HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՆ. պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներն ընթանում են բնականոն հունով

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 11-ից մեկնարկած պապիլոմավիրուսային վարակի դեմ (ՄՊՎ) պատվաստումներն ընթանում են բնականոն հունով: Մինչ օրս պատվաստվել է 176 աղջիկ, որոնց մոտ չի դիտվել հետպատվաստումային որևէ ռեակցիա, նույնիսկ ներարկման տեղի ցավ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տեղային ցավը նշվում է որպես ամենահաճախակի դիտվող հետպատվաստումային ռեակցիա:

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է` միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել հիվանդություններն ու դրանց հետևանքով առաջացած բարդությունները, և հորդորում ժամանակին կատարել Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված բոլոր պատվաստումները, այդ թվում նաև` ՄՊՎ-ի դեմ: Այն կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղը:

«Այսօր պատվաստելով Ձեր երեխային, ապագայում կպաշտպանեք նրան քաղցկեղից: Հիշեք, պատվաստումները վարակիչ հիվանդությունների կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցն են: Դրա վառ ապացույցը Հայաստանում կարմրուկի դեպքերի բացակայությունն է` պատվաստումներում բնակչության բարձր ընդգրկվածության շնորհիվ: Ներկայումս եվրոպական տարածաշրջանում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում։ Առավել ծանր է իրավիճակը Իտալիայում, Ռումինիայում, Ուկրաինայում, Գերմանիայում։ Կարմրուկի դեպքեր գրանցվում են Ուկրաինայի ողջ տարածքում՝ այդ թվում նաև Կիևում և Օդեսայում: Ուկրաինայի  առողջապահության նախարարության հայտարարությամբ՝ համաճարակի պատճառը կարմրուկի դեմ պատվաստումներում ցածր ընդգրկվածությունն է»,-նշում է ԱՆ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter