HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկատան շրջանավարտների բաց նամակը նախագահին

Մեծարգո պարոն նախագահ,
Ձեզ են դիմում մանկատան նախկին սաները: Կյանքի, թե ճակատագրի անարդար հեգնանքով մենք բոլորս հայտնվեցինք մանկատանը: Սկզբում համակերպվելով մեր կարգավիճակին՝ պայքարում էինք հասարակության կողմից խղճահարության դեմ, իսկ հիմա՝ անարդարության:

Դառնալով չափահաս՝ մենք հայտնվեցինք անելանելի դրության մեջ. չունենք ամենատարրական պայմաններ գոյատևելու համար (կացարան, աշխատանք և այլն): Մեզանից ոմանք ուսանող են, սակայն չեն կարողանում հաճախել դասերի, քանի որ ամբողջ օրն աշխատում ենք՝ կատարելով ցանկացած աշխատանք (ավտոմեքենաների լվացման կետերում, հացի փռերում և այլն), որպեսզի կարողանանք հոգալ հանապազօրյա հացի խնդիրը:

Ոմանք բնակվում են վարձով անմարդկային պայմաններում՝ կիսանկուղային կացարաններում, քանի որ գումար չունենալու պատճառով չեն կարողանում հարմար բնակարան վարձել: Մեզանից ոմանք էլ ժամանակավորապես տեղավորվել են ծանոթների և ընկերների տներում՝ միաժամանակ սովորելով և աշխատելով:

Այս պայմաններում երբեմն հանդիպում ենք բիրտ ու կոշտ վերաբերմունքի, մանավանդ գործատուների խտրականությանը և անվստահությանը: Հաճախ չարաշահվում է մեր անօգնական լինելու հանգամանքը: Հիասթափվում ենք և հոգեպես ընկճվում՝ չզգալով մեզ հասարակության լիարժեք անդամ:

2002 թվականին ընդունվեց «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքը, ինչպես նաև մշակվեց «Պետական աջակցություն մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» հատուկ ծրագիրը, որը բխում է նույն օրենքից: Ծրագիրը նախատեսված է 1991 թվականից հետո ՀՀ մանկատների շրջանավարտների համար:

Ներկայում կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել է ծրագիրը, ինչի հետևանքով 200-ից ավելի մանկատան շրջանավարտներս հայտնվել ենք անելանելի վիճակում՝ բառի բուն իմաստով, փողոցում՝ չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ ծրագրով պետական աջակցությունը նախատեսված էր օրենքով սահմանված կարգով:

Հարկ ենք համարում նշել, որ «Պետական աջակցություն մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում բազմամասնագիտական խումբը յուրաքանչյուր շրջանավարտի համար կազմում է անհատական ծրագիր, որի արդյունքում է որոշվում, թե որ շրջանավարտը որ բնակավայրում կարող է սոցիալիզացվել:

Սակայն ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը, շեղվելով բուն ծրագրից, ոչ մասնագիտական մոտեցում է ցուցաբերում շրջանավարտների նկատմամբ, ինչի հետևանքով շրջանավարտները հայտնվում են նոր խնդիրների առաջ: Օրինակ՝ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը մեզ առաջարկել է ժամանակավոր կացարաններ երկրի ծայրամասային բնակավայրերում՝ շեղվելով ծրագրից: Սա մեզ համար անընդունելի է, քանի որ մեր մեծ մասը ուսանող է և սովորում կամ աշխատում է Երևան քաղաքում:

Հարգելի պրն նախագահ,
խնդրում ենք Ձեր անմիջական միջնորդությամբ օգնել մեզ հաղթահարելու այս խնդիրները, արդար լուծում տալ մեր խնդիրներին: Թող մեզ էլ հնարավորություն տրվի Հայաստանի Հանրապետության մյուս երիտասարդների հետ հավասար ապրել, ստեղծագործել և կառուցել մեր Հայրենիքը:

Կանխավ Ձեզ ենք հայտնում մեր երախտագիտությունը:

Մեկնաբանություններ (2)

Արա
Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել hetq.am -ին այս մարդկանց խնդիրը բարձրաձայնելու համար: Շատ ցավալի է.. Մեր քաղաքացիական հասարակությունը գնալով հզորանում է և եթե անզիջում քննադատվեն այս բացասական երևույթները, ի վերջո սայլը տեղից կշարժվի:
Armen
Kardum em ajs hodvac@,,ankach indznic arcunqners barkuthjan het durs en hordum: tan@ xorhurd en talis ajs txur baner@ chkardam: erevi naxagahin el en nman xorhurd tvel.......

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter