HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ովքե՞ր են Լիդիանի «անկախ» փորձագետները. ՀԲՃ

Ամուլսարում հանք չբացելու բազմաթիվ փաստարկված պատճառներ կան, որոնք ներկայացվել են տարիների փորձ ունեցող փորձագետների կողմից: Սակայն այս ամենին գումարվում է նաև այն փաստը, որ Ամուլսարում ոսկի կորզելու հույսեր փայփայող օֆշորային Լիդիան ընկերությունը ոչ միայն անփորձ ընկերություն է, այլև այն, որ այս ընկերությունը պարբերաբար իրականության հետ կապ չունեցող տեղեկատվություն է տրամադրում այն պետական մարմիններին, որոնք, խախտելով ամեն տեսակ օրենք, թույլատրել են հանքի շահագործումը: Դա արվում է նաև լրատվամիջոցների միջոցով՝ իրենց գործունեության մասին դրական հանրային կարծիք ձևավորելու համար։ Խոսքը վերաբերում է ոչ միայն ընկերության այն հավաստիացումներին, որ իրենք կարող են ցանկացած ռիսկ կառավարել, այլ նաև նրան, որ այդ հավաստիացումները կարող են հաստատել անկախ փորձագետները:

Հունվարի 12-ին այս ընկերությունը հանդիպել էր Բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ և հերթական անգամ համոզում էր, որ Ամուլսարի բնապահպանական բոլոր խնդիրները հնարավոր է կառավարել: Որպես այս պնդումները հաստատող՝ ընկերությունը հրավիրել էր իր պնդմամբ միջազգային անկախ փորձագետ Լարի Բրեքենրիջին: Սակայն  ընդամենը մի փոքրիկ հետազոտությունը գուգլում հասկանալի է դարձնում, որ այս փորձագետը անկախ լինել չի կարող, քանի որ նա և կազմակերպությունը, որի համար նա աշխատում է՝ «Global Resource Engineering»-ը, տարիներ շարունակ աշխատել են Լիդիանի համար, կազմել են Լիդիանի զեկույցները, այդ թվում Ամուլսարի երկրաքիմիական բնութագրման և կանխատեսումային զեկույցը, հանքի շահագործման տեխնիկատնտեսական հիմնավորումը և այլն:

Մեկ այլ դրվագ ևս. 2017թ.-ի հոկտեմբերի 16-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում պետք է տեղի ունենար հանքաարդյունաբերության փորձագետ Աարոն Ստիգսի բանախոսությունը, որը կազմակերպվել էր Լիդիան Ինտերնեյշնլ ընկերության աջակցությամբ: Այն տեղի չունեցավ: Սակայն այստեղ հատկանշական է մի այլ բան: Բանախոսը պետք է խոսեր ժամանակակից հանքարդյունաբերության և իր ստեղծած «Զրո վնասից անդին» գործիքի մասին, որն իբր մեխանիզմ է՝ մշակված հանքային ընկերությունների համար՝ խուսափելու բնապահպանական վնասակար ազդեցություններից և պաշտպանելու շրջակա համայնքների առողջությունն ու աշխատողների անվտագնությունը: Եվ այս մասին խոսելու էր ոչ թե ինչ-որ մի անկախ փորձագետ (թեև հաշվի առնելով, որ կազմակերպողների թվում էր Լիդիանը, դժվար էր ակնկալել անկախ տեսակետ), այլ մի մարդ, ով հանդիսանում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) «Համայնքային զարգացման խորհրդատվություն» ծրագրի փորձագետ, դե իսկ ՄՖԿ-ն տարիներ շարունակ «Լիդիան ինթերնեշնլի» ներդրողներից մեկն է եղել։ Բայց և մյուս կողմից, Աարոն Ստիգսն անմիջականորեն կապված է նաև «Լիդիան ինթերնեշնլ» ընկերության Կայուն զարգացման բաժնի փոխնախագահ Ռոբերտ Կարոյի հետ, որի հետ աշխատել է  կանադական IAMGOLD և Breakwater Resources հանքաարդյունաբերական ընկերություններում: Սրան էլ ավելացնենք նաև այն, որ Աարոն Ստիգսը Ռոբերտ Կարոյի դստեր ամուսինն է:

Այնպես որ ակնկալել, որ Լիդիանը հանրությանը կամ կառավարությանը ներկայացնում է իր անելիքների որևէ անկախ ու հիմնավորված գնահատական, հնարավոր չէ։ Ընդհակառակը, այդ գհատականների անիհմն լինելը դառնում է ակնհայտ, երբ հաշվի են առնվում բոլոր հիմնավորված մասնագիտական փաստարկներն ընդդեմ այս ծրագրի:

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Ի՜նչ էլ համապատասխան սիմվոլ են ընտրել իրենց համար՝ երախն ահավոր բացած գիշատիչ, եւ սա պատահական չէ! Բնապահպանները գոռում են թե ինչ է խժռելու այդ ինտեռնացիոնալ ոհմակը, բայց արձագանք չի երեւում: Միթե անուղեղ ոչխարի նման կուլ ենք գնալու?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter