրել է՝ «հաց ուտելիս խմելու համար»:

Չնայած քրեական գործը հարուցվել է կողոպուտի փորձի՝ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության մեջ առկա ձևակերպումները թույլ են տալիս եզրակացնել, որ Մելքոնյանի արարքում առերևույթ առկա է 34-177-րդ հոդվածի`գողության փորձի հատկանիշ:

Մասնավորապես՝ Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածը՝ կողոպուտը, սահմանվում է որպես ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն, իսկ 177-րդ հոդվածը`գողությունը՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն: Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ Մելքոնյանը բաճկոնի տակ թաքցրել է օղին և այն ցանկացել գաղտնի հափշտակել: Նշենք նաև, որ անձը քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով ենթարկվում է քրեական պատասխանատվության, եթե գողոնի արժեքը 5000 դրամ և ավելի է, այսինքն՝ Մելքոնյանի արարքը գողության փորձ որակելու դեպքում գործը դատարան չէր հասնի:

Նորայր Մելքոնյանին մեղսագրվող արարքը համարվում է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք: Քրեական դատավարության օրենսգիրքի 37-րդ հոդվածը նման հանցանքի դեպքում քրեական գործի վարույթը կարճելու և անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորություն է տալիս, սակայն  վարույթն իրականացնող մարմինը, փաստորեն, չի տեսնում Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորություն:

Գործը սկզբնական շրջանում գտնվում էր դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում: Ամբաստանյալի՝ տևական ժամանակ դատական նիստերին չներկայանալուց հետո 2017 թվականի օգոստոսի 4-ին դատավոր Մակյանը նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ որոշում էր կայացրել: Օրեր անց Նորայր Մելքոնյանը հայտնաբերվել էր ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների կողմից ու բերման ենթարկվել: Վերջինս ոստիկանությունում  պարտավորագիր էր գրել ներկայանալ դատարան և նշանակվելիք դատական նիստի վերաբերյալ ծանուցագիրը ստանալ: Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից համապատասխան գրությունը ստանալուց հետո դատավորը որոշում էր կայացրել Մելքոնյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու մասին:

Սակայն ամբաստանյալը դրանից հետո նշանակված դատական նիստի օրվա ու ժամի վերաբերյալ ծանուցագիրը ստանալու համար դատարան չէր գնացել, դատական նիստին էլ չէր ներկայացել:

Դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում քննվող գործը վերը նշված իրադարձություններից հետո փոխանցվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների մեկ այլ դատավորի՝ Արմեն Բեկթաշյանի վարույթ: Պատճառը Մակյանի՝ մեկ այլ դատարան ժամանակավորապես գործուղվելն էր:

2017 թվականի սեպտեմբերի 26-ից գործը գտնվում է դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթում: Վերջինս Մելքոնյանին բերման ենթարկելու մասին որոշում է կայացրել, սակայն առ այսօր նշանակված որևէ նիստի հնարավոր չի եղել ապահովել ամբաստանյալի ներկայությունը:

Հանրային պաշտպանի գրասենյակը գործով Մելքոնյանի շահերը ներկայացնելու համար լիազորել է հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանին, ով առ այսօր չի ներգրավվել որպես ամբաստանյալի պաշտպան այն պատճառով, որ դատական նիստերը մշտապես հետաձգվել են:

Այսօր ժամը 11:30-ին նշանակված էր այս գործով հերթական դատական նիստը, սակայն դատավոր Արմեն Բեկթաշյանն այն սկսել էր նշանակված ժամից րոպեներ առաջ, առանց դատավարության կողմերի նիստ արել ու փակել այն՝ չնայած հանգամանքին, որ փաստաբան Սիրանուշ Հարությունյանը սահմանված ժամին եկել էր դատարան:

Ինչպես ավելի ուշ պարզեցինք, ամբաստանյալին բերման ենթարկելու դատավորի հանձնարարության վերաբերյալ որևէ պատասխան չէր ստացվել դատարան:

Հաջորդ դատական նիստը նշանակել է հունվարի 26-ին:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Լուսիկ17:16 - 18 հունվարի, 2018
Վայ, էս գործը դեռ չի փակվե՞լ: Կրկնապատքում եմ առաջարկս՝ 4200դր. վճարեմ՝ փակեք: Մտածում եմ, որ որոշել եք ինձ սննկացնել:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ