HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Երթի մասնակից․ «Մինչև Սերժ Սարգսյանը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»

«Ելք» խմբակցությունն այսօր երեկոյան թանկացումների դեմ երթ էր նախաձեռնել Երևանի կենտրոնական փողոցներում։ Դաշինքի մաս կազմող 3 քաղաքական ուժերի նախաձեռնությանը միացել էր մի քանի հարյուր քաղաքացի։ «Հետքը» զրուցեց երթի մասնակիցներից մի քանիսի հետ։

Ամուսիններ Գրետա և Էմիլ Աբրահամյանները մեծ ակնկալիքներ չունեն երթերից, պնդում են՝ 20 տարի է՝ երթեր ու հանրահավաքներ են լինում երկրում, բայց իշխանությունը չի փոխվում, ուստի արմատական փոփոխություններ են հարկավոր։

«Աշխատավարձը չի բարձրացնում, թոշակը չի բարձրացնում ու նորից ուզում է վարչապետ դառնալ, որպես ի՞նչ, 10 տարի ինչ արեց, որ հիմա ինչ անի։ 20 տարի է՝ երթեր են լինում, բայց ոչինչ չի փոխվում, մինչև Սերժ Սարգսյանը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»,- ասում է Գրետա Աբրահամյանը։ Ինչ վերաբերում է թանկացումներին, ապա ամուսինները մատնանշեցին առաջնային անհրաժեշտության ապրանքները՝ կարագը, միսը, կարտոֆիլը, որոնց թանկացումն ուղղակիորեն զգում են։

 

Շուշան Գրիգորյանի խոսքով՝ ինքը հասկանում է, որ թանկացումներն այս պահին անհրաժեշտ են, որպեսզի «բյուջեն լցվի», սակայն դեմ է, քանի որ համոզված է՝ այդ գումարներն իրենց նպատակին չեն կարող ծառայել։

«Թանկացումներին կողմ կլինեմ այն դեպքում, երբ Կառավարությունը փոխվի։ Ես ինձ քաղաքացի եմ համարում, դրա համար եկել եմ իմ բողոքի ձայնը բարձրացնելու, անկախ նրանից՝ ինչ կինի, գոնե  կիմանամ, որ փորձել եմ ինչ-որ որ բան անել»,- մանրամասնում է Շուշանը։

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը շուրջ 6 ամիս անդամակցող Նուշիկ Դավթյանը կարծում է, որ փողոցային պայքարը լավ միջոց է՝ Կառավարությանը ստիպելու փոխել Հարկային օրենսգիրքը, պարզապես պետք է հնարավորինս շատ մարդկանց ներգրավել։

«Եկել եմ՝ հույս ունենալով, որ այս հավաքների միջոցով կստիպենք Կառավարությանը նորից փոփոխել հարկային օրենսգիրքը։ «Ելք»-ին հավատում եմ, ծանոթացել եմ բոլոր անդամների հետ ու հաստատ գիտեմ, որ իրենք իշխանության հետ որևէ կապ չունեն, չնայած շատերն են այդպես ասում։ Չէր կարող մարդը (Նիկոլ Փաշինյանը) իշխանության հետ կապ ունենալ ու գնալ բանտում նստել, դրա համար հավատում եմ իրենց ու եկել եմ, որ ինչ-որ բան փոփոխենք»,- ասում է մեր զրուցակիցը։

Ալվարդ Կարապետյանն էլ ասաց, որ յուրաքաչյուրը, ում մտահոգում է երկրի ապագան, պարտավոր է մասնակցել նման ակցիաների ու արտահայտել դժգոհությունները։

«Ոչ թե խուլ ու համրի նման հանդուրժել, ի վերջո պետք է չէ՞ հասարարկությունը արտահայտի իր դժգոհոթյունը, այդ ձևով է հասարակությունը զարգանում, իսկ մենք չենք ընդզվում, դրա համար էլ անընդհատ թանկացումներ են լինում»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter