HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանն այցելել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին ու 2018 թ. անելիքներին, փոխանցում է գործադիրի պաշտոնական կայքը:

Նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցել է, որ հաշվետու տարում նախարարության գործունեությունն իրականացվել է 3 հիմնական ուղղությամբ, որից առաջինն իրականացվող բյուջետային ծրագրերի ծախսարդյունավետության բարձրացումն է եղել. ՀՀ 2017 թ. պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել է 408.9 մլրդ դրամ (պետբյուջեի ընդհանուր ծախսերի 30.1 տոկոս), 91 ծախսային ծրագրի գծով փաստացի ֆինանսավորումը կազմել է 365 մլրդ դրամ: Ծախսարդյունավետության բարձրացումը կազմել է շուրջ 8.5 մլրդ դրամ, որից 1.7 մլրդ դրամն ուղղվել է օբյեկտիվ անհրաժեշտությամբ պայմանավորված որոշակի ծրագրերի ֆինանսավորմանը, իսկ շուրջ 6.8 մլրդ դրամը՝ կառավարության պահուստային ֆոնդի միջոցով իրականացվելիք այդ ծախսային ծրագրերի ուղղություններին: Նախարարի խոսքով՝ 2-րդ ուղղությունն իրականացվող ծրագրերի հասցեականության մակարդակի բարձրացումն է, և այս առումով կատարված աշխատանքը ցույց է տալիս, որ բնակչության խոցելի խմբերին, ծայրահեղ աղքատության և աղքատության կրճատմանն ուղղված ծրագրերը շարունակական կատարելագործման կարիք ունեն՝ թե´ մոնիթորինգի ու գնահատման համակարգի, թե´ պարամետրերի բարելավման միջոցով: 3-րդ ուղղությունը քաղաքացիներին մատուցվող սոցիալական ծառայությունների որակի և մատչելիության բարելավումն է՝ դրանք առաջին հերթին պայմանավորելով գնահատված կարիքներով: Ա.Ասատրյանը նշել է, որ աշխատանքները շարունակական բնույթ են կրել, ներդրվել են առցանց ծառայություններ, իրականացվել է տեղեկատվության թվայնացում: 

Նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը զեկուցել է, որ 2017 թ. արմատապես փոխվել է հաշմանդամի սայլակների և լսողական սարքերի տրամադրման ընթացակարգը. այժմ անձը պետական հավաստագրերի միջոցով կարող է ձեռք բերել իր անհատական կարիքներին և առանձնահատկություններին համապատասխան հաշմանդամի սայլակ կամ լսողական սարք: Ֆինանսական տեսանկյունից ներդրվել է որոշակի բոնուսային համակարգ, որպեսզի շահառուն իր կողմից օգտագործվող պարագան ավելի արդյունավետ և խնայողաբար օգտագործի: Բարեփոխումների արդյունքում ակնկալվում է տարեկան ունենալ 25 տոկոս տնտեսում: 

Նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը մանրամասներ է ներկայացրել ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման և սոցիալական դեպքի վարման գործառնական հենքի ձևավորման գործընթացների վերաբերյալ: Նրա խոսքով՝ վերանայվել է ընտանիքների անապահովության գնահատման կարգը: Քննարկման փուլում է սոցիալական աշխատանքի մասին օրենքի նախագիծը, որը պետք է սահմանի սոցիալական աշխատանքի ինստիտուտի ձևավորման իրավական հիմքերը:
Վարչապետ Կարապետյանը նշել է, որ յուրաքանչյուր ծրագիր պետք է հստակ ձևակերպված խնդիր ունենա, և այդ առումով սոցիալական աշխատանքի համակարգի ինստիտուցիոնալացումը պետք է որակական փոփոխություն և կոնկրետ արդյունք ապահովի ոլորտում, այլապես դա ինքնանպատակ գործողություն կարող է դառնալ: 

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը զեկուցել է, որ հաշվետու տարում կենսաթոշակային ապահովության ոլորտում իրականացված միջոցառումներն ուղղված են եղել առցանց մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնմանը: 2017 թ. հունվարից ներդրվել է 1-ին և 2-րդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի դիմումի առցանց համակարգը, որը հնարավորություն է տալիս ծնողին, առանց տանից դուրս գալու, առցանց եղանակով դիմել և ստանալ նպաստի գումարը: 2018 թ. հունվարից կներդրվի 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, ինչպես նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի համար առցանց դիմելու համակարգը: Գործարկվում է աշխատանքային գրքույկների հաշվառումը և առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու համար էլեկտրոնային լուսապատճենների ստեղծումն ապահովող տեղեկատվական ենթահամակարգը: ՍԱՊԾ պետի խոսքով՝ 2018 թ. մատուցվող 17 ծառայությունից նախատեսվում է առցանց դարձնել 4-5-ը: 

Վարչապետը, կարևորելով առցանց մատուցվող սոցիալական ծառայությունների շրջանակի ընդլայնումը, հանձնարարել է էլ ավելի ակտիվ աշխատել այդ ուղղությամբ և դիտարկել ընթացիկ տարում ոչ թե 4-5, այլ ավելի մեծ թվով ծառայությունների համար էլեկտրոնային հարթակների ստեղծման հնարավորությունները:

Շարունակվել է բնակչության սոցպաշտպանության հաստատությունների՝ մանկատների, երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների վերակազմակերպումը երեխաների խնամքի ցերեկային կենտրոնների, որտեղ ծառայություններ են մատուցվում նաև հաշմանդամ երեխաների համար: Համակարգի 6 մանկատանը կազմակերպվել է առանց ծնողական խնամքի մնացած շուրջ 620 երեխայի խնամքը: Երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու ծրագրի շրջանակում Լոռու և Շիրակի մարզերում կենսաբանական ընտանիք է վերադարձել 40 երեխա, կանխարգելվել է 60 երեխայի մուտքը հաստատություններ:

Մեկնաբանություններ (1)

Tigran
Այս հանդիպումը հավաստում է այն մասին, որ այդ նախարարությունը իր անելիքը չի տեսնում զբաղվածության ոլորտում, դրա համար էլ ոչ մի ինֆորմացիա դրա մասին ու դրա համար էնտեղ հավայի փող ստացողներ կան,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter