HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լոռի ՃՇՇ»-ի աշխատակիցները պահանջում են մարել աշխատավարձերի պարտքերը

Գայանե Սարգսյան

Վանաձորցի Խաչիկ Ափոյանն ու նրա երկու որդիները մեկ տարուց ավել է` չեն կարողանում նախկին գործատուից՝ «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ից ստանալ մի քանի ամսվա աշխատավարձը:

2015-2016թթ. ընկերությունը սկսել է աշխատավարձի պարտքեր կուտակել, ինչի հետևանքով շուրջ 50 աշխատող մինչ այժմ չի ստացել մի քանի ամիսների աշխատավարձը:

Ափոյանների ընտանիքը ևս պարտքատերերի ցանկում է. ընկերությունը նրանց պարտք է ավելի քան 1 մլն 200 հազար դրամ:

«Կրտսեր որդուս աշխատավարձի պարտքը 281.000 դրամ է, ավագինը՝ 302.000, իմը՝ 344.000: Մեր անձնական մեքենան ընկերությունը վարձակալել էր: Մարդատար մեքենայի վարձակալության պարտքը կազմում է 484.000 դրամ»,- պատմում է Խաչիկ Ափոյանը:

Խ. Ափոյանը քաղաքի ծայրամասային հատվածում գտնվող երեք սենյականոց բնակարանում ապրում է երկու որդիների ընտանիքների հետ: 10 անձից բաղկացած բազմանդամ ընտանիքի վիճակի վրա աշխատավարձերի ուշացումներն իրենց կտրուկ բացասական ազդեցությունն են ունեցել: Նրանք ստիպված են եղել ծանոթ-բարեկամներից պարտքեր վերցնել, ապա  նաև՝ բանկերից վարկեր:

Պարտքերը ձնագնդի պես ամսեամիս ավելացել են, ու այսօր ընտանիքի պարտքը տարբեր անհատներին ու բանկերին կազմում է շուրջ 1.5 մլն դրամ:

«Վարկերն առաջացել են մեր աշխատավարձերը չստանալու պատճառով: Ես վարկ չեմ վերցրել, որ տուն գնեմ, որ գույք գնեմ: Ես վարկ եմ վերցրել ընտանիքիս հանապազօրյա հացը գնելու համար»,- ասում է Խ․ Ափոյանը:

Նա պատմում է, որ տարիներ շարունակ սպասելով ու լուծման որևէ տարբերակ չգտնելով՝  հիմա ստիպված է բարձրաձայնել չստացած աշխատավարձերի մասին:

«Իմ հարազատ ընկերությունն է, 10 տարի աշխատել եմ այնտեղ, հարգում եմ այդ ձեռնարկության ղեկավարներին, բայց այլ ելք չունեմ. պարտքերը մարել է պետք»,- ասում է Խ․ Ափոյանը:

«Եթե մի տնից երեք տղամարդ աշխատել են նույն հիմնարկում, ու երեքից և ոչ մեկը ամբողջությամբ չի ստացել իր աշխատավարձը, այդ ընտանիքը բա ինչո՞վ պիտի ապրեր: Պիտի աշխատավարձդ ստանաս, որ ընտանիքդ կարողանա գոյատևել, չէ՞»,- միջամտում է Խաչիկի կինը՝ Աննան:

Այժմ Ափոյանների բազմանդամ ընտանիքում միակ աշխատողն Աննան է, ով ամսական 60.000 դրամ աշխատավարձ է ստանում: Ստացածը չի հերիքում նույնիսկ ընտանիքի կենցաղային կարիքները հոգալու համար:

Խ. Ափոյանը պատմում է, որ 2015-2016թթ. ընկերության աշխատակիցներն աշխատավարձի հարցով դիմել են և՛ տնօրենին, և՛ Լոռու մարզպետին: Մարզպետի միջնորդությամբ աշխատակիցներին վճարվել է մեկ ամսվա աշխատավարձը: Երկրորդ անգամ նույն հարցով դիմող աշխատակիցներին մարզպետը պատասխանել է՝ հարցն իր իրավասությունների շրջանակում չէ:

Պարբերաբար դիմելով տնօրենին` Խ․ Ափոյանը ստացել է նույն պատասխանը՝ ձեռնարկությունը հնարավորություն չունի վճարելու․ «Ես ո՞նց կարամ տանն ասեմ՝ գիտեք ինչ կա, մենք աշխատել ենք, բայց ձեռնարկությունը հնարավորություն չունի վճարելու, պիտի դիմանաք, մինչև ձեռնարկությունը հնարավորություն ունենա. թե ձեռնարկությունն ա մեղավոր, որ փող չկա, թե ըտեղ մարդիկ կան ու ինչ-որ մարդիկ են մեղավոր, որ փող չկա, ես չգիտեմ»:

Ափոյաններն աշխատավարձի վճարման հարցով նամակով դիմել են վարչապետին, որտեղից այն վերահասցեագրվել է Լոռու մարզպետարան: Մարզպետարանից էլ դիմել են «Լոռի ՃՇՇ», ապա գրավոր պատասխան ուղարկել Ափոյաններին:

 Գրությամբ «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ի տնօրեն Արայիկ Վարդանյանը տեղեկացրել է.

««...Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ի ֆինանսական ծանր վիճակի պատճառով կուտակվել են աշխատակիցների աշխատավարձի որոշակի պարտքեր... Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերությունը աշխատանքները կսկսի գարնան ամիսներին, պարտավորվում ենք առաջին կիսամյակում մարել Խաչիկ, Վահե, Տարոն Ափոյանների պարտքերը»:

Խ. Ափոյանին այս գրությունը չի հուսադրում: Որպես փորձառու աշխատակից, վերջինս վստահ է՝ նշված ժամկետում ընկերությունը չի կարողանա մարել իր ընտանիքի պարտքը:

«Ես 10 տարի աշխատել եմ, ես համոզված եմ, որ ինքն առաջին կիսամյակում չի կարող վճարել մեր ամբողջ աշխատավարձը: Աշխատանքները ձեռնարկությունում սկսվում են ապրիլից: Դա էլ չգիտես մրցույթ կշահի, չի շահի: Պարտավորվել է, բայց որ ի վիճակի չլինի տալու, ո՞նց է տալու»,- ասում է նա:

 Մի քանի ամիս է` Ափոյան ընտանիքի տղամարդիկ աշխատանք են փնտրում: Նրանք պատրաստ են կատարել բանվորական ցանկացած աշխատանք: Նրանցից և ոչ մեկը, սակայն, դեռևս աշխատանք չի գտել: Ծննդավայրից հեռանալու մասին չեն էլ մտածում: Արտագաղթի թեման այս ընտանիքում քննարկման ենթակա չէ: Բոլորը գիտեն՝ ընտանիքի հոր՝ Խաչիկ Ափոյանի համար դա անընդունելի տարբերակ է:

Հ.Գ. Կուտակված աշխատավարձերի պարտքի թեմայով զրուցեցինք «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ի տնօրեն Ա. Վարդանյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ ընկերության աշխատավարձի պարտքը կազմում է 7-8 մլն դրամ: Տարբեր չափի աշխատավարձեր ունեն ստանալու շուրջ 50 աշխատակիցներ:

Թե ե՞րբ կկարողանան ամբողջությամբ մարել կուտակված աշխատավարձի պարտքը, Ա. Վարդանյանը դժվարացավ հստակ ժամկետներ նշել:

«Դա ամբողջությամբ կախված է աշխատանքներից, հաջողությունից: Եթե նորմալ աշխատանք լինի, մինչև այս տարվա վերջ հնարավոր կլինի մարել, բայց ոչ ձմռան ամիսներին: Այս ամիսներին ընդամենը ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքներ ենք կատարում»,- նշեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter