HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդեն նախկին պաշտոնյան որոշել է պատժել լրագրողին

Օգոստոսի 31-ին «Հետք» ինտերնետային թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանին հրավիրել են Կենտրոն ոստիկանության քննչական բաժանմունք բացատրություն տալու: «Ես նախ քննիչ Արսեն Այվազյանին հարցրեցի իմ կարգավիճակի մասին` որպես ի՞նչ են հրավիրել ինձ ոստիկանություն: Նա պատասխանեց, որ առայժմ որեւէ կարգավիճակ չունեմ: Այնուհետեւ ծանոթացա Առողջապահության նախարարության դեղորայքային եւ տեխնոլոգիական ապահովման վարչության արդեն նախկին պետ Արտաշես Բիշարյանի դիմումին, որով նա խնդրում է պատասխանատվության ենթարկել ինձ Քրեական օրենսգրքի 135 հոդվածով` իր իր պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու համար»,- պատմում է Էդիկ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ Է. Բաղդասարյանը լրագրողական հետաքննություն էր կատարել մարդասիրական ճանապարհով Հայաստան ներկրված մոտ 2 մլրդ դրամի դեղորայքը ժամկետանց դարձնելու պատճառների վերաբերյալ: (Տես` Օգնության դեղերը միտումնավոր դարձրել են ժամկետանց): 

Այս փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված է քրեական գործ: «Զավեշտն այն է, որ արդեն երկրորդ տարին է քրեական գործ է հարուցված, սակայն առայսօր չի հարցաքննվել Արտաշես Բիշարյանը` ոլորտի անմիջական պատասխանատուն: Ես արդեն համոզված եմ, որ Բիշարյանի` պաշտոնից հրաժարվելու պատճառը նաեւ իմ հրապարակումներն են եղել, բայց ի~նչ արած, ամեն մարդ պատասխանատու է իր արածների համար: Ոստիկանությունում ես հրաժարվեցի պատասխանել հարցերին եւ բացատրություններ տալ: Միայն նշեցի, որ լրագրողական հետաքննությունը դեռ ավարտված չէ, եւ նոր հոդվածներ ու բացահայտումներ դեռ կլինեն: Եւ նշեցի, որ քննիչի տված հարցերի բոլոր պատախանները հոդվածներում կան, եւ ես այլ բացատրություններ ու պատասխաններ չունեմ: Առայժմ հայտնի չէ` իմ դեմ քրեական գործ կհարուցվի՞, թե ոչ: Իմ հրապարակած բոլոր փաստերը հիմնավոր են ու փաստաթղթային: Ես միայն ուսումնասիրել եմ պետական փաստաթղթեր, դա տեւել է ամիսներ, որովհետեւ դրանք ցուցակներ էին դեղերի հարյուրավոր անվանումներով եւ այլն»,- ավելացրեց է. Բաղդասարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter