HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գեղարքունիքի դատավորների վերաբերյալ կաշառքի գործում ինտիմ կյանքին առնչվող տվյալներ կան. նյութերը կհրապարակվեն դռնփակ

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, այսօր որոշեց Գեղարքունիքի մարզի աղմկահարույց  կաշառքի գործի նյութերը դռնփակ հետազոտել: Նման միջնորդությամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:

Դատարանը սկսել էր հետազոտել գործում առկա փաստաթղթերը, երբ Արմեն Մելքոնյանը միջնորդություն արեց՝ նշելով, որ դրանցում անձնական կյանքին առնչվող տվյալ կան:

«Նյութերում կան ինտիմ կյանիքին առնչվող հարցեր, որոնք հրապարակային դատական քննության ենթակա չեն»,- ասաց Մելքոնյանը՝ հավելելով, որ քրեական գործում դրված են այնպիսի անձնական տվյալներ, որոնք որևէ առնչություն չունեն գործի հետ:

«Մեր միջնորդության լուծումից հետո առանձին միջնորդությամբ հանդես կգանք՝ պարզելու համար, թե ինչո՞ւ են քրեական գործի նյութերում դրվել ինտիմ կյանքին առնչվող տվյալներ, որոնք որևէ աղերս չունեն քրեական գործի հետ. իմ կարծիքով դրանով փորձել են որոշակի ճնշում գործադրել մեղադրյալների վրա, որպեսզի հասնեն իրենց համար ցանկալի արդյունքի», - հայտարարեց Արմեն Մելքոնյանը: Միջնորդությանը միացան նաև դատավարության մյուս ամբաստանյալները:

Աղվան Պետրոսյանն ընդգծեց, որ իրենց վերաբերյալ գործի նյութերում առկա են փաստաթղթեր, որոնց վերաբերյալ Գեղարքունիքի մարզում դեռևս գործեր են քննվում: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որտեղից վերադառնալով՝ հրապարակեց միջնորդությունը բավարարելու վերաբերյալ որոշումը:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, դատավոր Վանիկ Վարդանյանը, մարզի դատախազ Սևակ Շհոյանի, փաստաբան Էդուարդ Չինարյանն ու ևս 9 անձ մեղադրվում են կաշառք տալու, ստանալու կամ կաշառքի միջնորդություն կատարելու մեջ:

Ըստ դատարանում հրապարակված մեղադրական  եզրակացության՝  Աղվան Պետրոսյանը, հանդիսանալով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ, իր վարույթում գտնվող գործով ամբաստանյալներից մեկին պատասխանատվությունից ազատելու, իսկ մյուսի նկատմամբ մեղմ պատիժ սահմանելու համար ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 11.343.373 ՀՀ դրամին համարժեք 23000 ԱՄՆ դոլար կաշառք: Այս դրվագով անցնում է նաև դատախազ Սևակ Շհոյանը:

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Աղվան Պետրոսյանը  2017թվականի փետրվարի 27-ին, ժամը 15.00-ից 17.00-ի սահմաններում մեկ այլ գործի շրջանակներում ապօրինի գործողություններ կատարելու համար Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի հետ խմբով ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք։

Վերը շարադրվածը հաշվի առնելով՝ Աղվան Պետրոսյանին և մարզի դատավոր Վանիկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ  կետերով, այն է՝ համապատասխանաբար առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալը, և դատավորի կողմից կաշառք ստանալը:

Գործով անցնող մյուս անձինք ևս մեղադրվում են  վերը շարադրված կաշառքի վերաբերյալ դրվագների շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter