HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Եթե նույնիսկ 100 նիստ չեղարկվի, ավելի կարևոր է պաշտպանի գործառույթը և փաստաբանի համբավը». «Սասնա ծռերի» գործով փաստաբան

Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող «Սասնա ծռերի» գործով նիստին ներկայացել էր նաեւ հանրային պաշտպան Լուսինե Ասլանյանը։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հանրային պաշտպաններ Լուսինե Ասլանյանին եւ Անուշ Մխիթարյանին ներգրավելու մասին դիմել էր հանրային պաշտպանի գրասենյակ իրենց պաշտպաններից հրաժարված ինը մեղադրյալների պաշտպանության համար հանրային պաշտպաններ ներգրավելու համար։

Նախորդ նիստին դատավորը մեղադրյալների նկատմամբ սանկցիա էր կիրառել եւ մի քանի ժամով հեռացրել նիստերի դահլիճից։ Ամբաստանյալ Արմեն Լամբարյանը, Արթուր Մելքոնյանը, Տիգրան Սարգսյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Աշոտ Պետրոսյանը, Կարո Եղնուկյանը, Վարդգես Գեւորգյանը, Խաչատուր Գիչյանը եւ Մանվել Աթոյանը հայտարարել էին, որ հրաժարվում են իրենց պաշտպանների ծառայություններից։

Դատարանում ամբաստանյալներից յուրաքանչյուրը հրաժարվեց հանրային պաշտպաններից եւ նշեցին, որ արդեն իսկ ունեն պաշտպաններ։ «Մինչեւ ձեր կողմից հանրային պաշտպաններ ներգրավելու հարցին անդրադառնալը, անձիք հայտնեցին, որ ցանկանում են իրենց պաշտպանները գան, այս պահին դատարանը պարտավոր է ներգրավել իրենց ցանկացած պաշտպանի»,- դատարանին դիմելով՝ հայտարարեց հանրայինպաշտպան Անուշ Մխիթարյանը։

Դատավորը նշեց, որ երկու շաբաթ ժամանակ կտրամադրի հանրային պաշտպան Լուսինե Ասլանյանին՝ գործին ծանոթանալու համար, որից հետո Կարո Եղնուկյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով՝ ինչպե՞ս կարող է փաստաբանը գործում առկա 121 հատորին ծանոթանալ երկու շաբաթում։

Մանվել Աթոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը նույնպես հայտարարությամբ հանդես եկավ՝ հայտնելով, որ իր պաշտպանյալ Մանվել Աթոյանը չի հրաժարվել իր ծառայություններից.

«Հարգելի՛ դատարան, եթե անձն ունի վճարովի պաշտպան, հանրային պաշտպան ներգրավելու հարցն ինչի՞ մեջ է, որտե՞ղ է գրված, որ եթե մարդն ունի պաշտպան, պիտի նաեւ ունենա հանրային պաշտպան» – հայտարարեց Ղարագյոզյանը։

Դատավոր Գաբրիելյանը այս հարցի մասին ասաց, որ միգուցե տպագրական սխալ է եղել, եւ Մանվել Աթոյանի անունը հայտնվել է ցուցակի մեջ։

Մեղադրյալները նշեցին, որ ցանկանում են իրենց պաշտպանները նորից ստանձնեն պաշտպանությունը։

Աշոտ Պետրոսյանը հայտարարություն արեց՝ հայտնելով, որ պաշտպաններից հրաժարվելը դիտավորյալ է եղել եւ տապալել են նիստը՝ ի աջակցություն հացադուլ հայտարարած ընկերների։

«Մենք որ չենք գտնվում դահլիճում, չենք էլ ուզում, որ մեր պաշտպանները ներկա գտնվեն։ Ճիշտ է՝ հաճելի է, խինդ ունեցող աչքեր ունեք»,- դատավորին դիմելով՝ հայտնեց Աշոտ Պետրոսյանը, հետո շարունակեց.

«Քանի ամիս է՝ դատավարությունը գնում է, ընկել եք ձեւականության հետեւից։ Մեզ պետք չէ հանրային պաշտպաններ, մենք մեր պաշտպաններին ենք ուզում, կարգին տղաներ են»։

Դատարանը դահլիճ կանչեց ապակիներից այն կողմ սպասող փաստաբաններին, իսկ մեղադրյալներին հեռացրեց նիստերի դահլիճից։ Անուշ Մխիթարյանը միջնորդություն ներկայացրեց, պահանջեց դատարանից մեղադրյալների՝ հանրային պաշտպաններից հրաժարումը ընդունել եւ նաեւ դադարեցնել իր պաշտպանական իրավունքը։

Տիգրան Հայրապետյանը միացավ ներկայացված միջնորդությանը, նշեց, որ չի կարող պաշտպանը պաշտպանի մեղադրյալին, եթե չի տեսակցել ամբաստանյալի հետ եւ չի քննել գործի հետ կապված մանրամասները։

Փաստաբան Մուշեղ Շուշանյալն  էլ պնդեց, որ հանրային պաշտպաններից հրաժարականի մասին դատարանը պետք է որոշում կայացնի առանց միջնորդության,  քանի որ միեւնույն անձի համար չի կարող լինել եւ իր կողմից ընտրված պաշտպան, եւ հանրային պաշտպան։

«Լուսիեն Ասլանյանը շատ հետաքրքիր հայտարարություն արեց, ասաց, որ կարելի է գործի քննությունը շարունակել՝  առանց գործի նյութերին ծանոթ լինելու, առանց նիստին մասնակցելու, առանց գործի մասին տեղյակ լինելու, սա ոչ միայն փաստաբանի վարքագծի կոպիտ խախտում է, այլ նշանակում է որ ստանձնած պաշտպանությունը ձեւական կողմ է կրելու եւ որեւէ պաշտպանություն չի իրականացվելու»,- հայտնեց Մուշեղ Շուշանյանը։

Դատախազները նշեցին, որ գործում հանրային պաշտպաններ ներգրավումը օրենքով է սահմանված եւ չի խոչընդոտում գործին։ Մեղադրողները հայտնեցին, որ «այս կերպ կխուսափեն հետագա խնդիրներից»։

Տիգրան Հայրապետյանը նշեց, որ վիրավորվել է դատախազների ասածներից  եւ նշեց, որ դատախազները հանրային պաշտպաններին դիտում են որպես գործիք, «որպես մեղադրական կողմի նկրտումները իրականացնող գործիք»։

«Եթե նույնիսկ հարյուր նիստ չեղարկվի, շատ ավելի կարեւոր է պաշտպանի գործառույթը, եւ փաստաբանի բարի անունն ու համբավը, խնդրում եմ, որպեսզի չթույլատրել մեղադրողները նման ձեւով արտահայտվեն»,- հայտնեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Արայիկ Պապիկյանն էլ նշեց, որ միջնորդության կարիք չէր լինի, եթե դատարանը դատավարություն իրականացներ, ըստ նրա՝ մինչեւ այս պահն իրականանացվածը առնչություն չունի դատավարության, արդարադատության հետ.

«Զավեշտալի իրավիճակում հայտնվեցինք, անկրկնելի, անզուգական դատավարություն է,- հայտնեց փաստաբանը, հետո ավելացրեց, -այս գործընթացը մեր պաշտպանյալները որպես դատավարություն չեն ընդունում, դուք հիմա ուզում եք նրանք  ընդունեն այն դատարանը, որը չեն ընդունում եւ պահեստային փաստաբանների միջոցով հարցը լուծեք»։

Դատավոր Արտուշ Գաբրելյանը մերժեց Անուշ Մխիթարյանի ներկայացրած միջնորդությունը։

«Էս աստիճանի զավեշտի ես ականատես չէի եղել, խոսեցիք այն մասին, որ մեր պաշտպանները միտումնավոր բոյկոտում են եւ տապալում նիստերը։ Մեր պաշտպանյալները չեն էլ թաքցնում, որ ակցիա են արել եւ նախորդ նիստը տապալել»,- հայտարարեց Շուշանյանը։

Մուշեղ Շուշանյանը որպես դատավորի կայացրած որոշման դեմ բողոք լքեց նիստերի դահլիճը, նրա օրինակին հետեւեց նաեւ Տիգրան Հայրապետյանը։ Դահլիճից դուրս եկավ նաեւ Արայիկ Պապիկյանը։

Դատավոր Գաբրիելյանը, ընդմիջումից հետո  նրանց նկատմամբ սանկցիա կիրառեց, ապա նիստերի դահլիճը լքեցին նաեւ դահլիճ բերված ամբաստանյալները։ Մեղադրյալներից Մանվել Աթոյանն էլ հայտարարեց, որ հրաժարվում է իր պաշտպանից, նիստը հետաձգվեց, քանի որ Մանվել Աթոյանը չուներ պաշտպան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter