HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Շատ լավ բրենդ է՝ հատկապես Գյումրու մեկ կոմերցիոն կառույցի, բայց ոչ ամբողջ քաղաքի համար»

Գյումրու բրենդավորման շուրջ հասարակության մեջ առկա տրամադրությունները տարաբնույթ են եւ հակասական՝ բացասականից մինչեւ խիստ դրական, հեգնանքից մինչեւ անտարբերություն, չիմացությունից մինչեւ լավատեղյակ վերլուծություն, եւ մշտապես հնչող հարցադրում. «Արդյո՞ք ներկա պահին Գյումրուն պետք էր բրենդավորումը»:

Տիգրան Պետրոսյանի կարծիքով «Դիմ քոմյունիքեյշնզ»-ի (Deem Communications) ստեղծած բրենդը հաջողված է: Թիմը, որ աշխատել է կոնցեպտի վրա՝ պրոֆեսիոնալ է ու հնարավորինս գրագետ աշխատանք է կատարել, սակայն ըստ Տիգրանի, ստեղծված բրենդը Գյումրու կոմերցիոն մեկ կառույցի, բայց ոչ ամբողջ քաղաքի համար է: «Բրենդիգի առումով, կոնցեպտի առումով, «Դիմ քոմյունիքեյշնզ»-ի թիմն ամեն ինչ արել է շատ գրագետ, սակայն եկեք խոստովանենք, որ Գյումրին այնտեղ լիովին արտացոլված չէ: Գյումրին փոքր քաղաք է՝ բարդ, շերտերը շատ, հին քաղաք է՝ ունի իր ուրույն դիմագիծը, ու բնականաբար շատ դժվար էր լինելու այն ընդգրկել ամբողջությամբ: Կարող ենք ասել բռավո Դիմիին, որ համարձակություն ունեցավ ամեն դեպքում մոտենալու այնպիսի մի ծանրաձողի, որ կոչվում է Գյումրի»,- նկատում է Տիգրան Պետրոսյանը:

Զրուցակցիս համոզմամբ, բրենդը որ ստեղծվել է՝ իդեալական է քաղաքապետի ընտանիքին պատկանող Սեւ բերդ մարզահամերգային համալիրի համար: Շատ լավ կարող է աշխատել մեկ այլ բիզնես կառույցի՝ գարեջրի գործարանի համար, էլի ինչ-որ մասնավոր կառույցների: Եվ եթե նպատակն է զբոսաշրջիկներին ուղղորդել կոնկրետ օբյեկտներ, ապա ինչ ստեղծվել է, կարող է շահեկանորեն ծառայել կոնկրետ այդ վայրերի համար:


Տիգրան Պետրոսյան

«Գյումրու տեսլականը, զբոսաշրջության զարգացումը վարչապետի կողմից շատ արագ սահմանվեց, որին հետեւեցին գործուն քայլեր, ու մեղադրել, որ քաղաքն ինքն իրենով չհասցրեց իր բրենդը մշակել, կարծում եմ տեղին չէ: Բրենդ ունենալու կարիք կա իհարկե, բայց քաղաքը դեռ պատրաստ չէ դրան,-ասում է Տիգրան Պետրոսյանը,- այ, հիմա ցանկացած գյումրեցու, եթե հարցնես, ըստ քեզ, ո՞րն է Գյումրու բրենդը, ինքը կսկսի թվարկել մեծ թվով մարդկանց, երեւույթներ, շենք-շինություններ ու չի ընդհանրացնի: Մեկ կոմերցիոն բրենդ ունենալը նոր կարիք էր, եւ այդ կարիքի բավարարման առումով շատ ողջունելի է, որ մեկ կազմակերպություն, որը Հայաստանում հաղորդակցությունների, շոուների կազմակերպման առումով բավական լավ հեղինակություն ունի՝ միացավ այդ գործընթացին: Այլ հարց է, թե արդյունքը որքանով հասկանալի կամ ընդունելի եղավ հենց մեզ համար»:

Տիգրան Պետրոսյանի համոզմամբ, որքան էլ շեշտվի հանգամանքը, որ կատարած աշխատանքը նվեր է՝ չի կարելի գյումրեցուն վերաբերվել ինչպես աղքատ ազգականի եւ մեղադրանքներ հնչեցնել, թե իրենք ոչինչ չեն ձեռնարկում, այլոց արածին էլ անուն են կպցնում:

«Ես կողջունեի, եթե բրենդի մշակման ընթացքում իրենք հրավիրեին քննարկման գյումրեցիների ավելի լայն շրջանակի, հայտարարեին գաղափարների մրցույթ ու դրանց հիմքով աշխատեին: Հիմա մենք ունենք մեկ տարբերակ, որ քննարկում ենք, ու չկա մեկ ուրիշը, որ համեմատության մեջ երեւա լավն ու վատը: Ընդունում եմ, որ դա մի տեսակ կոռեկտ չէ էն թիմի նկատմամբ, որ աշխատել է դրա վրա, սակայն ստացված արդյունքը չի գոհացնում մեզ, եւ մենք օբյեկտիվորեն իրավունք ունենք այդ մասին խոսելու»,- ասում է Տ․ Պետրոսյանը:


Վահագն Ղուկասյան

«Երանուհի եւ Մարիամ Ասլամազյանների» պատկերասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանն ընդգրկված է եղել Գյումրիում ստեղծված աշխատանքային փոքր խմբում: Օգնել է «Դիմ քոմյունիքեյշնզ»-ի թիմին տեղեկություններ հավաքել քաղաքում գործող թանգարանների եւ այլ մշակութային օջախների մասին:

«Դե պարզ է, որ հնարավոր չէր հավաքել քաղաքի ողջ բնակչությանը՝ 120 հազար հոգի ու հարցնել, թե ամեն մեկն ինչ է ուզում: Իրենք մի քանի հոգու էին ընտրել, ու մենք փորձել ենք հնարավորինս օգնել մեր ունեցած տեղեկություններով, խորհուրդներով»,- ասում է Վահագն Ղուկասյանը: Նրա կարծիքով բրենդը հաջողված է: Բրենդի հիմնական նպատակը տուրիզմի զարգացումն է Գյումրիում: Զրուցակցիս համոզմամբ, ստեղծվել է մի գործիք, որը Գյումրին ավելի ներկայանալի է դարձնելու աշխարհին:

«Էս մեկ տարվա աշխատանքը, որի արդյունքը՝ բրենդը, մի քանի ամիս առաջ ներկայացվեց հանրությանը, քաղաքին տալիս է գործիք, որով պիտի կարողանանք մեր նպատակներն իրականացնել տուրիզմի զարգացման առումով: Ճիշտն ասած ես հիմա կդժվարանամ ասել, ուղղակի չեմ պատկերացնում, թե այդ գործիքը քաղաքային իշխանություննե՞րը պիտի օգտագործեն, մարզայի՞ն, թե՞ տուրիզմով զբաղվող կազմակերպությունները՝ դեռեւս հասկանալի չէ: Բայց փաստ է, որ ժողովրդի դուրը գալիս է, թե չի գալիս, կսիրեն, թե չեն սիրի՝ ստեղծվել է մի լավ գործիք, որ պետք է օգտագործենք, թե ինչպես, ինչ արդյունավետությամբ՝ ցույց կտա ժամանակը»,- ասում է Վահագն Ղուկասյանը:


Կարեն Պետրոսյան

Տնտեսագետ Կարեն Պետրոսյանը եւս հանդիպել է «Դիմ քոմյունիքեյշնզ»-ի  ղեկավարի եւ աշխատանքային խմբի հետ` նրանց հրավերով: Հանդիպումը կայացել է Գյումրու Բեռլին հյուրանոցում, ներկա է եղել առեւտրաարդյունաբերական պալատից եւս մեկ հոգի: «Բավական երկար ենք զրուցել, հայտնել եմ բոլոր նկատառումներս, պատկերացումները քաղաքի բրենդավորման հետ կապված,-պատմում է Կարեն Պետրոսյանը,- նախ ասեմ, որ քաղաքի բրենդն էականորեն պետք է տարբերվի բիզնես բրենդից, որովհետեւ բիզնես բրենդը բիզնես շահերի համար է, իսկ քաղաքի բրենդը քաղաքի ներկայացումն է՝ դա միայն բիզնես նպատակ չէ: Նախ եւ առաջ պետք է հասկանաս, թե Գյումրին ինչու՞ ես ներկայացնում աշխարհին, հետո նոր որոշես՝ ինչպես: Շատ կարեւոր է ունենալ այս երկու հարցերի հստակ պատասխանները, որն անկեղծ ասած, ես այդպես էլ չտեսա «Դիմ քոմյունիքեյշնզ»-ի ներկայացրած գործում»:

Զրուցակիցս նշում է, որ չէր ցանկանա Գյումրու բրենդը որեւէ կերպ նույնացվեր ու ներկայացվեր ինչ-որ ընկերություններով, առավել եւս, որ այդ ընկերությունների մեծամասնությունը պատկանում է մեկ անձի: Գյումրին չի կարող ապրանքներով բրենդավորվել, պնդում է Կարեն Պետրոսյանը, որովհետեւ Գյումրին ինքնին ոչ նյութական, հոգեւոր, հավատքի, արժեքային հիմք ունեցող քաղաք է:

«Եթե դու լսում ես Գյումրու մասին երգերը՝ նրա մեջ ամենուր նշվում է Գյումրու արժեքայնությունը՝ Հայաստանի «աղն» ես Գյումրի, վստահաբար խոսքը աղ արտադրող ընկերության մասին չէ, չէ՞, իր կոլորիտն է ներկայացված: Էս բրենդի մեջ չկար Պոլոզ Մուկուչի, Ծիտրո Ալեքի կերպար ունեցող գյումրեցին, Արտուշ Գյոդակյան դերասանի, նկարիչ Վազգենի կերպարն ունեցող գյումրեցին, խոսքս էն կոլորիտի մասին է, որ մենք գիտենք, ծանոթ ենք, բայց որը բացահայտելու համար օտարը պիտի ոչ թե ուսումնասիրի, այլ առնվազն պիտի տարիներով ապրի Գյումրիում, ոչ թե ասի՝ ես սիրահարված եմ, ինչպես գիտենք, սիրահարված մարդիկ շատ բաներ չեն նկատում, այլ իրապես պիտի սիրի այն աստիճան, որ իր սիրո արդյունքում սիրո առարկայի ինքնությունը չաղավաղվի»:

Կարեն Պետրոսյանը համարում է, որ չարժե քաղաքը միայն տուրիզմի համար բրենդավորել: Կարելի է բրենդավորել մի քանի ուղղություներով՝ ասենք ներդրումների ներգրավման համար, Գյումրին որպես մշակութային կենտրոն  եւ այլն: Զրուցակցիս կարծիքով G-ի ապրանքանիշով Գյումրին ճանաչելի չի դառնում: «Իրենց մեկնաբանմամբ սա թարս հայելային G է, կարող է պառկած կամ հանգստի գնացած G-ի է, չգիտեմ, չեմ հասկանում: Եվ որտե՞ղ է երեւում մեր բացառիկ շնորհը, G-ի՞ մեջ,- հարցնում է Կարեն Պետրոսյանը,- Գյումրին ներկայացված է շատ սահմանափակ տիրույթում: Ու՞ր է բրենդի պաթոսը, ու՞ր են մտածումները, ու՞ր է Գյումրու միֆը, Գյումրու հեքիաթը չկա: Ու՞ր է պայքարողի, արարողի, մնացողի քաղաքը, ու՞ր է Յոթվերքի քաղաքը, ու՞ր է շինարարի քաղաքը: Չպետք է բրենդը նյութականացնել: Եթե բրենդը օգտագործելու ենք, որ տուրիստը գնա Սեւ բերդ ու գարեջրի գործարան, շատ լավ, ես ոչ մի առարկություն չունեմ, բայց եկեք ազնիվ լինենք ու ասենք, որ դա բիզնես բրենդ է ու արված է այդ նպատակով՝ որեւէ մեկը չի առարկի: Բայց չպետք է բրենդն ասոցիացիաներ առաջացնի անձանց հետ՝ դա արդեն բրենդի սխալ կողմն է»:


Սարգիս Հովհաննիսյան

Արվեստագետ Սարգիս Հովհաննիսյանն առայժմ դժվարանում է կոնկրետ որեւէ կարծիք հայտնել: Ինքն էլ է հանդիպել «Դիմ քոմյունիքեյշնզ»-ի աշխատանքային խմբի հետ, տեղեկացել է, որ ցանկանում են Գյումրին բրենդավորել զբոսաշրջության համար, ստեղծվելու է լոգո, որն ավելի ներկայանալի է դարձնելու քաղաքը: Սարգիսն իր կարծիքը, տեսակետն այդ հանդիպման ժամանակ հայտնել է:

«Ըստ ինձ, մենք այս պահին պատրաստ չենք բրենդավորվելու, մանավանդ, որ նույն այդ տուրիստին, նույն այդ աշխարհին ներկայանալու տեսակետից էնպիսի բացեր ունենք, որ առանց դրանք լրացնելու խոսել բրենդավորման, ներկայանալի լինելու մասին՝ անիմաստ է,- ասում  է Սարգիս Հովհաննիսյանը,-տարրական բան ասեմ. անընդհատ շետշում ենք՝ արվեստի քաղաք, ու՞ր է էդ քաղաքի արվեստն ամբողջացնող պատկերասրահը: Մենք չունենք մի տեղ, որ Գյումրի եկած տուրիստին տանենք, ասենք՝ նայի, այստեղ ամբողջացված է Գյումրու արվեստի պատմությունը: Ասում ենք արհեստի քաղաք, իսկ ի՞նչ ձեւով ենք դա ուզում ներկայացնել: Ես ասեմ, ընդհանուր առմամբ բրենդի իդեան վատը չէ, բայց արդյո՞ք դրա ժամանակն էր: Շատ անհասկանալի է նաեւ լոգոն՝ ներկայացված G-ի տառով: Կարող էր I տառը լինել, բայց դա պիտի մեզ արտացոլեր լիովին, պիտի նայեիր ու առանց հուշումների հասկանայիր, որ սա էդ բրենդն է: Չի ստեղծվել մի բան, որ կամբողջացներ Գյումրին՝ իմ կարծիքով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter