HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Դանիելյան

Արմեն Սարգսյանի առաքելությունը

ՀՀԿ-ի` այսինքն Սերժ Սարգսյանի կողմից Արմեն Սարգսյանի թեկնածությունը որպես ՀՀ նախագահ առաջարկելուց օրեր առաջ Սերժ Սարգսյանը ձևակերպեց նոր նախագահին անհրաժեշտ հատկանիշերը. «Խոսքը պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս: Ապագա նախագահը պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել»:

Այդ հատկությունների շարադրումից կարելի է արդեն կռահել, թե որոնք են լինելու նրա պարտականությունները: Խոսքը չի վերաբերում Սահմանադրությամբ նախատեսված պարտականություններին, այլ` նրա քաղաքական դերակատարությանը վերակառուցվող քաղաքական համակարգում:

Ըստ նկարագրածի` նոր նախագահին` Արմեն Սարգսյանին, վերապահված է վերկուսակցական գործառույթներ: Շատերը «երբեք քաղաքականությամբ զբաղված չլինելը» հասկացել են «ապաքաղաքական» իմաստով, սակայն ասվածի իրական իմաստն ավելի հստակ լինելու համար տեղին կլիներ ասել «վերկուսակցական»: Ինչն ավելի հասկանալի է դառնում Ա. Սարգսյանի այն խոսքերում, որ մինչև վերջնական պատասխան տալը ցանկանում է հանդիպել կուսակցությունների, մտավորականների և այլոց հետ: Այսինքն վերջնական որոշում կայացնելու համար իր համար բավական չի ՀՀԿ-ի կողմից առաջադրված լինելը, ինքը ցանկանում է լինել վերկուսակցական գործիչ, այսինքն լինել բոլորինը: Կարող ենք առայժմ փաստել, որ նա չի լինելու միայն  ՀՀԿ-ի նախագահը:

Սա արդեն նոր իրողություն է, որի պատճառով նրան մամուլում սկսեցին հեգնանքով անվանել «անգլիական թագուհի»` չհասկանալով Բրիտանիայի թագուհու իրական լիազորությունները, որոնք ավելի բարձր են, քան անգամ կառավարման ամենաուժեղ նախագահական մոդել ունեցող երկրների նախագահներինը: Օրինակ թագուհին կարող է առանց պատճառաբանության պատերազմ հայտարարել և հակառակը` խաղաղություն կնքել (դա վերաբերում է նաև Բրիտանական համերաշխության անդամ 16 երկրներին), ցանկության դեպքում կարող է վարչապետ նշանակել իր ցանկացած անձին, առանց ուշադրություն դարձնելու պառլամենտական ընտրությունների արդյունքներին, զինված ուժերի հրամանատարն է, նաև Անգլիկան եկեղեցու գլուխն է: Լիազորությունների ահռելի ցանկը կարելի է երկար թվարկել: Այդ իրավունքներից թագուհին հազվադեպ է օգտվում, կամ էլ չի օգտում ընդհանրապես, սակայն այդ իրավունքները նա կարող է իրականացնել անհրաժեշտության դեպքում: Ի միջի այլոց, իրավունք չունի որևէ կուսակցության անդամ լինել: Նաև, ըստ օրենքի, Բրիտանիայի թագուհին անսխալական է և չի կարող դատվել իր որևէ արարքի համար:

Ինչու էր պետք կենտրոնանալ այդ իրավունքների վրա, որովհետև ի տարբերություն 1995 թվականի ՀՀ Սահմանադրության, որի համար հիմք էր ծառայել Ֆրանսիայի Սահմանադրությունը, նոր Սահմանադրության համար հիմք է ծառայել Բրիտանիայի Սահմանադրւթյունը և կառավարման մոդելը: Դրա քաղաքական ու աշխարհաքաղաքական նշանակության մասին մենք կկարողանանք եզրակացություններ անել դեպքերի հետագա զարգացման ընթացքում: Այս պահին կարող ենք ընդամենը նշել, որ նոր նախագահը գալիս է Բրիտանիայից ու ունի հատուկ հարաբերություններ Բրիտանիայի իշխող էլիտայի հետ:

Ապագա նախագահի «գործունեության» մյուս հետաքրքրական ձևակերպումներն են. նա պետք է ունենա «ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս», ինչպես նաև ունենա լայն կապեր աշխարհում և Սփյուռքում: Այսինքն նրա նշանակումը կոնկրետ առաքելության հետ է կապված: Դա հասկանալու համար հետաքրքրական է դիտարկել վերջին վարչապետների կերպարները` Տիգրան Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Կարեն Կարապետյան: Տիգրան Սարգսյանի հիմնական դերակատարությունը միջազգային ֆինանսական կառույցներից վարկեր ներգրավելն էր, Հովիկ Աբրահամյանը գործարար էր, Կարեն Կարապետյանը պետք է ներդրումներ ապահովեր: Բոլորի նշանակումները ֆինանսների և գործարարության հետ էին կապված, և նրանցից ոչ մեկը քաղաքական ֆիգուր չէր:

Արմեն Սարգսյանի նշանակումը (ընտրությունը) նույնպես պետք է դիտարկել որպես բիզնես նախագիծ, որովհետև նրա անցած ուղին կապված է վառելիքի շուկայում խոշոր գործարքներում միջնորդի դերակատարության հետ: Դա արդեն Իրանի, Ռուսաստանի և Բրիտանիայի համար զգայուն ոլորտն է: Դա արդեն աշխարհաքաղաքական բովանդակություն ունի:

Հայաստանի բիզնես-իշխանական էլիտայի համար կարևոր է նաև իրենց կողմից Արևմուտքում կատարվող ներդրումների (ըստ մամուլի հրապարակումների 9-15 միլիարդ դոլար) ապահովության խնդիրը, ինչից էլ կախված են նաև իրենց անձնական անվտանգության երաշխիքները: Նոր նախագահի «ճանաչումը դրսում» և «ներկայացուցչական դերակատարումն», ըստ էության, առաջին հերթին պետք է դիտարկել այդ կոնտեքստում:

 

Մեկնաբանություններ (3)

Պետրոս Սիմոնյան
Բացատրությունները հասկանալի են, Հարգելի Ստեփան: Սակայն ավելի կարեւոր կլիներ լսել այն մասին, թե որքանով օգտակար կարող է լինել այս նախագահը Հայաստանին ու Հայ ժողովրդին: Այս կետով առանձնապես մտահոգիչ է երեւում այն փաստը, որ այս թեկնածուն հայաստան է բերել արքայազն Չարլզին ու ,,Լիդիան,, ընկերությանը, որոնց հետ միասին պատրաստվում են ,,մեծ լավություն,, անել Հայաստանին: Խոսքն Ամուլսարի ոսկու բնավերիչ ծրագրի մասին է, որի հետեւանքների ու անթույլատրելիության մասին զգուշացնում ու հիմնավորում են բնապահպաններն ու շատ մասնագետները: Այսինքն կարելի է մտածել, թե իրականում ինչ շահերի է հետեւելու այս շատ արժանավոր պարոնը:
Ստեփան
Տեղեկություն - Անգլիական թագավորական ընտանիքի հիմնական ոլորտներից է ոսկու հանքերի սեփականաշնորհումը` աշխարհով մեկ: Դա ընտանեկան բիզնես է: Ինչի համար են կենտրոնացել այդ ոլորտում, այլ քննարկման թեմա է, սակայն դա ոչ միայն բիզնես է, այլև ` քաղաքականություն: Ամուլսարի հանքի վաճառքը պետք է համարել նաև քաղաքական որոշում, ինչը Արմեն Սարգսյանն է դասավորել, որպես միջնորդ: Դա իր ամպլուան է: Ցանկացած պայմանավորվածություն ունի երկու կողմ: Այս կողմի պահանջների մասին, բացի փողից, ոչինչ չեմ կարող ասել:
Արթուր Բադալյան
Հայաստանի նախագահը պետք է ներկայացնի է ազգային միասնությունը եւ երաշխավորի, որ Հայաստանի քաղաքականությունը համապատասխանի երկրի Սահմանադրությանը: Սա է նախագահի գլխավոր գործառույթը խորհրդարանական հանրապետություններում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter