Կիրակի, 23 սեպտեմբերի

Արգելվել է Զարուհի Փոստանջյանի մուտքը Ջավախք



Այսօր հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետում վրացի սահմանպահներն արգելել են «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի մուտքը Ջավախք:

«Հետք»-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը պատմեց որ Ջավախք էր մեկնում համահայկական ընդվզման քարոզչությանն ընդառաջ իրազեկման ակցիա իրականացնելու, սակայն վրացի սահմանապահներն արձանագրություն են կազմել և տրամադրել Զարուհի Փոստանջյանին, որտեղ վրացերեն և անգլերեն նշված է եղել, որ նրան արգելում են «օրնսդրությամբ նախատեսված պայմանների դեպքում», այլ պարզաբանում չի ներկայացվել նրան:

«Ասացի` խնդրում եմ պարզաբանում տրամադրեք` դուք ինձ կասկածում եք հանցագործության մեջ, մեղադրում եք ինչ-որ հանցագործության մեջ, կամ ես վտանգավոր կամ վարակակիր եմ, կամ արգելված իրեր եմ տանում, որն է պատճառը: Որևիցե պատճառաբանություն ինձ չտրամադրեցին»,- պատմեց Զարուհի Փոստանջյանը:

«Երկիր ծիրանի»-ն անցյալ տարի իրենց ակցիաները սկսել են հարավից` Արցախից, այս անգամ որոշել են մեկնարկը տալ հյուսիսից: Մեքենայի մեջ թռուցիկներ են եղել, և Զարուհի Փոստանջյանը կասկածում է, որ վրացի սահմանապահներն արդեն իսկ իմացել են անցկացվելիք ակցիայի մասին:

«Ես չեմ բացառում նույնիսկ, որ այստեղի մեր իշխանությունների հորդորով է արգելվել»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:

Նա երկու ամիս առաջ եղել է Վրաստանում և պարբերաբար այցելել է Վրաստան, սակայն որևէ անգամ նրա մուտքը չի սահմանափակվել:

Վրաստանում ՀՀ դեսպանին կամ դեսպանատուն Զարուհի Փոստանջյանը դեռ չի դիմել: Սակայն վաղը առավոտվանից Զարուհի Փոստանջյանը զբաղվելու է այդ հարցով: Իսկ իրազեկման ակցիան որոշել են անցկացնել Գյումրիում: 

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ վրացի սահմանապահներն արգելում են որևէ հայ հանրային գործչի մուտքը Ջավախք: Անցանկալի անձանց ցուցակը գնալով ավելանում է: 

Տես` Վրաստանի համար «անցանկալի անձինք» ավելանում են. Կարեն Գիլոյանին թույլ չեն տվել մուտք գործել Ջավախք


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ