HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Գոլդ» համարանիշեր ձեռք բերելու համար հայաստանցիները ծախսել են 23 մլն դոլար

Հայաստանցիները վերջին 7 տարիներին ավելի քան 23 մլն դոլար են ծախսել «գոլդ» համարանիշեր ձեռք բերելու համար: Ովքե՞ր են դրանց տերերը։ Ինչո՞ւ են մարդիկ միլիոնավոր դրամներ վճարում դրանց համար:

«Գոլդ» համարանիշը յուրահատուկ այցեքարտ է։ Երբեմն կատակով ասում են` «Ասա մեքենայիդ համարները, ասեմ՝ ով ես դու»։ Տարիներ առաջ «գոլդ» համարանիշեր հիմնականում ձեռք էին բերում ծանոթի միջոցով կամ կաշառքով, 2006 թվականին փոխվեց կարգը, եւ այն դարձավ վճարովի։ Ունենալով նման համարանիշեր` ունենում ես հստակ կարգավիճակ, հայտնվում ես «ընտրյալների» խմբում ու որոշակի «արտոնություն» ստանում։ Ճանապարհային ոստիկանները զգուշանում են նման համարանիշերով մեքենաներ կանգնեցնելուց, նույնիսկ ակնհայտ խախտումների դեպքում, որովհետեւ երբեմն նրանց համար դա կարող է ճակատագրական լինել եւ դառնալ կարիերայի ավարտ։ 

«Գոլդ» համարանիշերը ձեռք են բերում պաշտոնյաները, գործարարները կամ նրանց հարազատները։ Տարբեր պաշտոնյաներ, կարծես թե թուլություն ունեն տարբեր թվերի նկատմամբ, օրինակ` հայտնի է, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը սեր ունի 6-երի, Գագիկ Ծառուկյանը` 8-երի, Աշոտ Արսենյանը` 5-երի նկատմամբ եւ այլն։ Բայց այս համարանիշերը նրանք ձեռք էին բերել վերոհիշյալ կարգի հաստատումից առաջ։  

Լավագույն «գոլդերն» արժեն 8 մլն դրամ    

«Հետք»-ը ճանապարհային ոստիկանությունից ստացել է 5 և 8 մլն դրամ արժողությամբ համարանիշերի սերիաները և պարզել դրանց մի մասի սեփականատերերին։  Նրանք միլիոնավոր դրամներ են վճարել ընդամենը նույն տառերով և թվերով համարանիշ ունենալու համար։ 

Քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաները թանկ համարների սիրահարներ են։ Նրանք այնքան ֆինանսական միջոցներ ունեն, որ գնել են 5 և 8 մլն դրամ արժողությամբ համարանիշեր։[1]

Քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Արման Եդոյանը ճանապարհային ոստիկանությունից գնել է երկու թանկ համարանիշ։ Մեկը գնել է 8 մլն, մյուսը՝ 5 մլն դրամով։ Համարանիշերից մեկը պատկանում է  նրա հորը՝ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդգես Եդոյանին։ Քաղաքապետարանի այս պաշտոնյային են պատկանում  11 -- 111 և 11-- 111 համարանիշերը։

Արման Եդոյանի անունը բազմիցս հայտնվել է աղմկոտ պատմություններում: Մամուլի հրապարակումների համաձայն՝ նա այժմ կասկածվում է կաշառք պահանջելու մեջ։ Գործով այս պահին զբաղվում է ոստիկանությունը։

2015 թվականի սեպտեմբերի 13-ին էլ Արման Եդոյանը Ռուբինյանց փողոցում իր վարած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը մահացել է: Ինչպես «Հետք»-ին հայտնել են Քննչական կոմիտեից՝ հետիոտնը հանգիստ վազքով մուտք է գործել երթևեկելի գոտի և փորձել հատել ճանապարհը, սակայն վարորդը չի հասցրել արգելակել ավտոմեքենան և վրաերթի է ենթարկել նրան: Վրաերթի փաստով հարուցվել է քրեական գործ, սակայն հետագայում կարճվել է: Քննություն իրականացնող մարմինը որոշել է վարչության պետի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել, քանի որ նա վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել և վրաերթը պայմանավորող ճանապարհային երթևեկության կանոնների պահանջներին հակասող գործողություններ թույլ չի տվել:

Եդոյանը նախկինում աշխատել է Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում որպես առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետ, սակայն 2011 թվականին, երբ Տարոն Մարգարյանը ստանձնել է քաղաքապետի պաշտոնը, Եդոյանին իր ղեկավարած կառույցից բերել է քաղաքապետարան։ Երևանի ավագանու այս տարի հաստատած հաստիքացանկով Արման Եդոյանը որպես բաժնի պետ ամսական ստանում է 346 հազար դրամ։ Փաստորեն, ձեռք բերած մեկ համարանիշի արժեքը Եդոյանի երկու տարվա աշխատավարձն է։

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը 8 մլն դրամով ձեռք է բերել 55 -- 555 սերիայով համարանիշ։ Համարանիշն օգտագործվում է սպիտակ գույնի «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած 3 տարիների հայտարարագրերում մարզպետը նշել է, որ եկամուտները հավաքագրվել են աշխատավարձերից, որոնք 2014-ին կազմել են 2,5 միլիոն դրամ, իսկ 2015-2016 թթ.` 6,2 մլն դրամ։ Չնայած` մարզպետի դրամային և դոլարային միջոցներն այդ տարիներին «համեստ» չեն եղել։

Պատգամավորներն ու նրանց զավակները ևս հակված են թանկ համարանիշեր ձեռք բերել։ Օրինակ` 8 մլն դրամ արժողությամբ  88 -- 888 համարանիշը թեև գրանցված է Կարեն Թովմասյանի անունով, սակայն մամուլի հրապարակումների համաձայն` այդ համարանիշով ավտոմեքենա վարում է ԲՀԿ-ից ընտրված նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) որդին՝ Վարդան Կարապետյանը: Նա բազմիցս հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում` իր «Բենթլի Կոնտինենտալ 6.0» մակնիշի ավտոմեքենայով արած խախտումների պատճառով։

Ազգային ժողովի շենքի դիմաց լրատվամիջոցները նկարահանել են պատգամավորների թանկարժեք ավտոմեքենաները, որոնց շարքում ևս եղել է այս համարանիշով ավտոմեքենան։ Նշենք, որ պատգամավորն ամենաթանկ համարանիշը ձեռք է բերել այն տարում , երբ դրանց արժեքը կրկին 8 մլն դրամից սակարկվել էր 5 մլն-ի։

ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը ևս «գոլդ» համարանիշերի սիրահար է։ Պատգամավորի կնոջ՝ Կարինե Մխիթարյանի անունով է գրանցված 33 -- 333` 8 մլն դրամ արժողությամբ համարանիշը։

8 միլիոն դրամանոց հաջորդ՝ 99 -- 999 համարանիշը Սերգե Սոֆոյանին է պատկանում, որն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովհաննես Սոֆոյանի  որդին է: Սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներով՝ 23-ամյա երիտասարդը վարում է 99 -- 999  համարանիշով սև գույնի G դասի «Մերսեդես-Բենց»: Ի դեպ, Սերգե Սոֆոյանին պատկանող «Դամալա Գրուպ» ընկերությանը կառավարությունը դեկտեմբերին օտարեց ավելի քան 6300 քառ. մետր մակերեսով շենք-շինություններ և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ շուրջ 5,8 հա մակերեսով հողամաս: Ստացվում է՝ եկամուտները թաքցրած նախկին պատգամավորն ու որդին ոչ միայն այնքան միջոցներ ունեն, որ որոշել են օտարված տարածքում կոշիկի և հագուստի արտադրություն հիմնել, այլև 8 մլն դրամ արժողությամբ համարանիշ են գնել:

Հարուստները «7» և «9» թվերն են սիրում

«Հետք»-ն ունի 5 մլն (ներկայիս 8 մլն դրամ արժողությամբ) և 8 մլն դրամ արժողությամբ համարանիշերի տվյալները: Դրանցից կարելի է ենթադրել, որ 8 մլն դրամ արժողությամբ համարանիշ ձեռքբերողներն ավելի շատ նախընտրել են 9 թվերով համարանիշերը, իսկ երբ դրանց սակագինը նվազել է՝ հասնելով 5 մլն դրամի, առավել շատ գնել են «7»-երով համարանիշերը։

«Գոլդ» համարանիշ ունեցող ավտոմեքենաների սեփականատերերը հպարտանում են իրենց թանկարժեք ավտոմեքենաներով և համարանիշերով: Սոցիալական ցանցերի շքեղ ավտոմեքենաների էջերում կարելի է գտնել այդ մեքենաներով և «գոլդ» համարանիշերով հպարտացող պաշտոնյաների զավակների լուսանկարները: Այդ լուսանկարները հրապարակված են ոչ միայն նրանց սոցիալական ցանցերի անձնական էջերում, այլև այդ ցանցերի` Հայաստանի ամենաթանկ և շքեղ ավտոմեքենաները ներկայացնող էջերում:

 Հայաստանցիները «գոլդ» համարանիշերի համար ավելի քան 11 մլրդ են վճարել

Ինչպես փաստում են տվյալները՝ հայաստանցիները պատրաստ են միլիոնավոր դրամներ վճարել ավտոմեքենայի համարանիշ ձեռք բերելու համար: Տարիներ շարունակ ավտոմեքենաների «գոլդ» համարանիշերի վաճառքից ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ միլիարդավոր դրամներ են մուտքագրվել:

2010թ. հունվարից մինչև 2017թ. օգոստոսի 31-ը ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի վաճառքից գոյացել է 11 մլրդ 297 մլն դրամ կամ ավելի քան 23 մլն դոլար:

Այս գումարներով հոգացել են ճանապարհային ոստիկանության ծախսերը:

Եթե հաշվի առնենք ոստիկանության՝ 2010-ից մինչ 2017-ի օգոստոսի 31-ը մեզ փոխանցած տվյալները, ապա «գոլդ» համարանիշ ամենաշատը ձեռք է բերվել 2012 թվականին: Միայն այդ տարի «գոլդ» համարանիշերի ընդհանուր վաճառքից հավաքագրվել է  2 մլրդ 291 մլն դրամ: 2013-ը ճանապարհային ոստիկանության համար ևս բարվոք տարի է եղել: Այդ տարի ցանկալի համարանիշերի վաճառքից ստացվել է 2 մլրդ 144 մլն դրամ:

Եթե, օրինակ, համեմատենք 2010-ի և 2012-ի վաճառքի տվյալները, ապա 2012-ին այդ գումարը մոտ 7 անգամ գերազանցում է:  

Ցանկալի համարանիշերի վաճառքից հավաքագրված գումարները՝ ըստ տարիների

Ստացվում է՝ որոշ քաղաքացիներ պատրաստ են պետհամարանիշի համար վճարել այնքան, որքան արժե միջին կամ էլ դրանից բարձր գին ունեցող ավտոմեքենան: Հայաստանում այդ համարանիշերի արժեքով սոցիալապես միջին ապահովության ընտանիքը կարող է երկու տարի ապրել՝ միջինում ամսական ծախսելով  300 000 դրամ։

Հայաստանում անգամ կարող ես պետհամարանիշ գնելու համար վարկ վերցնել։ Ունիվերսալ վարկային կազմակերպություններից մեկը առաջարկում է 100.000-1.500.000 մլն դրամ արժողությամբ վարկեր: Տրամադրվող վարկի չափը կախված է վարկ վերցնողի աշխատավարձի չափից: Ինչպես հայտնեցին վարկային կազմակերպությունից, պետհամարանիշի համար տրվող վարկը ձևակերպվում է որպես սպառողական վարկ։ Վարկը տրվում է աշխատավարձի եռապատիկի կամ վեցապատիկի չափով՝ կախված նրանից` աշխատավարձը վարկատուն ստանում է առձե՞ռն, թե՞ քարտով։ Քարտով ստանալու դեպքում վարկի տրամադրման առավելագույն չափը աշխատավարձի վեցապատիկն է։

50 համարանիշի վաճառքից՝ 319 մլն դրամ

Ինչպես վերևում նշեցինք՝ ամենաթանկ պետհամարանիշն արժե 8 մլն դրամ, եթե համարանիշում համընկնում են նույն տառային և թվային միավորները։  8 մլն-ը ավելի քան 16 հազար դոլար է:

2012թ. ապրիլի 3-ից` միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի՝ ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրի, ներդրման և կիրառման օրվանից մինչև մայիս՝ 8 մլն դրամանոց 23 համարանիշ է վաճառվել: Այսինքն՝ 6 տարվա ընթացքում միայն 8 մլն դրամ արժողությամբ համարանիշի վաճառքից հավաքագրվել է 184 մլն դրամ կամ մոտ 380 հազար դոլար:

2016 թվականի նոյեմբերի 8-ին ոստիկապետը որոշել էր 8 մլն դրամ արժողությամբ համարանիշի գինը նվազեցնել մինչեւ 5 մլն դրամ։ Այդ ժամանակ 5 մլն դրամանոց ավելի շատ՝ 27 զույգ համարանիշ է վաճառվել՝ ճանապարհային ոստիկանության արտաբյուջե մուտքագրելով 135 մլն դրամ: 

2012-ից մինչ օրս ամենաշատը պահանջարկ ունեցել են 1,2 մլն դրամ արժողությամբ համարանիշերը: 2017թ. սեպտեմբեր ամսվա տվյալներով՝ այդ արժեքով 447 համարանիշ է վաճառվել: Մեծ է եղել նաև 1,5 մլն դրամ արժողությամբ համարանիշերի պահանջարկը: Հանրապետությունում այդ արժեքի 342 համարանիշ կա:

Բարձր արժեք ունեցող վաճառված «գոլդ» համարանիշերը
Infogram

Համարանիշերի գները նվազեցին և կրկին աճեցին

Ցանկալի պետհամարանիշերը տրամադրվում են կառավարության որոշումների հիման վրա: Օրինակ՝ 2007 թվականի նոյեմբերի 8-ին ընդունված, իսկ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին լրացումների և փոփոխությունների ենթարկված որոշումը սահմանում է, որ տրանսպորտային միջոցների ցանկալի համարանիշերը տրամադրվում են 36 000 վճարի դիմաց, իսկ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի համար վարորդները պետք է վճարեն 60 000-8 000 000 դրամ:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահավոման մասին» օրենքով սահմանված է՝ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը պետության սեփականությունն է:

Ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող որոշ համարանիշերի հատկացման գները ոստիկանության պետ Վովա Գասպարյանի որոշմամբ 2016թ. նոյեմբերի 14-ից նվազել էին, որոշումը կրկին փոփոխվել է` սակագները բարձրացվել են, և նորից շրջանառության մեջ են դրվել 8 մլն դրամ արժողությամբ համարանիշերը:

Հ.Գ. Թեեւ ավտոմեքենաների լուսանկարները վերցրել ենք սոցիալական ցանցերից եւ համացանցային բաց աղբյուրներից, սակայն հաշվի առնելով, որ դրանք անձնական տվյալներ են, համարանիշերի տառային տվյալները ծածկել ենք:


[1] Ուղղում (22 հունվար 2018). հոդվածում փոփոխություն է կատարվել: Մասնավորապես՝ գրել էինք, որ «Տարոն Մարգարյանի օգնական Արմեն Բունիաթյանի որդին՝ 25-ամյա Արման Բունիաթյանը, վարում է «Toyota» մակնիշի ավտոմեքենա՝ 8 մլն դրամ արժողությամբ 11-- 111 համարանիշով»։ Իրականում նշված մեքենան պատկանում է ոչ թե քաղաքապետի օգնական Արմեն Բունիաթյանի որդուն, այլ բոլորովին այլ Արման Բունիաթյանի: Այս անճշտության համար հայցում ենք Արմեն Բունիաթյանի եւ ընթերցողների ներողամտությունը:

Մեկնաբանություններ (3)

a Finn
They are like big children. It is a pity that someone who has money has no imagination to find more creative ways to spend it.
Josef Biciste
Crazy! Invest in armenian agriculture, you can support military, buy new military hardware, etc, simply support Armenia.
Սիմոն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Սքաբչելի՜ է, հրաշալի, տխմարությունը և սնափառությունը վերջապես մի օգուտ կտան մեր երկրին: Պետք է անհապաղ ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ գոլդ համարների արժեքը, իսկ որոշ ժամանակ անց եռապատկել: Փող կտան կառնեն այդ ապուշները: Իսկ ինչու միաոյն ԳՈԼԴ, պետք է ստեղծե՛ նաև ՊԼԱՏԻՆ համարներ, ինչպեսև ԴԻԱՄԱՆՏ, ասել է թե ԱԴԱՄԱՆԴ համարներ, որի արժեքը կլինի 100 միլիոն դրամ... Վստահ եղեք, կառնեն, թալանված փողերը վերադարձնելու օրինական ճանապարհ է սա, ուրեմն, մի հապաղեք, այս համարները թանկացրեք, ոչ թե գազն ու ջուրը, իսկ ԳՈԼԴի հասույթը տվեք բանակին, այլ ոչ թե ողորմելի 1000 դրամները...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter