HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Պապիկյան. «Ի սեր աստծո՝ թող գրավոր չպատասխանեն, բայց բժիշկ ուղարկեն».

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործի առանձնացված մասով 3 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Մովսիսյանն առողջական խնդիրներ ունի: Այս մասին ահազանգում է նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալը ճողվածք ունի, վերջին երկու ամիսներին սաստիկ ցավեր ունի, անգամ ցնցումներ է ունենում:

Արայիկ Պապիկյանի խոսքով՝ լինելով համեստ անձնավորություն՝ Արթուր Մովսիսյանը չի ցանկացել իր վրա ուշադրություն գրավել՝ մանավանդ «Սասնա Ծռեր» խմբի անդամները հացադուլի օրերին: Արթուր Մովսիսյանն իր պաշտպանին փոխանցել է, թե «Վարդաշեն» ՔԿՀ-ում խոստացել են՝ բժիշկ կգա. «Հիմա ստիպված ենք բարձրաձայնում, որ պետպատվերի կամ մեր միջոցների շրջանակներում կատարվեն անհրաժեշտ բժշկական միջոցառումենրը»:


Արայիկ Պապիկյանը

Արայիկ Պապիկյանի փոխանցմամբ, ինքն անձամբ դիմել է գրեթե բոլոր պատկան մարմիններին՝ Քրեակատարողական վարչություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, քրեակատարողական հիմնարկ. «Անկեղծ ասած, որևէ գրավոր պատասխան չեմ էլ ցանկանում, ի սեր աստծո՝ թող գրավոր չպատասխանեն, բայց բժիշկ ուղարկեն»:

Պաշտպանը նշեց, որ հանդիպել է «Վարդաշեն» ՔԿՀ-ի բժշկական մասի պատասխանատուին, իր ներկայությամբ զանգահարել է վարչություն, խոստացան, որ բժիշկը կայցելի:

Դատապարտյալ Արթուր Մովսիսյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ում բժիշկ է այցելել

ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացնում են, որ Արայիկ Պապիկյանի դիմումն Արթուր Մովսիսյանի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը էլեկտրոնային փոստով ստացել է ոչ աշխատանքային օր՝ հունվարի 13-ին, որը մուտքագրվել է առաջին իսկ աշխատանքային օրը՝ հունվարի 15-ին: Դիմումի մուտքագրումից անմիջապես հետո ուսումնասիրվել են դրանում նշված հանգամանքները և, ըստ այդմ, անմիջապես աշխատանք է սկսվել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հետ:

ՄԻՊ ներկայացուցիչները քրեակատարողական հիմնարկներ երեկվա այցի ընթացքում հանդիպել են նաև Արթուր Մովսիսյանին: ՄԻՊ-ից տեղեկացնում են նաև, որ քրեակատարողական վարչության հետ աշխատանքի հիման վրա՝ այսօր Արթուր Մովսիսյանին այցելել է համապատասխան բժիշկ, նախանշվել են համապատասխան բուժհետազոտություններ, ինչի մասին պաշտպան Արայիկ Պապիկյանը գրավոր տեղեկացվել է:

Արթուր Մովսիսյանը մեղադրվել է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով անջատված մասով՝ իր տանը երկու ինքնաձիգերը պահելու համար: Իրեն մեղավոր չի ճանաչել, պնդել է, որ այդ ժամանակահատվածում օրինական ապրել ու աշխատել է ՌԴ-ում, անգամ չի ճանաչում Ժիրայր Սեֆիլյանին:

Արթուր Մովսիսյանը մասնակցել է  «Էլեկտրիկ Երևանի» ցույցերին, ունեցել է ակտիվ հասարակական դիրքորոշում:

«Իրեն մի քանի ոստիկան, որոնց անունները չգիտի, ասել են՝ եթե չդադարեցնես այս գործունեությունը, տղաներիդ գլխին կսարքենք»,-ասաց Արայիկ Պապիկյանը՝ նշելով, որ Արթուր Մովսիսյանն ինքն իրեն համարում է պատանդ համակարգի ձեռքին, որ «ամբողջացվի Ժիրայր Սեֆիլյանի դեմ սարքված գործը»:

Ըստ փաստաբանի, Արթուր Մովսիսյանին առաջարկվել է չակերտավոր ճիշտ ցուցմունք տալու դիմաց պատժի, խափանման միջոցի առումով դրական վերաբերմունք: «Բայց Արթուրն ասաց՝ ֆանտաստիկ սցենարով այս ֆիլմին չեմ ուզում մասնակցել, կնստեմ, բայց կեղծ բան չեմ անի»:

Օրեր առաջ Արայիկ Պապիկյանը Վերաքննիչ դատարան մուտք է արել բողոք՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատավճռի դեմ՝ պահանջելով արդարացման դատավճիռ:

Արթուր Մովսիսյանի լուսանկարը՝ azatutyun.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter