HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ինչ չափանիշերի պետք է համապատասխանեն քաղաքացիները տարկետում ստանալու համար

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է նախագծեր, որոնցով սահմանվում են հայտարարված զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կառավարության որոշմամբ քաղաքացուն տարկետում տալու ընթացակարգերը։ Հիշեցնենք, Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենսդրական նախաձեռնության ընդունումից հետո տարկետման կարգը խստացվում է: Նախագծերը հրապարակվել են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am-ում: Համաձայն նախագծերից մեկի` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում կստեղծվի գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողով: Հանձնաժողովի կազմը պետք է բաղկացած լինի ոչ պակաս, քան՝ 11 անդամից,  որում պետք է ներառվեն Կրթության և գիտության ու Պաշտպանության նախարարություններից, ինչպես նաև գիտության և կրթության բնագավառների հեղինակավոր մասնագետներ:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ գիտության և կրթության բնագավառների զարգացման համար կառավարության կողմից գերակա ճանաչված ոլորտներում գործունեություն (ուսումնառություն) իրականացնող քաղաքացիները:

Գիտության և կրթության բնագավառների զարգացման համար գերակա ճանաչված ոլորտներում քաղաքացիների ձեռքբերումները հաշվարկվում են բալային միավորների համակարգով՝ առավելագույնը 100 բալային միավորի սահմանաչափով:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք են ձեռք բերում առնվազն 80 բալային միավոր հավաքած քաղաքացիները:

Գերակա ճանաչված յուրաքանչյուր ոլորտի համար սահմանվում են տարբեր բալային միավորներ՝ առավել բարձ միավորներ նախատեսելով արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների համար: Գերակա ճանաչված յուրաքանչյուր ոլորտում քաղաքացու ձեռքբերումների համար հիմք են համարվում՝ տվյալ ոլորտի վերաբերյալ հրապարակումները (մենագրություններ, գրախոսվող գիտական ամսագրերում հոդվածներ), գիտաժողովներին մասնակցությունը, գիտակրթական մրցանակները (միջազգային հեղինակավոր մրցույթներ, նախագահի կողմից սահմանված մրցույթներ, դպրոցական կամ այլ բնույթի առարկայական օլիմպիադաներում հաղթանակներ): Բալային միավորների հաշվարկման մեթոդաբանությունը սահմանվում է հանձնաժողովի աշխատակարգում:

Տարկետում ստանալու իրավունք վերապահող բալային միավորներ հավաքած քաղաքացուն կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով: Տրված տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադարեցվելու դեպքում քաղաքացին կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի: Քաղաքացուն տրված տարկետման ժամկետի ավարտից հետո գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար քաղաքացուն կրկին կարող է տրվել տարկետում՝ այս որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով:

Մեկ այլ նախագծով կարգավորվում են մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հարաբերությունները:

Նախագծի համաձայն` մշակույթի և արվեստի բնագավառներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար քաղաքացին կարող է մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնել Մշակույթի նախարարին: Դիմումին կից ներկայացվում են քաղաքացու անձը հաստատող և այս կարգի համաձայն համապատասխան բնագավառում նշանակալի նվաճումները հաստատող փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները: Ինչ վերաբերում է չափորոշիչներին, ապա պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ մշակույթի և արվեստի բնագավառներում հետևյալ ձեռքբերումներ ունեցող քաղաքացիները՝

  .Մշակույթի և արվեստի բնագավառներում օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչում ստացած քաղաքացիները, եթե հանդիսանում են նախատեսված առնվազն մեկ նախագծի հաղթող կամ մրցանակակիր,

 .Կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր առնվազն երեք նախագծերի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթողներ կամ մրցանակակիրներ դարձած քաղաքացիները:

 .Միջազգային հեղինակավոր հարթակներում/բեմերում և խոշոր միջոցառումներում (փառատոներ, համերգներ, ցուցահանդեսներ) պարբերաբար հանդես եկող քաղաքացիները:

Նախագծում նշվում է նաև, որ քաղաքացուն տրված տարկետման ժամկետի ավարտից հետո մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումների համար քաղաքացուն կրկին կարող է տրվել տարկետում՝ այս որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով:

Հրապարակվել է նաև մեկ այլ նախագիծ, որով էլ կարգավորվում է սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին տարկետում տրամադրելու կարգը: Նախագծի համաձայն` համապատասխան բնագավառում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար քաղաքացին, իսկ սպորտի բնագավառում թիմային մարզաձևերի շրջանակներում՝ նաև համապատասխան մարզաձևի ազգային ֆեդերացիայի նախագահը, կարող է մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին: Դիմումին կից ներկայացվում են քաղաքացու անձը հաստատող և սույն կարգի համաձայն սպորտի բնագավառում նշանակալի նվաճումները հաստատող փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից բնօրինակ փաստաթղթերը համեմատվում են դրանց պատճենների հետ, որից հետո բնօրինակ փաստաթղթերը վերադարձվում են դիմումատուին:

Տարկետում կարող են ստանալ սպորտի բնագավառում հետևյալ ձեռքբերում ունեցող քաղաքացիները.

.Օլիմպիական մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների կամ երիտասարդների կամ պատանիների) կամ օլիմպիական խաղերում, կամ եվրոպական խաղերում, կամ պատանեկան օլիմպիական խաղերում, կամ համաշխարհային ունիվերսիադայում 1-5-րդ տեղեր  գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած, կամ առաջիկա օլիմպիական կամ պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներ, շախմատի համաշխարհային օլիմպիադայում 1-5-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկներ կամ շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված  և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկներ: Սույն ենթակետում նախատեսված պայմանը կիրառելիս թենիս մարզաձևում Դևիսի գավաթի խաղարկությունը հավասարեցվում է մեծահասակների աշխարհի առաջնությանը, իսկ Եվրոպայի գավաթի խաղարկությունը հավասարեցվում է մեծահասակների Եվրոպայի առաջնությանը,

.Ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու (բացառությամբ կատա-ների), սամբո մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների կամ երիտասարդների առաջնությունում կամ եվրոպական խաղերում կամ համաշխարհային ունիվերսիադայում 1-3-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկներ և ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու (բացառությամբ կատա-ների), սամբո մարզաձևերում աշխարհի կամ Եվրոպայի պատանիների առաջնությունում 1-2-րդ տեղերը գրաված  և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկներ:

.Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականների (պատանեկան, երիտասարդական և մեծահասակների) անդամ հանդիսացող մարզիկներ, սակայն ոչ ավելի, քանի յուրաքանչյուր հավաքականից՝ 22 մարզիկ:

.Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո միջազգային առաջնություններին մասնակցող մարզիկները:

Նախատեսված պայմանները բավարարող քաղաքացուն կառավարության որոշմամբ տարկետում տրվում է չորս տարի ժամկետով, տրված տարկետման ժամկետի ընթացքում մարզաձևերի ազգային ֆեդերացիաները յուրաքանչյուր տարի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն են ներկայացնում տեղեկատվություն՝ քաղաքացու կողմից համապատասխան ազգային հավաքականում ընդգրկված լինելու վերաբերյալ: Եթե ներկայացված տեղեկատվության համաձայն քաղաքացին ընդգրկված չէ համապատասխան ազգային հավաքականում, ապա նախարարությունը կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին որոշման նախագիծ, որի ընդունումից հետո քաղաքացին հայտարարված զորակոչի շրջանակներում ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի:

«Քաղաքացուն տրված տարկետման ժամկետի ավարտից հետո սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար քաղաքացուն կրկին կարող է տրվել տարկետում՝ սույն որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով, ընդ որում, կրկին տարկետում տալու հարցը սույն կարգի պահանջներին համապատասխան քննարկելիս հաշվի չեն առնվում նախկինում տարկետում տրամադրելու համար հիմք ընդունված պայմանները»,- ասված է նախագծում:

Տեղեկացնենք, որ այս նախագծերը դեռևս պետք է հաստատվեն կառավարության կողմից, ապա ուղարկվեն խորհրդարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter