HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի տնտեսության 2017թ. իրավիճակային գնահատում, հիմնական ազդեցության գործոններ. 2018թ.-ից կարևոր սպասելիքներ

Գագիկ Մակարյան

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ

ՄԱՀՀԻ գործընկեր

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ՀՀ 2017թ. սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշների վերաբերյալ ստացված արդյունքների հասանելիությունը սույն հոդվածում փորձել ենք ներկայացնել 7 հիմնական բլոկներում: Այդ բլոկները ներդաշնակեցված են ՀՀ Կառավարության 2017-2022թթ. հնգամյա ծրագրի հիմնական դրույթներին և ամփոփված են հետևյալ կերպ՝

Բլոկ 1. Ներքին խնդիրների լուծում, հասարակական բարեկեցություն: Ընտանիքի կյանքի որակ և ապագա սերնդի արժանապատիվ ապրելու հեռանկարները՝ ներառյալ կրթություն, առողջապահություն և զբաղվածության մատչելիություն:

Բլոկ 2. Հայաստանի անվտանգության համատեքստում բնական պաշարների արդյունավետ և թափանցիկ օգտագործումը:

Բլոկ 3. Էներգետիկ անվտանգությունը:

Բլոկ 4. Երկրի զարգացման գաղափարական հիմքը՝ «խելացիի» գաղափարը: Մրցունակ տնտեսությունը պետք է զարգանա աշխարհում մրցունակ, բարձր որակավորում ունեցող, կիրթ, մոտիվացված և շարունակական աշխատուժով:

Բլոկ 5. Հանրային ծառայությունների որակը և մատուցվող ծառայությունների արժեքը:

Բլոկ 6. Համայնքները և զարգացման ծրագրերը: Սեփական եկամուտների մասնաբաժնի ավելացումը տեղական բյուջեներում:

Բլոկ 7. Ստվերային տնտեսության իրավիճակը ՀՀ-ում և նվազման ուղիները, ստացված ցուցանիշները:

ԲԼՈԿ 1. ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ

Հասարակական բարեկեցության և արժանապատիվ աշխատանք ու զբաղվածություն ապահովելու համար անհրաժեշտ է ձևավորել եկամտի բաշխման ավելի հավասար հնարավորություններ: Հասարակության սոցիալական բևեռվածության և եկամտային անհավասար բարձր մակարդակը ՀՀ-ում արտահայտված է բնակչության աղքատության պաշտոնական բարձր ցուցանիշներում՝ շուրջ 29.4%:

ՀՀ-ում ընդհանուր բնակչության առաջին 10%-ը տիրապետում է ունեցվածքի մոտ 70%-ին, իսկ բնակչության մոտ 40%-ը՝ ընդամենը 2%-ին: Բացի այդ դեռևս բարձր մակարդակ է կազմում գործազրկությունը՝ մոտ 18%:

Այս 2 ցուցանիշներով (աղքատություն և գործազրկություն) ՀՀ-ը երկրների փոքր և մեծ տարածաշրջաններում գրավում է առաջին տեղը: ՀՀ Կառավարության ջանքերը, ուղղված լինելով ստվերի կրճատմանը, գործարար միջավայրի բարելավմանը և այլ դրական բարեփոխումների, հանգեցրել են այն բանին, որ ավելացել է շուկայում ակտիվ գործող ձեռնարկությունների թվաքանակը, աճել է զբաղվածների թիվը մասնավոր հատվածում: Վերջինս նաև տեղի է ունեցել ստվերային աշխատուժի կրճատման շնորհիվ, որի արդյունքում աճել է պաշտոնական զբաղվածների թվաքանակը:

Ուրախությամբ պետք է նշենք, որ 2017թ. գործազրկության արդյունքներն ամփոփելու դեպքում, մեր նախնական գնահատականներով, այն կարող է նվազել մինչև 1-2%-ի չափով՝ դառնալով 17% կամ նույնիսկ 16% ներկայիս 18%-ի փոխարեն: Որպեսզի կարճ ժամանակահատվածում տեղի ունենա աղքատության և գործազրկության էական կրճատում, անհրաժեշտ են տնտեսական զարգացման երկնիշ թվեր ապահովել կամ զբաղվածության հրատապ գործողություններ իրականացնել՝  հիմնված որոշ ճյուղերի արագ զարգացման վրա, ինչպիսին են, օրինակ, գյուղատնտեսությունը, տուրիզմը, հավաքման արտադրությունները (հիմնված ներմուծվող բաղադրիչների վրա):

Նախորդ տարիների փորձը, երկնիշ տնտեսական աճի պայմաններում, ցույց է տալիս, որ դա լրիվ հնարավոր է: Օրինակ 2002-2008թթ. ընթացքում համախառն ներքին արդյունքի աճը միջինով կազմել է ավելի քան 10%, և այդ պարագայում գործազրկության 2005թ. 32% մակարդակը 2008թ. իջել է մոտ 17%:

ՀՀ տնտեսական աճը խիստ նվազել է համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի արդյունքում, ՀՆԱ աճը խիստ նվազել է՝ հասնելով -14,6%-ի 2010թ., այնուհետև այն, նորից դրական աճելով, միջինով 2010-2016թթ. համար կազմել է 3,4%: Այս պայմաններում գործազրկությունն աճելով այդ ժամանակաշրջանի համար կազմել է 18%, և միայն 2017թ. գուցե մասամբ նվազի, ինչպես նշել ենք վերևում: Նույն կերպ գործազրկությունը երիտասարդների շրջանում, եթե 2002թ. կազմել է մոտ 66%, այնուհետև 2008թ.՝ 37%, և ճգնաժամի հետևանքով աճել է՝ դառնալով 41%, հետո նվազել է չնչին՝ պայմանավորված հետագա տարիների ընթացքում (միջինը 35%) փոքր տնտեսական աճով և 2016թ. կազմել է շուրջ 32%:

Մյուս կողմից կարևոր խնդիր է հանդիսանում այն հանգամանքը, որ ՀՀ-ում բացակայում է մակրոտնտեսական զարգացման իրական ծրագիրը: Առկա է ՀՀ 2014-2025թթ. համար զարգացման ռազմավարությունը, որը չի ներառում բոլոր անհրաժեշտ բաղադրիչները տնտեսության զարգացման տեսանկյունից, որի շնորհիվ կբարելավվեր սոցիալական վիճակը: Այն չի ներառում ֆիսկալ և արժութային քաղաքականությունների այնպիսի ռազմավարություն, որը կխթաներ տնտեսական աճը որոշ ճյուղերում և կստեղծեր գործազրկության արագ նվազման պայմաններ և աղքատության կտրուկ անկում: Նշված ռազմավարությունում աղքատության անկումը հաշվարկված է տարեկան մինչև 2%, որը 10 տարում պետք է մոտ 32%-ից (2013թ. վիճակով) 2025թ. նվազելով դառնա 14%: Սակայն տարիների ցուցանիշը և նաև այն հանգամանքը, որ 2018թ. հնարավոր է պահպանվի գների բարձր մակարդակը (2017թ. գնաճով պայմանավորված), ստացվում է, որ այդ ցուցանիշի վրա ռազմավարությունը դեռևս չի կարողանում ազդել, իսկ արդեն 2017թ. միջինով տարեկան 2% նվազելու դեպքում 8%-ով այն պետք է լիներ ցածր, և 2017թ. այն արդեն պետք է կազմեր 24%-ին մոտ: Սակայն դա տեղի չի ունեցել:

Այսպիսով, ՀՀ Կառավարության 2014-2025թթ. ռազմավարության և ՀՀ Կառավարության 2017-2022թթ. հնգամյա ծրագրի փոխազդեցության արդյունքում, միևնույն է, աղքատության մակարդակը չի նվազել: Դա ցույց է տալիս, որ ՀՀ Կառավարության մշակվող և հաստատվող տարբեր ծրագրերն իրենց հաշվարկներում չեն կարողանում ներառել իրական խոչընդոտները և առկա ռիսկերը: Ստացվում է, որ զուտ լավատեսական տրամադրությունների վրա հաճախ ձևավորվող ծավալուն փաստաթղթերն (օրինակ 2014-2025թթ. ռազմավարությունը կազմում է 216 էջ) առաջացնում են խաբուսիկ իրավիճակներ, իսկ դրանց հիման վրա մշակվող գործողությունների պլաններն էական փոփոխություն չեն առաջացնում սոցիալ-տնտեսական ցուցանիշների վրա:

Ամփոփելով այս բլոկը՝ կարող ենք ասել, որ հասարակական բարեկեցության տեսանկյունից էական փոփոխություններ տեղի չեն ունեցել 2017թ. ընթացքում: Չնայած դրան ստեղծվել են դրական պայմաններ, որոնք 2018թ. կլինեն տեսանելի:

ԲԼՈԿ 2. ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

ՀՀ անվտանգության համատեքստում բնական պաշարների արդյունավետ և թափանցիկ օգտագործման տեսանկյունից ՀՀ-ը հարում է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացներին: Համաձայն այդ նպատակների՝ դեռևս հստակ չեն կարգավորված  «անօրինական, չգրանցված և չկարգավորված» ձկնորսության դեմ պայքարում իրավական գործիքների օգտագործումը, «վատթարացված հողի համամասնությունը», «անտառների կայուն կառավարման նկատմամբ առաջընթացը» և այլն:

Ցածր մակարդակի վրա է գտնվում թափոնների կառավարումը և դրանց վերամշակումը կամ թափոնների վրա հիմնված արտադրությունների զարգացումը: Դրա հետ մեկտեղ, չնայած այն բանին, որ ՀՀ-ն օգտվում է Եվրամիության կողմից տրամադրված «Արտոնությունների ընդհանրացված համակարգ պլյուս (GSP+)» համաձայնագրից, այնուամենայնիվ, միջազգային 27 կոնվենցիաների պահանջները լիարժեք չեն կատարվում, այդ թվում 27-ից այն 12 կոնվենցիաների պահանջները, որոնք վերաբերում են շրջակա միջավայրի պաշտպանությանը և բիոսֆերային: Այս հարցերի կարգավորումը, անշուշտ, 2018-2022թթ. ընթացքում կխթանվի ԵՄ-ի հետ 2017թ. նոյեմբերին ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» շրջանակում:

Այնուամենայնիվ, մինչ օրս շարունակվում է հանուն բիզնեսի և հանուն արտահանման, բնապաշտպանության պահանջների որոշակի անտեսումը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ այն զոհաբերված է:

Այսպիսով, ամփոփելով պետք է նշենք, որ բլոկ 2-ի շրջանակներում կան էական հաջողություններ, սակայն նվազ են և՛ նորմատիվ փաստաթղթերի պահանջների խստացումը, և՛ կատարված բարեփոխումները 2017թ. ընթացքում. դեռևս նկատելի դրական փոփոխություններ քիչ են արձանագրվել:

ԲԼՈԿ 3. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ում էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար ավանդական աղբյուրներից բացի արագորեն սկսվել է այլընտրանքային էներգիայի աղբյուրների գործարկումը, հատկապես արևային կայանների կառուցման ճանապարհով: Բացի այդ լուրջ ֆինանսական ներդրումներ են կատարվում «Հայկական էլեկտրական ցանցեր»-ի համակարգում: Բանակցային գործընթացներում են գտնվում այլ աղբյուրների ստեղծման ծրագրերը (խոշոր ՀԷԿ-եր կամ ատոմակայան, ՋԷԿ):

Այսպիսով, ՀՀ-ն ինքնաբավ էներգետիկ համակարգ ձևավորելու ստույգ գործընթացների փուլում է գտնվում: Որոշակի արդյունքներ առկա են արդեն, սակայն դրանք խթանելու անհրաժեշտությունը մնում է բարձր, և դրանք հատկապես կարևոր են տեղական մրցութային ծրագրերի շրջանակում նոր՝ տեղական և օտարերկրյա ներդրողներ ներգրավելու համար:

ԲԼՈԿ 4. ԵՐԿՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԻՄՔ

Երկրի զարգացման գաղափարական հիմքը հատկապես «խելացիի» գաղափարի և մրցունակ տնտեսություն ձևավորելու ճանապարհով շատ կարևոր է ՀՀ տնտեսության համար: ՀՀ-ը տարածաշրջանում իր մրցունակությունը և ներդրումային գրավչությունը կարող է բարձրացնել մրցունակ, բարձր որակավորում ունեցող, կիրթ աշխատուժի հիման վրա: Դրա շնորհիվ առաջին հերթին կարող է բարձրանալ աշխատուժի արտադրողականությունը, որի շնորհիվ իր հերթին բավականաչափ կաճի ձեռնարկությունների արդյունավետությունը և գլոբալ շուկայում նրանց մրցունակությունը:

Սակայն վերջին տարիների ընթացքում տնտեսության արագ զարգացող որոշ ճյուղերի պայմաններում էլ ավելի նկատելի է դառնում որակյալ աշխատուժի պակասը: Դա հիմնականում պայմանավորված է ապրանքների և ծառայությունների շուկայի և դրանցով պայմանավորված աշխատաշուկայի պահանջներին չտիրապետելու, կրթական հաստատությունների կողմից այդ պահանջներին հետամուտ լինելու մոտիվացիայի ցածր մակարդակով: Թե՛ միջին մասնագիտական և նախնական մասնագիտական կրթությունը, թե՛ բարձրագույն կրթական համակարգը ներկայումս քիչ են բավարարում աշխատաշուկայի պահանջներին: Կրթական համակարգում կրթությունը հիմնականում իրականացվում է աշխատաշուկայում չպահանջված մասնագիտություններով: Սովորողների մասնագիտությունները և թվաքանակը չեն համապատասխանում տնտեսության գերակա ճյուղերի զարգացմանը և դինամիկային, գերակշռում են հումանիտար մասնագիտությունները, դասախոսների և այլ աշխատողների թվաքանակն ուռճացված է: Օրինակ 25 արհեստակցական հաստատությունում սովորում է 6.500 ուսանող, և միայն դասախոսների թվաքանակը կազմում է 870: Թվով 70 քոլեջներում սովորում է 23.000 ուսանող, և աշխատում է 3.800 դասախոս: Այսինքն ընդհանուր 29.500 ուսանողի ՄԿՈՒ համակարգում բաժին է ընկնում 4.570 դասախոս, չհաշված մյուս աշխատողները: Ստացվում է միջինով 6 ուսանողին բաժին է ընկնում մեկ դասախոս, որը շատ ուռճացված թիվ է: Նույնպիսի իրավիճակ է տիրում բուհական համակարգում փոքր-ինչ համահունչ թվաքանակով, դրան գումարած ուռճացված վարչական աշխատակազմը:

Կրթական համակարգին տարեկան տրամադրվում է շուրջ 250 միլիոն դոլար գումար պետական բյուջեից, տարեկան մոտ 50 միլիոն դոլարի չափով սովորողները վճարում են համակարգին, 20 միլիոն դոլար տրամադրում են գործատուները և դոնորները: Չնայած դրան՝ ծախսվող շուրջ 320 միլիոն դոլարի դիմաց ուսուցանվողները չեն ստանում բավականաչափ տեսական և գործնական գիտելիքներ ու բավարար հմտություններ, իսկ գործատուներն էլ չեն ստանում անհրաժեշտ մասնագետներ և աշխատողներ:

Կրթության նախարարությունը տարիներ շարունակ չի կարողացել էականորեն բարելավել դասախոսական անձնակազմը, կրթական ծրագրերի բովանդակությունը, չափորոշիչները և դանդաղ է իրականացնում գործնական ուսուցման համար ենթակառուցվածքների ստեղծումը: Բացի այդ իր առաքելությունը և նպատակներն իրականացնելու համար թույլ են կիրառվում անհրաժեշտ լծակները:

ՄԿՈՒ և բարձրագույն ուսումնական հաստատություններում կոմերցիոն հետաքրքրությունների շրջանակում ուսուցումն իրականացվում է հնչեղ և խաբուսիկ անուններով մասնագիտություններով: Պետական պատվերների համակարգն ուռճացված է և չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին: ՄԿՈՒ համակարգում սովորողների միայն 14%-ն է սովորում տնտեսական անհրաժեշտ ճյուղերի գծով, իսկ շուրջ 50%-ը՝ հումանիտար մասնագիտություններով: Նույն վիճակը տիրում է բուհական համակարգում: Ուսանողների ընդհանուր թվի 73,5%-ը սովորում է բարձրագույն ուսումնական հաստատություններում, բայց զբաղվածների միայն 29,1%-ն ունի բարձրագույն կրթություն: Գործատուների 72,7%-ը գոհ չի շրջանավարտների գործնական հմտություններից: Աշխատողների միայն փոքր թվաքանակն (շուրջ 19%) ունի իր որակավորմանը համապատասխան աշխատանք: Գործատուներն արդեն ձգտում են ինքնուրույն լուծել կադրերի խնդիրը և վերջին շրջանում այլևս առանձնապես չեն արժևորում աշխատանք փնտրողների ֆորմալ կրթությունը, և դիպլոմը սովորաբար չի օգնում նրանց:

Այսպիսով, կրթական ներկայիս համակարգը թույլ է և առանձնապես չի համապատասխանում շուկայի պահանջներին, չի նպաստում երիտասարդների մրցունակության բարձրացմանը և նրանց զբաղվածության խթանմանը: Դա նաև պատճառ է, որ տարիներ շարունակ գործազրկությունը երիտասարդների շրջանում շարունակում է մնալ բարձր՝ շուրջ 32%:

Այսպիսով, ամփոփելով կարող ենք եզրակացնել, որ կրթության բնագավառում 2017թ. ձեռք բերված հաջողությունները դեռևս քիչ են, չնայած ՀՀ Կառավարության մշակած տարբեր հայեցակարգերին և նոր ռազմավարություններին: Այդ փաստաթղթերը պետք է արդյունավետ գործողությունների պլան ձևավորելու հնարավորություն ընձեռեն, որոնց շնորհիվ կստացվեն կոնկրետ արդյունքներ, հակառակ դեպքում էական առաջընթաց չի լինի:

ԲԼՈԿ 5. ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿ ԵՎ ԱՐԺԵՔ

Հանրային ծառայությունների որակը և մատուցվող ծառայությունների արժեքը բարելավելու նպատակով ՀՀ Կառավարությունը 2017թ. ընթացքում իրականացրել է տարբեր միջոցառումներ և կայացրել մի քանի կարևոր որոշումներ: Դրանք ուղղված են եղել պետական մարմինների պատասխանատվության բարձրացմանը, պետական ապարատի կրճատմանը, ավելորդ վարչարարության նվազմանը, պետական ծառայությունների որակի բարձրացմանը և տեսչական բարեփոխումներին: Առանցքային նշանակություն ունի մասնավոր հատված-պետական կառույցներ երկխոսության խթանումը: Չնայած կատարված դրական աշխատանքներին՝ դեռևս բարելավման կարիք ունեն մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են ձեռնարկությունների կայուն զարգացմանը: Դրանց թվում ավելի ազդեցիկ են հետևյալ 7-ը՝

  1. լավ կառավարումը,

  2. կրթությունը, ուսուցանումը և ցկյանս ուսումնառությունը,

  3. նպաստավոր իրավական և կանոնակարգվող միջավայրը,

  4. ֆինանսական ծառայությունների մատչելիությունը,

  5. արդար մրցակցությունը,

  6. առևտուրը և կայուն տնտեսական ինտեգրումը,

  7. ենթակառուցվածքը (էներգետիկ ոլորտի վրա կենտրոնացմամբ):

Ներկայացված 7 խնդիրները բացահայտվել են մեր Միության կողմից կատարված բազմակողմանի վերլուծության արդյունքում՝ 2016-2017թթ. ընթացքում:

Դրանց կարգավորման համար Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից մշակվել և հրատարակվել է Միության ռազմավարական դիրքորոշումը, որը ներառում է խնդիրների լուծման շուրջ 45 առաջարկություններ: Դրանք ներառում են ստվերի և կոռուպցիայի դեմ պայքարի, գործարար միջավայրի բարելավման և արդար մրցակցության ու կրթության վերաբերյալ կարգավորման առաջարկություններ: Բացի այդ առաջարկները ներառում են առևտրի և ենթակառուցվածքների խնդիրները նույնպես:

Քանի որ կոռումպացված վճարներն արագ ծառայություններ ստանալու նպատակով ազդում են գործող ընկերությունների վրա, անհրաժեշտ է, որ ՀՀ Կառավարությունն ուշադրություն դարձնի նաև բիզնես շահերը ներկայացնող կազմակերպություններին օրենքների մշակման գործընթացներում ընդգրկելուն: Այն նաև պետք է ուժգնացնի կոռուպցիայի դեմ պայքարը տեսչական բարեփոխումներում՝ ընդգրկելով մասնավոր սեկտորը ներկայացնող կազմակերպություններին և ձևավորի հզոր ինստիտուտներ կոռուպցիայի դեմ պայքարի համար: Այդ առումով էական նշանակություն ունեն ճիշտ տեղեկատվության տրամադրումը, կրթությունը, ինչպես նաև պետական միջոցների ծախսերի արդյունավետ վերահսկումը և մոնիտորինգը, հետգնումների ժամանակաշրջանում մոնիտորինգի իրականացումը:

Երկրորդ կարևոր հնարավորությունն արդար, կայուն, հակիրճ և բոլորի համար հավասար օրենսդրություն ունենալն է, որը չի առաջացնի լրացուցիչ խոչընդոտներ բիզնեսի համար:

Հարկային դրույքաչափերը չպետք է ավելի բարձր լինեն, քան գործարարներին և հասարակությանն ուղղված որակյալ ծառայությունների մատուցման արժեքը:

Անհրաժեշտ է նաև նվազեցնել կարգավորող մարմինների թիվը, և նպաստավոր միջավայրի ստեղծումը պետք է զերծ լինի մենաշնորհային գործելաոճից:

Կայուն ձեռնարկությունների ապահովման համար անհրաժեշտ է, որ ՀՀ Կառավարությունը և Կենտրոնական բանկն առաջարկեն այնպիսի ֆինանսական ապրանքներ (ծառայություններ), որոնք հարմարեցված են բիզնեսին:

Աշխատուժի մասնակցության համար ՀՀ Կառավարությունը պետք է ջանքեր գործադրի, որպեսզի ուսումնական ծրագրերում տեսական և գործնական բովանդակության միջև լինի ավելի լավ հավասարակշռություն և ավելացվի աշխատանքի վրա հիմնված ուսուցման հնարավորությունները: Պետք է առավել ամրապնդվի գործատուների դերն ու նշանակությունը կրթական համակարգի բարեփոխումներում: Կրթական համակարգում գործատուների վճարված հարկերը ՀՀ Կրթության և գիտության նախարարության միջոցով պետք է օգտագործվեն առավելապես աշխատաշուկայի պահանջներով՝ կրթություն ապահովելու նպատակով:

Անհրաժեշտ է, որպեսզի արտաքին առևտրի խթանման համար պետական խթանիչ նախաձեռնությունների մասին տեղեկատվությունը լինի որակյալ և հասկանալի: Պետք է շարունակվեն կարճ ժամանակահատվածում փաստաթղթերի ձևակերպմանը, փաստաթղթերի ավելորդ քանակի նվազեցմանը և էլեկտրոնային փաստաթղթավորման համակարգերի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործառույթները:

ԲԼՈԿ 6. ՀԱՄԱՅՆՔՆԵՐ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՀՀ համայնքների բյուջեները տարիներ շարունակ ձևավորվել են պետական դոտացիաների հիման վրա և շատ քիչ են եղել տեղական եկամուտներով պայմանավորված: Ստացվել է այնպես, որ համայնքների ղեկավարների և ավագանու ընտրությունները հաճախ կատարվել են ոչ թե մրցակցային փաստերի և մրցունակ ընտրական ծրագրերի հիման վրա, այլ քաղաքական, տոհմի մեծությամբ պայմանավորված կամ այլ ազդեցիկ գործոնների պայմաններում: Արդյունքում տեղական կառավարման մարմինների գործունեությունը մեծամասամբ պայմանավորված է եղել պետական դոտացիաներով, և դա իր հերթին համայնքների ղեկավարներին դրել է առավել կախվածության մեջ, և նրանք դարձել են ենթականեր, այլ ոչ թե տեղական կառավարման անկախ մարմիններ, որոնք ընտրվել են: Մյուս կողմից «ընտրված» ղեկավարների խիստ զգալի մասն ի սկզբանե չուներ կամ ընթացքում կորցրել է համայնքում լրացուցիչ եկամուտների աղբյուրներ ձևավորելու իր մոտիվացիան:

Ներկայիս Կառավարությունը տարբեր հանդիպումների և քննարկումների շրջանակում մշտապես հորդորել է համայնքների ղեկավարությանը ներկայացնել սոցիալ-տնտեսական զարգացման իրատեսական ծրագրեր կամ առաջարկներ իրենց համայնքների զարգացման, առկա խնդիրների կարգավորման և լրացուցիչ եկամուտներ ստանալու տեսանկյունից:

Սակայն մշակված ծրագրերի միայն փոքր թվաքանակն է արժանացել ՀՀ Կառավարության հավանությանը, քանի որ ծրագրերի մեծ մասը մշակված չի եղել իրական տվյալների հիման վրա և իր բովանդակությամբ ու սպասվելիք արդյունքներով չի եղել չափելի ու մրցունակ հետագա ֆինանսավորման կամ աջակցության համար:

Համայնքների մեծ մասը չունի տվյալների հավաքման, վերլուծման և ծրագրեր մշակելու փորձառություն և մասնագետներ: Համայնքների ուռճացված աշխատակազմերում ընդգրկված են մարդիկ կամ պաշտոններ, որոնք առավել ծախսող են, քան ստեղծող: Մյուս կողմից համապատասխան լիազոր մարմինները՝ ոլորտային գերատեսչությունները, թե՛ նախկինում և թե՛ ներկայումս առանձնապես ընդգրկված չեն իրենց լիազորությունների շրջանակում միջամտելու, ուղղորդելու և օգնելու համայնքներում այդ ծրագրի մշակման գործընթացներին: Ոլորտային գերատեսչությունները պատասխանատվություն են կրում տվյալ ոլորտի զարգացման համար ամբողջ հանրապետությունում, որը ներառում է նաև գյուղական, քաղաքային համայնքներն անկախ դրանց մեծությունից և մարզից: Հետևաբար ՀՀ կառավարության հանձնարարականների կատարմանը պետք է լծված լինեն համապատասխան ոլորտային գերատեսչություններն իրենց ենթակա պետական կառույցներով:

Հաշվի առնելով ստացված նվազ արդյունքները և մյուս կողմից Կառավարության կողմից կատարված էական քայլերը՝ կարելի է ամփոփել, որ համայնքների խոշորացման և որոշ դեպքում նոր ընտրությունների իրականացման արդյունքում իրավիճակը գուցե բարելավվի: Տեսանելի կդառնան այն ծրագրերը, որոնք կնվազեցնեն դոտացիաների չափը տեղերում՝ առաջացնելով նոր եկամուտներ:

Հաջողության ինդիկատորներ կարող են հանդիսանալ փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման տեմպերը, նոր ձեռնարկությունների բացումը, տեղերում աղքատության և գործազրկության նվազումը, ինչպես նաև ներդրումների ավելացումը, իսկ որոշ համայնքների դեպքում՝ տուրիզմի աճը:

Այստեղ ցանկանում ենք հատկապես նշել ՓՄՁ-ների դերակատարությունը և նախորդ տարիների փորձից ելնելով՝ հիշեցնենք հետևյալը. 2007թ. ՓՄՁ ընդհանուր՝ 82.121 թվաքանակը, 2009թ. աճելով, կազմեց 132.923 (ավելացավ մոտ 50 հազարով): Դա իր դրական արդյունքները տվեց աղքատության և գործազրկության նվազման և, մասնավորապես, երիտասարդության գործազրկության հարցերում: Այսինքն ՓՄՁ զարգացումը մեծ դրական ազդեցություն է ունենում սոցիալ-տնտեսական ցուցանիշների վրա: Նույն կերպ 2008թ. վերջին Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի և ՀՀ Կառավարության ոչ ադեկվատ արձագանքի արդյունքում արդեն 2010թ. ՓՄՁ-ների թիվը կտրուկ նվազեց 73.296-ով՝ դառնալով ընդամենը 59.267: Դրա հետևանքով այդ տարվա և հետագա տարիների ընթացքում աճեց գործազրկությունը, աշխատանքային միգրացիան և աղքատությունը և հատկապես խիստ աճեց քաղաքային համայնքներում: Դա է նաև պատճառը, որ եթե ՓՄՁ-ներում զբաղվածների թվաքանակը երկրի զբաղվածների ընդհանուր թվում 2009թ. կազմել է 42.2%, ապա 2010թ. իջել է՝ հասնելով 21.8%-ի:

2017թ. տվյալներով՝ մասնավոր սեկտորում ընդհանուր զբաղվածների թիվը կազմում է մոտ 330 հազար մարդ, որոնցից մոտ 70%-ը բաժին է ընկնում ՓՄՁ-ներին:

Համայնքներում ՓՄՁ աճը խթանելու համար կարևոր գործիք կարող է հանդիսանալ ՓՄՁ սուբյեկտներին իրենց գործունեության համար համայնքային սեփականություն հանդիսացող գույքի տրամադրումը, որոշակի ժամկետով օգտագործման իրավունքով, քանի որ ՓՄՁ-ները սեփական ռեսուրսներով հաճախ ի վիճակի չեն գույք ձեռք բերել երկրորդային շուկայում: Այդ առումով համայնքներում տեխնոպարկերի և բիզնես ինկուբատորների հիմնումը համայնքների կողմից տրամադրված գույքի, բիզնեսի և բանկի մասնակցությամբ կունենա դրական ազդեցություն:

ԲԼՈԿ 7. ՍՏՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ստվերային տնտեսությունը ՀՀ-ում երկար տարիներ գտնվել է բարձր մակարդակի վրա, այն հատկապես խորացել է կոռուպցիայի շնորհիվ, իսկ 2008թ. Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի և անհավասար մրցակցային պայմանների հետևանքով այն դարձավ բազմաթիվ ձեռնարկությունների գոյատևման անհրաժեշտ պայմանը:

ՀՀ-ում ստվերային տնտեսությունն արտահայտվում է երկու հիմնական եղանակով. առաջին՝ չգրանցված տնտեսություն, որի դեպքում գրանցված կազմակերպությունն ունենում է զգալի ծավալով չգրանցված շրջանառություն, որը թաքցվում է, ինչպես նաև ունենում է որոշակի թվաքանակով չգրանցված աշխատուժ:

Երկրորդ տարբերակը ոչ ֆորմալ տնտեսությունն է, երբ կազմակերպությունը շրջանցում է գործող օրենքները պետական պաշտոնյաների հետ նախօրոք ձեռք բերված համաձայնությունների հիման վրա: Այս դեպքում չեն կատարվում օրենքով նախատեսված ձևակերպումները:

Այս ամենի խորացման պատճառ է հանդիսացել տարբեր պետական մարմինների լիազորությունների կրկնվելը, թույլ օրենսդրական բազան և նորմերի բացակայությունը կամ որոշ օրենքներում հոդվածների կրկնելիությունը և երկակի իմաստը, դրան զուգահեռ այլ գործող սխեմաների պայմաններում պատվիրված օրենքների ընդունումը որոշ փոքր խմբերի կամ անհատների համար: Այս ամենի արդյունքում ձևավորվել են անհավասար մրցակցային պայմաններ հազարավոր ձեռնարկությունների համար, որոնք դադարել են գործել, լուծարվել են կամ գոյատևման նպատակով բռնել ստվերի ճանապարհը:

Տարիներ շարունակ ՀՀ Կառավարության և պետական մարմինների այդպիսի գործելաոճը հանգեցրել է գործարար ոչ բարենպաստ միջավայրի ձևավորմանը, որում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներն աստիճանաբար կորցրել են իրենց եկամուտները, նվազել է շահութաբերությունը և վերջին հաշվով ձեռնարկությունների մի զգալի մասը դադարեցրել է իր գործունեությունը կամ լուծարվել սնանկացման պատճառով:

Հետևաբար ստվերի և կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է խիստ անհրաժեշտ և անհետաձգելի, որն էլ ստանձնեց ՀՀ Կառավարությունը 2016թ.-ից սկսած և այն էականորեն խորացրեց 2017թ.: Արդյունքում հատկապես հարկային ստուգումների ընթացքում նվազել են կոռուպցիոն ռիսկերը, բարելավվել է գործարար միջավայրը, և ընդունվել են մի քանի մայր օրենքներ (ՀՀ Հարկային օրենսգիրք, ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրք) և այլ հարակից օրենքներ: Բացի այդ էական բարելավման փուլում է գտնվում ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը:

Պետական ստուգող մարմիններում՝ հատկապես հարկային տեսչությունում, բարելավվում են տեսչական անձնակազմը, մեթոդաբանությունը և վարչարարությունը:

Վերը նշված մայր օրենքներից հատկապես ՀՀ Հարկային օրենսգրքում հաշվի են առնվել մասնավոր սեկտորի շահերը ներկայացնող տարբեր կազմակերպությունների և փորձագետների կարծիքները և առաջարկությունները:

Այսպիսով, ամփոփելով 7-րդ բլոկը՝ կարող ենք ասել, որ դրական աշխատանքները խիստ զգալի են ՊԵԿ-ի համակարգում, և մոտակա ժամանակաշրջանում, հատկապես 2018թ., կերևան դրական հետևանքները:

Հուսով ենք, որ Կառավարության որդեգրած գիծը կպահպանվի 2018թ. և հետագա տարիների ընթացքում:

ԱՄՓՈՓՈՒՄ

Այսպիսով, ամփոփելով 7 հիմնական բլոկների շրջանակում կատարված և չկատարված աշխատանքները՝ կարող ենք տնտեսության հիմնական ճյուղերի համար նշել այն կոնկրետ ցուցանիշները, որոնք 2017թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածի համար հրապարակել է պաշտոնական վիճակագրությունը:

Արդյունաբերություն: Արդյունաբերական արտադրությունների աճը նկատելի է թե՛ թողարկման ծավալների և թե՛ էլեկտրաէներգիայի ծախսի թվերով: Օրինակ զգալիորեն աճել են ալյումինե փայլաթիթեղի (15,8%) և ալյումինե գլանվածքի (96,8 անգամ) թողարկման ծավալները:

Հանքարդյունաբերության ոլորտում ծավալներն աճել են՝ պղնձի խտանյութի համար՝ 10,1%, մոլիբդենի խտանյութի համար՝ 3,8%, ֆեոռ մոլիբդենի դեպքում՝ 3,9%, ցինկի խտանյութի դեպքում՝ 16,3%:

Ձավարեղենն աճել է 48,2%, հրուշակեղենը՝ 15,8%, պահածոները՝ 35,8%:

Էլեկտրաէներգիայի ծախսն աճել է 4,9% և կազմել է 6.937 մլն Կվտ/ժամ: Մեծացել են էներգետիկ համակարգի համար անհրաժեշտ տրասֆորմատորների թողարկման ծավալները մինչև 16 Կվոլտ՝ 10 անգամ, իսկ 16 Կվոլտ-ից բարձր հզորությունների դեպքում՝ 11,1%-ով:

ՀՀ-ում հաստատուն փուլերով զարգանում է մետաղական իրերի արտադրությունը՝ հանձինս պողպատյա խողովակների (34,5%) և պողպատյա ձուլվածքների (12,1%): Սա նաև վկայում է շինարարության որոշակի աշխուժացման և գյուղատնտեսության ոլորտում ջերմոցների կառուցման մասին:

Բացի այդ աճել են փաթեթավորման նյութերի (գոֆրե` 26% և ստվարաթղթեր՝ 31,9% արկղեր և ապակյա տարաներ (29,7%)) արտադրությունները, որը վկայում է տարբեր արտադրությունների խթանման և նաև արտահանման զարգացման մասին:

Շինարարության ակտիվության մասին են վկայում ցեմենտի ծավալների աճը՝ 26,6%, կիրը՝ 57,2%, գիպսային շաղախը՝ 8,6%:

Թեթև արդյունաբերության ոլորտում աճի տվյալները գրանցվել են հետևյալ կերպ՝

  1. Տրիկոտաժեղեն-28,1%

  2. Բամբակյա գործվածք-35,5%

  3. Անկողնային սպիտակեղեն-8,3 անգամ

  4. Անձրևանոցներ- 2,3 անգամ

Անկողնային սպիտակեղենի արտադրությունը խթանվել է նաև աճող տուրիզմի շնորհիվ. ավելանում են հյուրանոցները և հյուրատները:

Տուրիզմի աճը նաև ապացուցում է մսամթերքի (55,1%-ով) և մսի կիսապատրաստուքների (49,4%-ով) աճը, այն դեպքում, երբ միգրացիայի հետևանքով նվազում է ՀՀ բնակչությունը և հազարավոր ընտանիքների հանգիստը արտերկրում:

Այսպիսով, արդյունաբերական արտադրանքի ծավալը, 2016թ. նույն հունվար-նոյեմբեր ժամանակահատվածի նկատմամբ աճելով, կազմել է 112,3%:

Արտաքին առևտրաշրջանառությունը, նույն ժամանակաշրջանի համար աճելով, կազմել է 126,4%, որից արտահանումն աճել է 23,5%-ով, իսկ ներմուծումը՝ 28%-ով:

Ներքին առևտրաշրջանառությունն աճել է 14,4%-ով:

Շինարարության ծավալը նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ կազմել է 100,3%, այսինքն աճել է 0,3%-ով:

Այս ամենը նաև տուրիստների զգալի թվի շնորհիվ: Տարվա ընթացքում ստացվել են ըստ տարբեր ամիսների տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշներ: Օրինակ 2016թ.  հունիս-օգոստոս ամիսների դեպքում միջինը 103,5% ցուցանիշը նույն ամիսներին 2017թ. համար կազմել է 106,3%: 2016թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների համար դրա միջինը եղել է 100-ի շուրջ, իսկ 2017թ. նույն ամիսներին միջինն արդեն կազմել է 106,7:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017թ. 11 ամիսների համար կազմել է 7,3%:

2018Թ.-ԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ

  1. Ստվերի և կոռուպցիայի նվազում, սկսված գործընթացների շարունակում՝ ուղղված դրանց դեմ:

  2. Աղքատության նվազման համար բացառիկ ծրագրի գործարկման անհրաժեշտություն:

  3. Զբոսաշրջության խթանման հրատապ գործողությունների պլանի մշակում և գործարկում:

  4. Աշխատանքային օրենսգրքի բիզնեսի շահերին ուղղված տարբերակի ընդունում:

  5. Մի քանի կարևոր օրենքների ընդունում (ներդրումների մասին, սնանկացման մասին և այլն):

  6. Տնտեսական գերակա 3-4 ոլորտներում աճի նոր դինամիկայի ապահովում (Արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տուրիզմ, դեղորայքի արտադրություն, արևային էներգետիկա և ՏՏ ոլորտ):

  7. Արտահանման շարունակական աճի ապահովում:

  8. Ներմուծումը փոխարինող արտադրությունների խթանում:

  9. ՀՀ մակրոտնտեսական քաղաքականության մշակում:

  10. ՓՄՁ զարգացման պայմանների բարելավում և ՓՄՁ աճի ապահովում:

  11. Մասնավոր հատված-պետական մարմիններ երկխոսության խորացում և արդյունավետության բարձրացում:

  12. Կրթական համակարգում առաջնահերթ խնդիրների կարգավորում, համակարգի վերակենդանացման գործողությունների իրականացում:

  13. Պետական կառավարման համակարգի որակական բարելավում, պատասխանատվությունների ստանձնում և պարտականությունների կատարման վերահսկողության արդյունավետ համակարգերի ներդրում:

  14. Գնաճի կարգավորման և գնային քաղաքականության արդյունավետ կառավարման համակարգերի գործարկում:

  15. Ցանկալի կլինի նաև 2014թ. դեկտեմբերին ՌԴ-ի տնտեսական ճգնաժամի հետևանքների հիման վրա կանխատեսել ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման դեպքում՝ ինչպիսի սոցիալ-տնտեսական բացասական ազդեցություն կկրի ՀՀ-ը:

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter