HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Հակոբյանը շնչահեղձություն է ունեցել․ նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»

«Սասնա Ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Արամ Հակոբյանը հունվարի 19-ի գիշերը շնչահեղձություն է ունեցել: Այս մասին մեզ տեղեկացրեց նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանը: «Նա քնի մեջ է եղել շնչահեղձության պահին, լավ է գոնե խցակիցները արթնացրել են ու բուժօգնություն կանչել»:

Նույն օրը Արամ Հակոբյանը դարձյալ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղից «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվել էր ընդամենը երկու օր առաջ՝ հունվարի 17-ին, տևական ժամանակ «Դատապարտյալների հիվանդանոցում» լինելուց հետո: Նրա պաշտպանի խոսքով, հունվարի 17-ին Արամ Հակոբյանին «Դատապարտյալների հիվանդանոցից» դուրս գրելու հանգամանքը (այնտեղ է գտնվել 2017-ի ապրիլից) պատճառաբանել են նրանով, որ վերջինը լիարժեք ապաքինվել է:

Պաշտպան Գյուրջյանը հենց նույն օրը՝ հունվարի 19-ին, Արամ Հակոբյանին տեսակցել է «Դատապարտյալների հիվանդանոցում», երբ նրան ուղեկցել են քննչական սենյակ. «Իր խուց մտնել ինձ չեն թույլատրում, ասում են, որ կարող է ինքնուրույն տեղաշարժվել: Բայց գիտեմ, որ դուռը փակվում է նրա վրա, չկա գիշերային հերթապահություն այն մասնաբաժնում, որտեղ ինքն է, ինչը լուրջ խնդիր է: Պատկերացնում եք՝ ինչ պետք է անի մարդը, եթե վատանա գիշերը: Հեռախոսը միջանցքում է, իսկ խցի դուռը կողպված»,- ահազանգում է փաստաբան Դավիթ Գյուրջյանը: Արամ Հակոբյանն ասել է, որ շնչահեղձությունը հանկարծակի է առաջանում, նաև գիշերային ժամերին:

Փաստաբանը տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից  խոստացել են գիշերային շրջայցերով ապահովել հերթապահությունը:

Դավիթ Գյուրջյանը հիշեցրեց, որ դեռ 2017 թվականի փետրվարից ահազանգում են՝ Արամ Հակոբյանն ունի ծանր հիվանդություններ (հիմնականում սրտանոթային համակարգի հիվանդություններ են, արյան շրջանառության հետ կապված խնդիրներ, հիպերտոնիա և այլն), որոնք ընդգրկված են պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների՝ Կառավարության կողմից հաստատված 825-Ն որոշմամբ: Սակայն Բժշկասոցիալական հանձնաժողովը եկել է եզրակացության, որ հայտնաբերված հիվանդություններն այն աստիճանի չեն, որ կալանքի կրման հետ անհամատեղելիություն ստեղծեն:

Փաստաբան Գյուրջյանը նաև դիմել էր ՄԻ եվրոպական դատարան՝ 39 կանոնի համաձայն, որը հրատապ քննվել էր ու բավարարվել:  Հայաստանի կառավարությանը հանձնարարել է ապահովել Արամ Հակոբյանի համար պատշաճ բուժօգնություն և առանց ընդհատումների անհրաժեշտ դեղորայք՝ կալանքի տակ գտնվելու ողջ ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter