Կիրակի, 23 սեպտեմբերի

Ծնողներն ահազանգում են՝ դասվարը պարբերաբար հարվածում է երեխաներին



Հունվարի 15-ին Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցի դասվար Անահիտ Նազանյանը, բարկանալով երեխաներից մեկի վրա, փորձել է մաթեմատիկայի դասագրքով հարվածել նրան, սակայն երեխան մի կողմ է քաշվել, և գիրքը դիպել է այլ երեխայի՝ 9-ամյա Աննա Մուրադյանին: Երեխայի քիթը սկզբում կարմրել  է, հետագայում արդեն` կապտել և ուռել: Ուսուցիչն այդպես էլ չի ընդունել երեխային հարվածելու մեղքը, որքան էլ դասարանի երեխաները փաստել են դա:

«Դասի ընթացքում աղմուկ է եղել, աղջկաս կողքի նստած տղային ասել է` շրջվի, երեխան առաջին անգամ չի լսել, երկրորդ անգամ նորից բղավել է վրան, երեխան նորից չի լսել: Երեխան ասում է՝ գիրքն այնպես հեռվից բերեց... գլուխը փախցրել է տղան, ուղիղ աղջկաս քթին է կպել, որ ինքը միջնապատի հետ խնդիր ուներ: Երեխան ցավից մի կերպ, արցունքները զսպած, նստել է»,- ասում է Աննա Մուրադյանի մայրը՝ Լուսինե Սարգսյանը:

Լուսինե Սարգսյանը հավաստում է՝ գրքով հարվածելու, անպատվելու դեպքերն այդ դասարանում արդեն սովորական են դարձել, սակայն այս մասին ծնողներին չեն տեղեկացրել՝ վախենալով, որ կբարկանան, իրենց կմեղադրեն. «Երեխան բացահայտ ասում է՝ ես զզվում եմ ընկեր Նազանյանից, անընդհատ գոռում է, խփում է երեխաներին: Ես չուզեցա նշանակության տալ: Հնարավոր է և զայրացնեն, ակտիվ երեխաներ են, բայց բանից պարզվեց՝ հերիք չի գիտելիք չի տալիս, երեխաների վրա էլ ձեռք է բարձրացնում: Գրքով անդադար գլխներին հարվածել է: «Ռեխներդ փակեք», անշնորհք արտահայտություններ է արել: Երեխան գնում է տուն, ծնողին հարցնում է՝ մամա, ռեխն ինչ ա նշանակում»,- ասում է Լուսինե Սարգսյանը:

Մինչ երեխային հարվածելու դեպքը, Լուսինեն այլ ծնողների հետ դիմել էր դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանին: Նրան խնդրել են փոխել ուսուցչին, քանի որ գոհ չեն եղել թե՛ նրա տված գիտելիքներից, թե՛  վարվելաձևից: Տնօրենը հավաստիացրել է, որ հաշվի կառնի բարձրացված խնդիրները, սակայն որևէ քայլ չի ձեռնարկել:

Արդեն վեց ամիս է` հարաբերությունները լարված են «4 բ» դասարանի մի խումբ  ծնողների և դպրոցի տնօրենի միջև: Ծնողների փոխանցմամբ՝ ուսումնական տարվա սկզբին երեխաները դասվար չեն ունեցել, դեկտեմբեր ամսին նոր ուսուցիչ է եկել, որին երեխաները չեն ընդունում և հարմարվում` պատճառաբանելով, որ իրենց հարվածում, անպատվում է:

Ծնողները նաև բողոքում են դպրոցի շենքային պայմաններից, մասնավորապես՝ ֆիզիկական կուլտուրայի դահլիճից և դասասենյակներից: Ասում են՝ դասասենյակները խոնավ են, պատերը` բորբոսնած, իսկ դահլիճն այնքան խոնավ է, որ արգելում են երեխաներին մասնակցել այդ դասերին, քանի որ դրանցից հետո մշտապես հիվանդանում են:

Սոնա Հովհաննիսյանը ևս արգելել է իր երկու երեխաներին մասնակցել ֆիզկուլտուրայի դասերին, քանի որ մշտապես հիվանդացել են: Ասում է՝ պատերը խոնավ են, հատակը` պոկված։  «Երեխան գնում է ֆիզկուլտուրայի, ուսուցչուհին ասում է՝ դու և եղբայրդ ոնց որ ոչխար լինեք: Գնում եմ տնօրենի մոտ, ասում եմ՝ ինչ իրավունք ունեք երեխային ասեք ոչխար, եթե ձեր պատալոկից բորբոսը կախված է: Ասում է՝ դա բորբոս է, ես հասկանում եմ, բայց սանէպիդկայանը գրությունով թույլ է տվել, որ էդտեղ ֆիզկուլտ անեն»,- ասում է Սոնա Հովհաննիսյանը:

Այս հանդիպումից հետո ծնողը դիմել է Առողջապահության նախարարության Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն, որտեղից հայտնել են, որ այդ դպրոցում ստուգումներ չեն կատարել, իրենք չէին կարող թույլատրել բորոբոսապատ առաստաղով դահլիճում ֆիզկուլտուրա անել: Սոնայի խոսքով՝ տնօրենին այս մասին տեղեկացնելու հաջորդ օրը դպրոցի աշխատակիցներն առաստաղները մշակել են նավթով, փակել են դահլիճը, և երեխաները երեք օր ֆիզկուլտուրայի դաս չեն արել:

Չորեքշաբթի Սոնան և այլ ծնողներ հանդիպել են դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանին, կրկին տեղեկացրել իրենց բողոքների մասին: Սոնան նաև պատմել է, որ որդուն՝ Հայկ Վարդանյանին, ուսուցիչը պարբերաբար մաթեմատիկայի դասագրքով հարվածել է: Ծնողները պահանջել են փոխել ուսուցչին, սակայն Արիստակեսյանը հայտնել է, որ հնարավոր չէ: Սոնան ասում է՝ երբ տնօրենի սենյակ մտնելիս է եղել դասվար Անահիտ Նազանյանը, մեթոդմիավորման նախագահ Շահվերդյանը դռան շեմքին դասվարի ականջին շշնջացել է, թե` կասես այլանդակ դասարան է, որի մասին ինքը լսել է. «Տնօրենն ասում է՝ հանեք տարեք, չի բավարարում ձեզ էս դպրոցը: Ասում եմ՝ Դուք տեղյակ եք, որ խփում են, ասում է՝ այո, տեղյակ էի, հո չէի հանելու այդ ուսուցչին: Ասեցի՝ չէ, մի հանեք, թողեք` երեխեքին լավ ծեծեն»,- ասում է ծնողը` փաստելով, որ տնօրենի հետ ունեցած այս զրույցի ձայնագրությունն ունի:

Ծնողները հունվարի 17-ին դիմում-նամակ են գրել դպրոցի տնօրենին՝ պահանջելով փոխել ներկայիս ուսուցչին՝ Անահիտ Նազանյանին, և որ մաթեմատիկա և հայոց լեզու դասավանդեն նախկին ուսուցիչները: Սակայն, տնօրենը չի վերցրել ծնողների ներկայացրած այդ դիմումը:

Ծնողների փոխանցմամբ՝ դպրոցում դասավանդում են նաև տնօրենի քույրը, ամուսինն ու այլ բարեկամներ: Ծնողներից Տաթևիկ Ամիրյանի հաղորդմամբ՝ տնօրենի քույրը դասղեկ է մի դասարանի, որի մատյանին այլ ուսուցչի անուն է գրված: Ասում է՝ իրենցից հաճախ նաև պատճենահանման գումարներ են պահանջում՝ թեմատիկ աշխատանքները պատրաստելու համար: Պատճառաբանում են, որ պատճենահանելու իրենց սարքը փչացել է, այլ տեղ պետք է պատճենահանեն, սակայն ծնողները պարզել են, որ սարքն աշխատում է, և այդ պատճենահանումները տնօրենի քույրն է անում, ով դպրոցում սոցմանկավարժ է աշխատում: Տաթևիկը ևս տնօրենին բողոքել է դպրոցում տիրող անօրինականությունների, դասվարի կոպիտ պահվածքի մասին, վերջինս հակադարձել է, որ կարող է երեխային դպրոցից հանել, այլ դպրոց տեղափոխել։ «Ու որ դիմում ես, ասում է՝ սենց է, սա իմ տունն է, ես եմ որոշում, վերցրու թղթերը, հանի, տար ուրիշ դպրոց: Ես այս դպրոցն եմ ուզում, սա է ինձ հարմար, սա ինձ մոտիկ է: Էստեղ լավ մանկավարժներ կան, որ աշխատում են: Ինչի՞ պետք է հանեմ, տանեմ ուրիշ տեղ»,- նշում է նա:

Ծնողները նաև պատկան մարմիններից պահանջում են ուսումնասիրել դպրոցի գործունեության փաստաթղթերն ու կատարված ծախսերը, քանի որ կասկածում են, որ անօրինական գործարքներ և ուռճացված ծախսեր են արվել:

Դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանը մեզ հետ զրույցում հերքեց ծնողների նշած փաստերը: Ասաց, որ Աննա Մուրադյանին ուսուցիչը չի հարվածել, դա իրենց հետ որևէ կապ չունի: Դիտարկմանը, թե այլ երեխաներ ևս պատմել են, որ իրենց պարբերաբար հարվածել են, տնօրենը պնդում է, որ իրենց մոտ եղել են ծնողները, պարզաբանել են, որ նման բան չի եղել։

«Երեխայի քթի վրա ես ոչ մի հետք չեմ տեսել, դա ի՞նչ նկար է, ես չգիտեմ և նման բան էլ չի եղել, որ գրքով հարվածի, գրքի տեղը երևա երեխայի քթին»,- ասում է տնօրենը:

Անդրադառնալով դպրոցի շենքային պայմաններին՝ տնօրենը նշում է, որ 23 մլն դրամի աշխատանք կա անելու, որը մոտակա տարիներին ծրագրով պետք է իրականացնեն:

Խոսելով կրթության որակի մասին՝ Ժ. Արիստակեսյանը հավաստում է, թե ինքը, փոխտնօրենը, մեթոդմիավորման նախագահը դիտարկումներ են կատարել դասարանում և պարզել, որ ուսուցիչը ծրագրին համապատասխան ուսուցում է իրականացնում, երեխաների մոտ հետընթաց չկա: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (34)
1. Գևորգ02:56 - 23 հունվարի, 2018
Առաջին նախադասության մեջ խնդրում եմ ուղղում կատարել՝ գիրքը կպել է, կամ դիպել է, ոչ թե դիպչել է:
2. Արտաշես Կարապետյան02:58 - 23 հունվարի, 2018
Սա շատ տարածված և տիպիկ դեպք է։ Տարիներ առաջ նման անառակ դասավանդում էր նաև մեր դպրոցում։ Խփում էր աջ ու ձախ, անպատվում, ստորացնում։ Այսօրվա նման հիշում եմ, թե ինչպես էր մեր դասարանի տղաներից մեկը միզում տակը (վախից), իսկ ինքը այդ տղային դարձնում էր ծաղրուծանակի առարկա։ Կարևորն այն է, որ դասերից հետո էլ այնպես էր ներկայացնում, որ էտ խեղճին մի հատ էլ տանն էին ծեծում։ Ցուցափայտը մի անգամ կոտրեց մի աղջկա գլխին, հետո էլ կոտրված ցաւցափայտով շարունակում էր հարվածել այդ աղջկան՝ իբրև նյարդայնացած է։ Ուղղակի կողքիս նստած տղայի հետ խոսելու համար այնպես հարվածեց քիթուբերանիս, որ արյունն անմիջապես հոսեց քթիցս։ Մայրիկիս էլ ասաց իբրև դասի ժամանակ վազել եմ, ընկել ու քիթս գետնին եմ խփել։ Մի հատ էլ հորդորեց, որ տանն էլ ինձ ծեծեն։ Սակայն կարևորն այն է, որ ոչ մեկս տանը չէինք պատմում այդ կնոջ արածները։ Սա որպես նախաբան։ Հիմա անդրադառնամ Անահիտ Նազանյանին։ Ես նրան չեմ ճանաչում, բայց զուգահեռներ անցկացնելով իմ ուսուցչուհու՝ Ղուկասյան Օֆիկի հետ, կարող եմ միանշանակ ախտորոշել ՍԵՌԱԿԱՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ։ Միայն այս դեպքում կարող է կինը (այն էլ մանկավարժը) ձեռք բարձրացնել երեխայի (այն էլ ուրիշի երեխայի) վրա։ Անհապաղ պետք է անցկացնել հետաքննություն և դուրս վռնդել այդ ուսուցչուհուն։
3. Արմինե12:51 - 23 հունվարի, 2018
Ամոթ է!!! Ամեն անմակարդակի հնչեցրած կարծիք չի կարելի հրապարակել!! Իսկ մեկնաբանողներին խորհուրդ կտամ գրելուց առաջ տեղեկանալ՝ նյութը համընկնում է իրականությանը, թե ոչ:
4. Արտավազդ13:09 - 23 հունվարի, 2018
ՀԵՔԻԱԹ!!!
5. Արմինե13:30 - 23 հունվարի, 2018
Պատվավոր մարդկանց անհիմն մեղադրելուց առաջ շաաատ հիմնովին ճշտեք փաստերը. Ոչ մի իրավունք չունեք անմեղ մարդուն մրոտել ձեր ներքին տկար ու չկայացած ուղեղի անբավարար աշխատանքի պատճառով. Գրելուց առաջ Ձեզ հաշիվ տվեք.որ փաստերը ի տարբերություն ձեր սարքած ու կեղծ զառանցանքներ,կարող են ամենաՄաքուր ր ազնիվ ճանապարհով պարզել և իրավական պատասխանատվության ներկայացնել այս անհիմն հոդվածի հեղինակներին. Ամոթ է !!! Ինչպես կարող եք առանց հիմքի կեղծ նյութ ներկայացնել.Չէ որ կեղծը միշտ էլ բացահայտվում է շատ արագ և ազնիվ մարդուն վարկաբեկելու համար արդեն պատասխան կտան կեղծված նյութեր դավողները . Ամոթ է . Դատապարտելի է կեղծել արդար և անմեղ մարդու աշխատանքը . Եվ ի տարբերություն ոմանց, Անահիտ Նազանյանը հարգաված մարդ, սիրված կին, բազմազավակ Մայր և լավ մանկավարժ է. Գոնե դրանից ԱՄԱՉԵՔ. որովհետև հիմա արդեն կեղծ մեղադրողները պատասխան կտան Անահիտ Նազանյանին և ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ.
6. Օֆելյա14:51 - 23 հունվարի, 2018
Սա Խայտառակություն է Առանց Մարդուն ճանաչելու և փաստերը Ճշտելու իրավունք չունեք վարկաբեկելու Ոչ Ոքի Անուն. Պատասխանատվություն կրեք ձեր խոսքերի և գրածների վերաբերյալ,որովհետև Անահիտ Նազանյանը ոչ մի կապ չունի նկարագրված կեղծ կերպարի հետ. Նախկին անբավարարված և չկայացած որոշ ուսուցչուհիների նախանձի պատճառով անմեղ մարդը չպիտի ընկնի նման իրավիճակի մեջ. Անահիտ Նազանյանը հավասարակշռված և անգամ չափից դուրս մեղմ անձնավորություն է , ումից խորհուրդ կտամ օրինակ վերցնեն այս կեղծ հոդվածը (սարքողներիը). իրենց նախանձի և մտավոր շեղումների պատճառով անմեղ մարդուն չի կարելի վարկաբեկել. Ամոթ է !!! Պատասխանատվությունը շատ մեծ կլինի այս կեղծ նյութը ստեղծողների համար,որովհետև նրանք սուտ են խոսում և առանց ամաչելու մրոտում անմեղ մարդու անունը.
7. Դիանա14:59 - 23 հունվարի, 2018
Կա Ճշմարտություն և կա մարդկային տկարություն,նախանձ,ստախոսություն. Ամաչեք սուտ և կեղծ փաստեր ներկայացնողներ,որովհետև Արդարությունը միշտ էլ հաղթանակում է. Ծնողներ` փոխանակ ձեր երեխաների մեջ սերմանեք ազնվություն և հարգանք, դուք թունավորում եք նրանց ուղեղը,ավելորդ անհիմն մեղադրանքներ ուղղելով հարգարժան մանկավարժներին. Գոնե հարգեք ձեր երեխաների Հոգեբանությունը և նրանց գործիք մի օգտագործեք ձեր վատ գործերի համար. Հանգիստ ապրեք,ինչու եք թունավորում երեխաների և անմեղ մանկավարժների կյանքը.
8. Արման14:59 - 23 հունվարի, 2018
զարմանում եմ ծնողների վրա ... եթե կամ մի մարդ ով վիրավորում կամ խփում է ձեր երեխային ապա դժվար չի դիմում գրելու փոխարեն և/կամ մեկտեղ հավաքվել ու շան սատակ անել թե էդ դասվարին և տնօրենին համատեղ ,վերջ եթե իհարկե այլ բան չէ քողարկված այս ամենի մեջ...
9. Կարեն15:11 - 23 հունվարի, 2018
Արմա՛ն, այս ամենի մեջ քողարկված է դավադրություն է և ստորություն:
10. Միլենա15:21 - 23 հունվարի, 2018
Որտեղ է հասել ձեր մակարդակը որ անմեղ մարդկանց նման մեղադրանքներ եք ներկայացնում!!! Ոչ մի ապացույց, անհիմն լուրերի և խոսքերի վրա նման հետևություններ չի կարելի անել!!! Ամոթ է ամոթ!!! Սովորեք խոսելուց առաջ մտածել!!! Ձեր նմաններն են որ գիտելիք չստացած խելացի ու պատվավոր մարդկանց են մեղադրում!! Ուշքի եկեք!!!! ԴՈՒՔ!!! ԻՆՔՆԵՐԴ ԵՔ ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ ՁԵՐ ԱԶԳԸ!!!!!ՍՈՒՏ ԽՈՍԱԼՈՎ ՈՒՐ ԵՔ ՀԱՍՆԵԼՈՒ!!!!
11. Միլենա15:26 - 23 հունվարի, 2018
ԵԹԵ ՀԱՅԸ ՀԱՅԻՆ ՆՄԱՆ ԿԵՐՊ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ!!!! ԱՊԱ ԴՈՒՔ ԻՆՉ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ԹՈՒՐՔԻՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ!!! ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ ՆԱՅԵՔ!!!! ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՄԱՐԴ ԵՂԵՔ ՄԱՐԴ!!!!! ԻՆՉՈՒ ԵՔ ՍՏԻՊՈՒՄ ՈՐ ՄՏԱԾԵՆ ԿԵՆԴԱՆՈՒՑ ՉԵՔ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ!!!! ՍՈՎՈՐԵՔ ՄՏԱԾԵԼ!!!!!!!ԱՆՄԵՂ ՈՒ ԽԵԼԱՑԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵՂԱԴՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԻՆՔՆԵՐԴ ՀԱՍԵՔ ՆՐԱՆՑ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՈՆԵ ԿԵՍԻՆ!!!!!
12. Միլենա15:35 - 23 հունվարի, 2018
Գոնե ձեր երեխաներին խղճացեք!!!! Ով գիտի երեխաները ոչինչ էլ չեն ասել ու չեն բողոքել !!! ԾՆՈՂՆԵՐ!!! ՁԵԶ ԵՄ ԴԻՄՈՒՄ!!!ԻՆՉ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿԱՐԵԼԻ Է ԼԻՆԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ԱՆՄԵՂ ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՆ ՄԵՂԱԴՐԵԼ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՔՄԱՀԱՃՈՒՅՔԻ ՀԱՄԱՐ!!!! ՈՒՍՈՒՑՉԻՆ ԸՆՏՐՈՒՄ Է ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ԴՈՒՔ!!!!! ԱՆԳԱՄ ԵԹԵ ՁԵԶ ԴՈՒՐ ՉԷՐ ԳԱԼԻՍ ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵԻՔ ԱՆՀԻՄՆ ՄԵՂԱԴՐԵԼՈՒ!!!! ԱՅԼԵՎՍ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՄ ԱՍԵԼՈՒ ԱՅՍ ԱԶԳԻՆ!!!! ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ԱՅԴՊԵՍ ՈՒ ՄԻ ՕՐ ԿՏԵՍՆԵՔ ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԻ ՄՆԱՑԵԼ!!!!! ԴՈՒՔ ԵՔ ՀԱՅ ԱԶԳԻ ԿՈՐԾԱՆՈՂՆԵՐԸ!!!!!
13. Աիդա17:04 - 23 հունվարի, 2018
Դժգոհող ծնողներից կխնդրեմ արձագանքեն:
14. Anna18:56 - 23 հունվարի, 2018
Անհիմն և անհետհետ հայտարարություններ…շատ շատ դպրոցներ կերազեին նման տնօրենի հետ աշխատել ;ուր եք հասել մարդիկ …Չարակամ ու տգետ մարդիկ…
15. Թամարա21:14 - 23 հունվարի, 2018
Քաջածանոթ եմ դպրոցին, ուսուցչական կազմին, քանի որ թոռս այդ դպրոցում է սովորում։Վստահաբար կարող եմ ասել, որ բարձր վարկանիշ ունեցող դպրոց է։
16. Արամ22:23 - 23 հունվարի, 2018
Ես ինքս սովորում եմ այդ դպրոցում և ոչ մի այդպիսի բան չեմ նկատել ։ Իմ դպրոցի տնօրենի նման տնօրեն շատ դպրոցներ կերազեին ունենալ ։ Սխալ հոդվածների պատճառով վարքաբեկվում է դպրոցը ։ 48 դպրոցը քաղաքի լավագույն դպրոցներից մեկն է և լավը լինելը չի նշանակում ունենալ գեղեցիկ պատեր ։ Իմ սովորելու ընթացքում ոչ մի դրամահավաք չի եղել այս դպրոցում ։ Հոդվածը ամբողջովին ստի հիման վրա է ։ Մի հավատացեք նման հեքիաթների։
17. lusine.qyupelyan.2000@mail.ru22:42 - 23 հունվարի, 2018
Ես սովորել և ավարտել եմ այս դպրոցը և հավաստում եմ որ նյութը ամբողջությամբ սուտ է ։ Ես երախտապարտ եմ այս դպրոցի ուսուցիչներին , որ այսօր այն եմ ինչ կամ ։ Իմ դպրոցը լավագույններից է քաղաքում ։ Իսկ ինչ վերաբերում է դպրոցի տեսքին , ապա ասեմ որ դպրոցի լավը լինելը կապված չէ պատերի գեղեցկության հետ ։ Կան շատ գեղեցիկ դպրոցներ որոնց ներսը դատարկ է, իսկ այս դպրոցը չնայած իր ոչ այնքան գեղեցիկ տեսքի այնքան հարուստ է ։ Նշեմ նաև որ Տիկին Արիստակեսյանը իր հնարավորության սահմաններում անում է ամեն բան դպրոցը վերանորոգելու համար։Այստեղ այնքան վաստակաշատ ուսուցիչներ են աշխատում ,որոնցից միայն լավը կարելի է սովորել ։ Ուղղակի ամոթ է առանց իմանալու ինչ որ տեղեկություններ տարածել համացանցում։
18. Գեւորգ (այլ)15:40 - 24 հունվարի, 2018
Ընտիր ժողովուրդ ենք, մի փոքր բանի համար քսան հոգի կոմենտներ են գրում: Դե, չար պստիկներ են, դասատուն էլ անփորձ ու մի քիչ ներվերից թույլ ա երեւում: Ճիշտն ասած, ահավոր ծանր է էտ մանրերի հետ գործ ունենալը, ամեն դասատուի բան չի: Կարելի է խնդրել, օրինակ, որ ծնողներից մի քանիսը (հերթով) դասալսումներ կատարեն: Թե երեխաները մի քիչ կձգվեն, եւ թե դասատուն, գուցե ամեն ինչ հունի մեջ ընկնի?
19. Արամ19:24 - 24 հունվարի, 2018
Ակնհայտ է, որ ծնողներին օգտագործում են!!
20. Լաուրա20:11 - 24 հունվարի, 2018
Ես այս դպրոցի շրջանավարտ եմ և կասեմ այն , որ այս նյութը չի համապատասխանում իրականությանը , քանի որ դպրոցն ունի հոյակապ ուսուցչական անձնակազմ և արդար տնօրեն ։ Իսկ երբևիցե դուք ձեր երեխաների պահվածքը տեսե՞լ եք դասի ժամանակ ։ Ինչպե՞ս եք Ընկեր Շահվերդյանի նման ուսւցչուհուն փնովում ։ Ամոթ է ․․․
21. Մարիամ21:59 - 24 հունվարի, 2018
Լինելով այս դպրոցի շրջանավարտ վստահ կարող եմ ասել, որ 48 դպրոցն այն դպրոցներից է, որ ուսումը բարձր մակարդակի վրա է։ Դպրոցի սաները մյուս սաներից միշտ տարբերվում են թե իրենց գիտելիքներով, թե իրենց դաստիարակությամբ։ Ուսուցիչ աշակերտ հարաբերությունները դրական են եղել։ Ինչ վերաբերում է դպրոցի շենքին։ Սովորելով 9 տարի այս դպրոցում ոչ մի առողջական կամ այլ տեսակի խնդիր չի եղել դասարանների հետ կապված նույնը վերաբերում է ֆիզկուլտուրայի սրահին։ Ավելացնեմ, որ տիկին Արիստակեսյանի տնօրեն նշանակվելուց հետո դպրոցում սկսվել են ակտիվ վերանորոգումներ, ու վստահ եմ, որ մոտ ապագայում դպրոցի արտաքինն ու ներքինը իրար կհամապատասխան են։ Ինչ վերաբերում է դրամահավաքության երևի միակ դպրոցներից է, որ դա արգելված է անել:
22. Մարիամ21:59 - 24 հունվարի, 2018
Սիրելի ծնողներ շատ ավելի լավ և գովելի կլիներ զբաղվեիք ձեր երեխաներին էլ ավելի լավ դաստիարակելու գործով, այլ ոչ թե այդ տարիքից նրանց մեջ չարություն սերմանելով եւ ապատեղեկատվություն տարածելով, իսկ ինչ վերաբերվում է տնօրենին ասեմ, որ նրա նման տնօրեն հայաստանում չկա, օրինակելի ՄԱՐԴ և օրինակելի տնօրեն, ինչպես նաև օրինակելի դպրոց, 48 դպրոցը միշտ եղել և ԿՄՆԱ լավագույնը: Այնպես որ զուր էր ձեր այսքան լեգենդները:
23. Մարիամ22:00 - 24 հունվարի, 2018
Ամոթ է երբ առանց ճանաչելու վարկաբեկում են Տնօրենին, բոլորը գիտեն թե նա ինչ բարձր արժեքների տեր ՄԱՐԴ է, ինչ համեստ և խելացի:
24. Անգին23:15 - 24 հունվարի, 2018
Հիմք չունենալով ՝վատաբանում եք տնօրենին և գցում դպրոցի անունը ։ Ինը տարի սովորելով այս դպրոցում ՝առանց վարանելու կարող եմ ասել ,որ անօրինականություններ չեն եղել։Այնպես եք ներկայացնում գրքով հարվածելու տեսարանը ,որ մի պահ ինքներդ սկսում եք հավատալ ձեր գրած անհեթեթությանը։ Քարե դար չէ ,մարդիկ երկար տարիներ կրթություն են ստանում ,հասնում այն մակարդակին ,որ կարողանում են դասավանդել ,իսկ դուք անհիմն կասկածի տակ եք դնում նրանց տարիների աշխատանքը։Ես չեմ կարծում ,որ տնօրենը աշխատանքի կընդուներ այն մարդուն,ով հավասարակշռված չէ կամ թերի կրթություն է ստացել , ի վերջո հենց ուսուցիչներն են ապահովում դպրոցի մակարդակը ։ Դուք հետապնդում եք մի նպատակ ,որի արդյունքում վնասում եք ոչ միայն ձեր《թիրախին》,այլև այն մարդկանց,ովքեր կապ չունեն պատմության հետ։Վստահ եմ ոչ տվյալ ուսուցիչը և ոչ էլ տնօրենը մեղավոր չեն այս հարցում։
25. ՄԱՐԻՆԱ11:51 - 25 հունվարի, 2018
Կեղծ լուրեր ու հայտարարություններ անելուց առաջ մի պահ վախեցեք Աստծո դատաստանից, դուք կստանաք ձեր արժանի պատիժը: Այսպիսի օրինակելի տնօրեն և ուսուցիչներ կցանկանային շատերը ունենալ:Իմ երեխան 4 տարի սովորում է այս դպրոցում և ես շատ շնորհակալ եմ ամբողջ ուսուցչական կազմից:Իսկ որոշ ծնողներ թող իրենց անդաստիարակ երեխաներին դաստիարակեն, վարվելակերպի կանոններ սովորեցնեն: Հուսով եմ արդարությունը Աստծո զորեղ ուժով կհաղթի, իսկ մեղավորները կպատժվեն:
26. Օլյս17:15 - 25 հունվարի, 2018
Իմ տղաները սովորում են այս դպրոցում,5 տարվա մեջ ես վատ բան չտեսա դպրոցից,իսկ դուք հարգե՛լի ծնող, եթե բողոք ունեիք ուսուցչից պետք չէր լայնամաշտաբ հանրությանը ներկայացնեիք,ու՞ր եք բա դուք հիմա ,ինչի մի հատ քոմենթ չեք գրում
27. Արմինե19:53 - 25 հունվարի, 2018
Ուղղակի ապսուրդ,այլ դպրոցներ կերազեն որ իրենց տնօրենը լինի 48 դպրոցի տնօրենը,ես ինքս 48 դպրոցի շրջանավարտ եմ,ինձ համար ամենալավագույն տարիներն են եղել այնտեղ,իսկ ինչ վերաբերում է ուսուցչական կազմին նրանք ամենալավն են,դպրոցում նրանք մեզ համար եղել են երկրորդ մայր,մենք նրանց վստահել ու շարունակում ենք վստահել մինչ օրս, շատ երեխաներ նրանց ավելի են վստահել քան իրենց ծնողին...իմ 48 դու ամենալավն ես ու միշտ այդպիսինն ես լինելու
28. Հասմիկ20:42 - 25 հունվարի, 2018
Ես գիտեմ միայն; որ ցանկացած ծնող ուզում է; որ իր երեխան ստանա գիտելիքներ և կրթադաստիարակչական հիմնարկում` դպրոցում; լինի առողջ և ջերմ մթնոլորտ։ Եթե ուսուցչի նյարդերը չեն բավականացնում դպրոցում աշխատելու համար; թող ուրիշ աշխատանք գտնի։ Իսկ դպրոցը ոչ թե տնօրենի կամ ուսուցիչների; այլ երեխաների երկրորդ տունն է։ Այս դպրոցները ստեղծվել են երեխաների համար; ոչ թե աշխատատեղեր ապահովելու համար։ Ցակացած դեպքում պետք է հաշվի առնվի ծնողի կարծիքը։
29. Մանե21:17 - 25 հունվարի, 2018
Այս ծնողները ամեն ի նչով զբաղվում են բացի իրենց երեխաներին դաստիարակելուց:Տանը իրենք սովորեցնում են ծեծին.վիրավորում ամենաստոր խոսքերով,իսկ երեխաները,չկարողանալով ծնողներին պատասխանել,իրենց թաքնված ագրեսիան բերում են դպրոց:Տանը երեխաների քանակը շատ դեպքերում չի գերազանցում երկուսը,դպրոցում այն երբեմն հասնում է 35-ի:Նրանք տարբեր ընտանիքներից են, տարբեր ' դաստիարակությամբ:Դաստիարակեք ձեր երեխաներին այնպես, որ նորմալ մարդկային խոսքը հասկանալի լինի նրանց և ոչ մի ուսուցիչ վատ չի վերաբերվի նրանց:Հիշեք', ուսուցիչը կրկեսի վարժեցնող չի,այլ' Մարդ:
30. Հեղինե23:00 - 25 հունվարի, 2018
Ամոթ է, ամոթ....իրենց ստոր նպատակներին հասնելու համար ազնիվ մարդկանց են վարկաբեկում, չմտածելով հետևանքների մասին:Հուսով եմ պատասխան կտան բոլոր ստախոսները, անգամ ծնողներն ու աշակերտները, ովքեր ստել են...
31. Նորայր16:34 - 26 հունվարի, 2018
Ես հիմա սովորում եմ այս դպրօցի 8ա դասարանում, և ես համոզված եմ, որ այս նյութի 99 տոկոսը անհեթեթություններ են ։ Ես այս ամենի իմաստը չեմ հասկանում, ինչու՞ եք նման բան անում։Ամոթ է։
32. Միքայել15:04 - 27 հունվարի, 2018
Ես էլ եմ նույն դպրոցի աշակերտ։ Մեր դպրոցում երբեք աշակերտին չեն խփում կամ վիրավորում։ Իմ բոլոր ուսուցիչները բարձրակարգ մասնագետներ են։ Շատերը կերազեն սովորել ու կրթություն ստանալ հ․48 դպրոցում։
33. Էդիտա16:48 - 29 հունվարի, 2018
Անկեզղծ ասած` այս ,,մեկնաբանողների,, կարծիքները մի տեսակ շատ են հիշեցնում ուսուցողական թելադրության ,,գոհարներ,,...միայն թե թելադրողը նույն կրկնվող բառագանձն է սփռել ամենուր `ԱՄՈԹ, ՏՆՕՐԵՆԻ ՆՄԱՆԸ ՉԿԱ, ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ, ԿԵՐԱԶԵՆ ՍՈՎՈՐԵԼ,ԱՄԵՆԱՍՏՈՐ,ՍՏԱԽՈՍՆԵՐ...մի խոսքով` պաշտպանության հրահանգ:
34. Նորայր20:35 - 29 հունվարի, 2018
Լինելով այս դպրոցի սան ուզում եմ ասել,որ սա ուղղակի անհեթեթություն է:Մեր բոլոր ուսուցիչները բարձրակարգ մասնագետներ են և երբեք աշակերտին չեն վիրավորել կամ չեն հարվածել:Ամոթ է!
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ