HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2017 թվականի գործունեության արդյունքները

Այսօր Հարկադիր կատարման ծառայությունում քննարկվել և ամփոփվել են ծառայության 2017 թվականի գործունեության արդյունքները:

Հրավիրված աշխատանքային ամփոփիչ խորհրդակցությունը վարել է գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:

Խորհրդակցության ընթացքում, ըստ սահմանված ընթացակարգի, ծառայության բաժինների պետերը ներկայացրել են տարեկան հաշվետվությունը՝ ինչպես հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների, այնպես էլ իրականացված այլ առանցքային  ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ:

Ծառայության կողմից 2017 թվականին գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 26 742 071 800 ՀՀ դրամ, որը գերազանցել է 2016 թվականի ցուցանիշը շուրջ 23.4%-ով: Նշված ցուցանիշից պետական բյուջեի օգտին է վերականգնվել 6 143 574 927 դրամ,  իրավաբանական անձանց օգտին բռնագանձվել է 16 095 369 338 դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝ 1 460 565 406 դրամ, այլ (ոչ գույքային) բնույթի կատարողական վարույթներով՝ 2 351 638 229 դրամ, իսկ հայցի ապահովման բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել  է 690 923 904 դրամ:

Ծառայության կողմից հաշվետու ժամանակաշրջանում ընթացք է տրվել 1 599 389 կատարողական վարույթների: Այս ցուցանիշը գերազանցել է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշը շուրջ 4.9%-ով: 

2017 թվականին Ծառայությունում կարճվել են 459 591 կատարողական վարույթներ: Նշված ցուցանիշը 16.6%-ով ավել է 2016 թվականի ցուցանիշի համեմատությամբ:

Ավարտվել են 1 104 552 կատարողական վարույթներ: Այս ցուցանիշն, իր հերթին գերազանցել է 2016 թվականի նույն ցուցանիշը 2.5%-ով:

Տարեվերջին մնացորդային կատարողական վարույթները կազմել են 35 246:

Ի թիվս կատարողական վարույթներին առնչվող այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացի բարելավմանն ուղղված աշխատանքները: Հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, ինչպես նաև հարկադիր կատարողի հայեցողական լիազորությունների կանոնակարգման նպատակով գլխավոր հարկադիր կատարողի համապատասխան հանձնարարականներով նախորդ տարի ներդրվել են բռնագանձման ենթակա գույքերի իրացման գործընթացի հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովող հավելյալ մեխանիզմներ: Արմեն Հարությունյանը հանձնարարել է իրավասու ստորաբաժանման ղեկավարներին նոր մեխանիզմներ առաջարկել աճուրդային գործընթացն էլ ավելի կատարելագործելու և դրա մասնակիցների համար հատուկ առանձնացված կայքում նոր հնարավոր հասանելի գործիքների ներդրման վերաբերյալ:

Ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետը զեկուցել է հաշվետու տարվա ընթացքում Ծառայության բաժիններում կատարողական վարույթների համալիր կամ ընտրական կարգով անցկացված տեսչական ստուգումների արդյունքների մասին: Մասնավորապես, գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով անցկացվել են 16 ծառայողական քննություններ, և կատարված ուսումնասիրությունների ու ծառայողական քննությունների արդյունքներով գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով 2017 թվականին կարգապահական պատասխանատվության են ենթարկվել 19 հարկադիր կատարողներ, որոնցից 3-ն ազատվել են ծառայությունից: Արմեն Հարությունյանը տեսչական և վերլուծական բաժնին հանձնարարել է նոր միջոցներ ձեռնարկել՝ կարգապահական խախտումները ծնող պատճառները և դրանց նպաստող պայմանները հնարավորինս արագ բացահայտելու ուղղությամբ՝ հետագայում խախտման հնարավոր դեպքերը բացառելու նպատակով:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը կարևորել է նաև արդեն կատարված և առաջիկայում սպասվելիք օրենսդրական փոփոխությունները, մասնավորապես՝ հարկադիր կատարմանն առնչվող նոր օրենքների ու իրավական ակտերի ընդունումը, որոնք ուղղված են գործող օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործմանը:

Ամփոփիչ նիստի ընթացքում քննարկվել են նաև Ծառայությունում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ներդրված մի շարք նորարարություններ, որոնցից է քաղաքացիների առցանց գրանցման համակարգի ներդրումը վարչական շենքում գործող արագ սպասարկման գրասենյակում: Արմեն Հարությունյանին զեկուցվել է, որ այլ աշխատանքներից զատ՝ արդիականացվել է նաև կատարողական վարույթների հաշվառման էլեկտրոնային  շտեմարանը:

Նիստի ընթացքում գլխավոր հարկադիր կատարողին ներկայացվել է, որ 2017 թվականին ավելացել է անցկացված մրցույթների հաճախականությունը, ինչպես նաև վերանայվել և հստակեցվել է հարկադիր կատարողների վերապատրաստման դասընթացների թեմատիկ ցանկը: Մրցույթների արդյունքներով հաշվետու ժամանակաշրջանում Ծառայությունում աշխատանքի են ընդունվել 39 հարկադիր կատարողներ:

Ամփոփիչ խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2017 թվականին Ծառայության գործառույթների և նոր ծրագրերի մասին քաղաքացիներին իրազեկման ուղղությամբ կատարված աշխատանքները: Մասնավորապես, ներկայացվել է, որ հաշվետու ժամանակաշրջանում Ծառայության գործառույթների և նոր ծրագրերի մասին քաղաքացիներին իրազեկելու նպատակով պատրաստվել և տարածվել են 5 տեղեկատվական տեսանյութեր՝ իրազեկման հոլովակներ՝ ծանուցման այլընտրանքային էլեկտրոնային մեխանիզմների, Ծառայության արագ սպասարկման գրասենյակից օգտվելու կարգի, առկա պարտավորությունների կատարմանն ուղղված վճարման եղանակների, ինչպես նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդների և դրանց մասնակցության ընթացակարգի մասին: Ծառայությունում անցկացված միջոցառումների վերաբերյալ պատրաստվել և տարածվել են 7 տեղեկատվական տեսանյութեր: Նպատակ ունենալով քաղաքացիներին իրազեկել Ծառայությունում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող նոր արդիական ծրագրերի մասին՝ 2017 թվականին մշակվել և տարածվել են տեղեկատվական բուկլետներ, որոնք քաղաքացիներին են տրամադրվում Ծառայության բոլոր ստորաբաժանումներում: Զեկուցվել է նաև, որ Ծառայության որդեգրած քաղաքականությանը համապատասխան՝ շարունակվելու է մարմնի գործառույթների ու նոր ծրագրերի լուսաբանումը տարբեր միջոցներով, որը, միանշանակ, հետապնդում է մեկ հիմնական նպատակ՝ քաղաքացիներին առավելագույնս պարզ և մատչելի ներկայացնել կատարողական վարույթների շրջանակում իրենց իրավունքներն ու պարտականությունները:

Գլխավոր հարկադիր կատարողն անդադարձել է նաև միջազգային հարթակում Ծառայության հաջողություններին: Զեկուցվել է, որ 2017 թվականին Ծառայությունն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ինչպես ԱՊՀ, այնպես էլ մի շարք եվրոպական երկրներում անցկացվող միջազգային գիտագործնական համաժողովներին, սեմինարներին, մասնագիտական այլ միջոցառումներին` նպատակ հետապնդելով պատշաճ հիմքեր և նախադրյալներ ստեղծել հարկադիր կատարման ոլորտում միջազգային առաջադեմ փորձի ներմուծման ու համակարգի հետագա կատարելագործման համար:

Այնուհետ 2017 թվականին կատարված աշխատանքների արդյունքներով Ծառայության աշխատակիցները պարգևատրվել և խրախուսվել են:

Արմեն Հարությունյանի հրամաններով «Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնի լավագույն բաժին» ու «Հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների լավագույն բաժին» ամենամյա փոխանցիկ մրցանակները հանձնվել են Ծառայության կենտրոնական մարմնի տեսչական և վերլուծական բաժնին՝ ի դեմս բաժնի պետ, արդարադատության գնդապետ Լևոն Բալյանի, և Սյունիքի մարզային բաժնին՝ ի դեմս բաժնի պետ, արդարադատության գնդապետ Սուրիկ Ծատրյանի: Կառույցի ղեկավարը շնորհավորել է լավագույն բաժնի կոչմանն արժանացած ստորաբաժանումներին՝ նշելով, որ նրանց վրա կրկնակի պատասխանատվություն է դրվում աշխատանքն արդյունավետորեն կազմակերպելու և ձեռքբերված ցուցանիշները կատարելագործելու գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter