HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Դրամական փոխանցումներ Հայաստանից եւ դեպի Հայաստան

2017 թվականին արտերկրից Հայաստան փոխանցվող գումարները ավելացել են։ Միևնույն ժամանակ ավելի արագ տեմպերով աճել է Հայաստանից արտերկիր ուղարկվող գումարների ծավալը։ Խոսքն այն գումարների մասին է, որոնք ուղարկում են ֆիզիկական անձինք (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերը) բանկային համակարգի միջոցով, օրինակ՝ դրսում աշխատող հայերի ուղարկած գումարները։

Այսպիսով, Հայաստանի կենտրոնական բանկի հրապարակած վերջին տվյալներով՝ 2017 թվականի առաջին  11 ամիսներիներին (հունվար-նոյեմբեր) ֆիզիկական անձինք բանկերի միջոցով  արտերկրից Հայաստան են ուղարկել ավելի քան 1 մլրդ 561  մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ դրամական փոխանցումները կամ այլ կերպ՝ տրանսֆերտները, ավելացել են ավելի քան 240 մլն դոլարով կամ 18.2%-ով։

Ինչպես ցույց են տալիս Կենտրոնական բանկի տեղեկագրում առկա տվյալները, նույն ընթացքում Հայաստանից արտերկիր է փոխանցվել ավելի քան 909 մլն դոլար, որը 2016-ի  հունվար-նոյեմբերի համեմատ աճել է մոտ 202 մլն դոլարով կամ  28.5%-ով։

Այսինքն՝ դրամական փոխանցումների արտահոսքն ավելի արագ տեմպերով է աճել, քան ներհոսքը։

Արդյունքում զուտ ներհոսքը՝ ներհոսքի և արտահոսքի տարբերությունը, հունվար-նոյեմբերին կազմել է  մոտ 652 մլն դոլար։ Աճը կազմել է մոտ 39 մլն դոլար կամ  6.3%:

Որ երկրներից են կատարվել դրամական փոխանցումները

Հայաստան եկող տրանսֆերտների գլխավոր աղբյուրը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Հունվար-նոյեմբերին մոտ 945 մլն դոլարը Ռուսաստանից է փոխանցվել։ 2016 թվականի նույն ամիսների համեմատ այս երկրից ֆիզիկական անձանց փոխանցումները Հայաստան աճել են  մոտ 142 մլն դոլարով կամ 17.7%-ով։

Տրանսֆերտների երկրորդ աղբյուրը ԱՄՆ-ն է։ Հունվար-նոյեմբերին փոխանցվել 160 մլն դոլար, աճը՝ մոտ 3 մլն դոլար է։

Ավելացել են նաև Ղազախստանից եկող գումարները՝ մոտ 28 մլն դոլարով և կազմել մոտ 45 մլն դոլար։

Էական աճ կա «այլ երկրներ» տողով, որտեղ չի մանրամասնվում, թե որ երկրներ են ներառված։ «Այլ երկրներից» հունվար-նոյեմբերին փոխանցվել է մոտ 307 մլն դոլար, որը 76 մլն դոլարով կամ  մոտ 33%-ով գերազանցում է 2016-ի նույն ամիսների ցուցանիշը։

Ինչպես տեսնում ենք, տրանսֆերտների աճը մեծապես պայմանավորված է Ռուսաստանից եկող գումարների ավելացմամբ, ինչպես նաև «այլ երկրներից» (ինչպես նշեցինք ԿԲ-ն չի մանրամասնում, թե որ երկրների մասին է խոսքը)։ Ռուսաստանից եկող գումարները, որպես կանոն, այդ երկիր արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիների ուղարկած գումարներն են։ Շատերը համարում են, որ 2017 թվականը Ռուսաստանի համար տնտեսական մասնակի վերականգնման տարի է եղել։ Ենթադրում ենք՝ դա  դրական է նպաստել այնտեղ աշխատող հայաստանցիների վարձատրության վրա։

Իսկ մնացած երկրների մասով, որոնք նշված է ներքևում գտնվող ինֆոգրաֆիկայում, դրամական փոխանցումների  ծավալների էական փոփոխություններ չեն գրանցվել։


Դեպի որ երկրներ են Հայաստանից գումարներ փոխանցվում

Ինչպես նշեցինք, 11 ամիսներին Հայաստանից ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկիր են փոխանցել, ընդհանուր առմամբ, ավելի քան  909 մլն դոլար, որը 2016-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է մոտ 202 մլն դոլարով կամ  28.5%-ով։ Փոխանցումների ծավալով առաջին երեք երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Չինաստանը:

Արտահոսքի աճը տեսանելի է հատկապես ԱՄՆ-ի մասով։ Հունվար-նոյեմբերին Հայաստանից ԱՄՆ է փոխանցվել  մոտ 165 մլն դոլար, որը 2016-ի համեմատ 2.2  անգամով կամ 88.5 մլն դոլարով աճել է։

Իսկ դեպի «այլ երկրներ» փոխանցվել է մոտ 249 մլն դոլար, աճը՝ մոտ 61 մլն դոլար կամ  32.4%: Ստացվում է, որ արտահոսքի աճն էլ հիմնականում պայմանավորված է դեպի ԱՄՆ և կրկին «այլ երկրներ» փոխանցված գումարների ավելացմամբ։

ԱՄՆ-ի մասով նաև հատկաշնական է, որ 2017 թվականին Հայաստանից դեպի այս երկիր ֆիզիկական անձինք ավելի շատ գումար են փոխանցել, քան ԱՄՆ-ից Հայաստան փոխանցումներն են։ Նախորդ տարիներին նման միտում չի նկատվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter