HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավորի ընկերությունները շահագործելու են Ջրաբերի հանքերը

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Վահան Հարությունյանը նոր հաքավայր շահագործելու տարածք է վերցնում և ընդլայնում է արդեն իսկ ունեցած հանքը:

Երկու տարբեր ընկերություններ՝«Միկմետալ» ՓԲԸ-ն և «Սթոուն լենդ» ՍՊԸ-ն Բնապահպանության նախարարություն են ներկայացվել միանգամից երկու տարբեր հայտեր՝ լիթոիդային պեմզաների հանքավայրերի շահագործման և ընդլայման վերաբերյալ:

Ըստ էության, դրանք նույն հանքավայրի երկու տարբեր տեղամասերի համար ներկայացված հայտեր են: Նույնն են նաև ընկերության տերերը:

«Միկմետալ» ՓԲԸ-ի 75 % մասնաբաժնի բաժնետերը Ազգային ժողովի պատգամավոր Վահան Հարությունյանն է: Այդ բաժնեմասը նա հայտարարագրել էր որպես պատգամավորի թեկնածու Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած ունեցվածքի իր հայտարարագրում: Չնայած, պետռեգիստրի փաստաթղթերով այդ բաժնեմասը թաքցրած է կիպրոսյան օֆշորում:

«Միկմետալ»-ի մնացած 25-ի փայատերը նրա հայրն է՝ Միխաիլ Հարությունյանը: Հիշեցնենք՝ վերջինս ԱԺ պատգամավար, ԴԱՀԿԾ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի մորեղբայրն է։ 

Համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ «Սթոուն Լենդ ՍՊԸ-ի 100 տոկոսանոց բաժնետերն էլ «Միկմետալ» ՓԲԸ-ն է: Հետևաբար, նույն հանքավայրի տարբեր տեղամասեր շահագործելու է Հարությունյանների ընտանիքը:


«Միկմետալ» ՓԲԸ-ն մտադիր է ընդլայներ Ջրաբերի լիթոիդային պեմզաների հանքավայրի Լանջ տեղամասը, որը գտնվում է Կոտայքի մարզի Նուռնուս գյուղից մոտ 2.2 կմ հարավ-արևելք և Ջրաբեր գյուղից մոտ 1,3 կմ հյուսիս-արևմուտք:  

2012-ին «Միկմետալ» ՓԲԸ-ն ստացել է ընդերքօգտագործման թույլտվություն և արդեն իսկ իրականացնում է օգտակար հանածոյի արդյունահանում այդ տարածքից: Մնացորդային պաշարների արդյունահանման նպատակով է ընկերությունը նախատեսում ընդլայնել բացհանքը՝ ըստ խորության:  2005 թվականին հաստատված հայցվող տարածքի պաշարները գնահատվել են 723 հազար խմ:

Հանքի տարածքը, ինչպես երևում է քարտեզում, գտնվում է բարենպաստ ճանապարհային պայմաններում: Տեղամասի անմիջական հարևանությամբ անցնում է Մ-4 Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհը:

Ընդլայնված բացահանքի չափերը

  • ամենամեծ երկարությունը - մոտ 205մ;
  • ամենամեծ լայնությունը - մոտ 175մ;
  • օտարման մակերեսը – մոտ 3,3հա,
  • օգտակար հանածոյի հայցվող պաշարները – մոտ 67,0 հազ.մ3,
  • տարեկան արտադրողականությունը – շուրջ 20,0հազ.մ3,
  • ծառայման ժամկետը – մոտ 3 տարի:

Կոտայքի մարզի Ֆանտան-Ջրաբերի լիթոիդային պեմզաների հանքավայրում «Սթոուն լենդ» ՍՊԸ-ն էլ նախատեսում է բաց եղանակով իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանում:  Ֆանտան-Ջրաբերի լիթոիդային պեմզաների հանքավայրը գտնվում է Ջրաբեր գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք:

Ֆանտան-Ջրաբերի հանքավայրի լիթոիդային պեմզաների (պեռլիտի) հաշվեկշռային պաշարները հաստատվել են 1960թ.-ին և կազմում են 26350 հազար խմ:

Բացահանքի չափերը

  • ամենամեծ երկարությունը՝ 290մ,
  • ամենամեծ լայնությունը՝   220մ,
  • օտարման մակերեսը՝        4,4 հա,
  • տարեկան արտադրողականությունը՝  20 հազ.մ3,
  • Բացհանքի ծառայման ժամկետը՝ 15 տարի:

ԲՆ ներկայացված նախագծի համաձայն` «Սթոուն լենդ» ՍՊԸ-ն լիթոիդային պեմզաների արդյունահանումը նախատեսում է կատարել առանց հորատապայթեցման աշխատանքների՝ էքսկավատոր-ավտոինքնաթափ-բուլդոզեր լեռնային համալիրի միջոցով: Լիթոիդային պեմզան տեղափոխվելու է ընկերության ջարդող-տեսակավորող կայանք:  

Վերը նշված հայտից բացի՝ Հարությունյաններին պատկանող «Սթոուն լենդ» ՍՊԸ-ն, համաձայն Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տրամադրած ընդերքօգտագործման իրավունքների ցանկի, ևս 3 հանքավայրի շահագործման իրավունք է ստացել: Դրանք են՝ Կոտայքի մարզի Նորագյուղի անդեզիտի և բազալտի հանքավայրը, Բալահովիտի բազալտի հանքավայրը և Աբովյանի բազալտի հանքավայրի 3-րդ տեղամասը:

Պետեկամուտների կոմիտեն ընդդեմ պատգամավորի ընկերության

Պետական եկամունտների կոմիտեն 2016թ մայիսից, այսինքն՝ Միհրան Պողոսյանի և հարազատների պանամական օֆշորային ընկերությունների վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումից հետո, սկսել է հարկային ստուգումներ իրականացնել «Սթոուն լենդ» ՍՊԸ-ում: Եվ ավելի քան մեկ տարի ՊԵԿ-ն ու «Սթոուն լենդ» ՍՊԸ-ն դատական վեճ են ունեցել, որը, 2017 թվականի ավարտին, երկու ատյաններում բողոքարկվելուց հետո, հօգուտ ընկերության է ավարտվել:  

Մասնավորապես, պետեկամուտների կոմիտեի նախագահի 31.05.2016թ.-ի հանձնարարագրի համաձայն՝ «Սթոուն լենդ» ՍՊԸ-ում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող ՀՀ օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում: Դրա արդյունքում 01.08.2016թ. ակտ է կազմվել: Այդ ակտով ընկերությանն առաջադրվել է պետական բյուջե վճարման ենթակա 9,2  մլն դրամի չափով պարտավորություն: «Սթոուն լենդ» ՍՊԸ-ն վիճարկել է ակտը Վարչական դատարանում, սակայն պարտվել է: Ընկերությունը դիմել է Վարչական վերաքննիչ դատարան:

Անցնող դեկտեմբերի 20-ին Վարչական վերաքննիչ դատարանը բավարարել է «Սթոուն լենդ» ՍՊԸ-ի բողոքը՝ բեկանել և փոփոխել է Վարչական դատարանի վճիռը, կայացրել է նոր ակտ: Վարչական վերաքննիչը նաև պարտավորեցրել է ՊԵԿ-ին պետտուրքն ու 200 հազար դրամի չափով ընկերության փաստաբանի ծախսերը հոգալ: Հանվել է նաև ընկերության գույքի վրա դրված կալանքը: 

Հունվարի 24-ին Ջրաբեր գյուղի վարչական ղեկավարի նստավայրում մեկ ժամ տարբերությամբ` ժամը 11:00-ին և 12:00-ին տեղի են ունենալու երկու հայտերի վերաբերյալ հանրային քննարկումներ: 

Վահան Հարությունյանի լուսանկարը՝ իր ֆեյսբուքյան էջից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter