HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ապօրինի հեռարձակում` նախագահի մասնակցությամբ

Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Սի-Էս մեդիա սիթիի» կամ, այլ կերպ ասած, «Արմենիա» մեդիա համալիրի բացման արարողությունը: Սա մի հսկա տարածք է` տարբեր կառույցներով, որտեղ տեղակայված են «Արմենիա» (տնօրեն` Գագիկ Մկրտչյան), «Արմնյուզ» ( տնօրեն` Էդուարդ Սարիբեկյան), «TV-5» (տնօրեն` Նունե Եսայան) հեռուստաընկերություննները, «Մեդիա թիվի» ընկերությունը (տնօրեն` Հովհաննես Թովմասյան), «Սիդի ռեկորդս» պրոդյուսերական կենտրոնը, «FM 10» ռադիոկայանը (տնօրեն` Գրիգոր Նազարյան) եւ «Սի էս փաբլիշինգ հաուզ» տպագրատունը (տնօրեն` Վարդան Ալոյան): 

«Արմենիա» հեռուստաընկերության սեփականատերերն են Բագրատ Սարգսյանը եւ Ջերարդ Գաֆեսճյանը: Մյուս երկու հեռուստընկերությունների եւ մնացած ընկերությունների իրական սեփականատերը նույնպես Բագրատ Սարգսյանն է` իր ընտանիքի անդամներով: 

Բացման արարողությանը մասնակցում էին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ջերարդ Գաֆեսճյանը եւ Հայաստանի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ: 

Հայտարարվեց, որ բացվում է «սուպեր-սիստեմ» համակարգը: Այդ համակարգը, ինչպես ասվում էր «Արմենիա» հեռուստաընկերությամբ պարբերաբար հեռարձակվող գովազդում, վերահեռարձակում է 50-ից ավելի հեռուստաալիքներ: Սակայն անհասկանալի էր, թե որ կապուղով են հեռարձակվելու գովազդվող հեռուստածրագրերը: Քանի որ ազատ հաճախականություն, ինչպես բազմիցս հայատարարել է Հեռուստատեսային եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, չկա: 

Սեպտեմբերի 9-ին «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատակազմի լիցենզավորման եւ մեթոդական վարչության պետ Իշխան Վարդանյանն ասել է. «ՀՌԱՀ-ն այս պահին որեւէ հաճախային ազատ տիրույթի չի տիրապետում՝ գիգահերցային շերտում հեռարձակում արտոնելու համար: Եվ այդ տիրույթում որեւէ հաճախություն ընդհանրապե՛ս չենք տրամադրել որեւէ ընկերության: «Էյ-ափ» ընկերությունը, որն անընդհատ գովազդվում է, անծանոթ է մեզ եւ չունի արտոնագիր: Այսինքն՝ գովազդը, թե այս տիրույթում 50-ից ավելի հեռուստաընկերությունների հեռարձակում է ընթանում, Ազգային հանձնաժողովի համար լրիվ հայտնություն էր: Շեշտում եմ, մենք որեւէ ընկերության որեւէ հաճախություն մրցութային կարգով չենք տրամադրել նման հեռարձակում իրականացնելու համար: Միաժամանակ ավելացնեմ, որ հանձնաժողովը պատկան մարմիններին արդեն տեղեկացրել է ապօրինի հեռարձակումը դադարեցնելու նպատակով համապատասխան քայլեր ձեռնարկելու մասին»: 

Փաստորեն, սեպտեմբերի 4-ին Ռոբերտ Քոչարյանը իր ձեռքով սեղմեց ապօրինի հեռարձակման կոճակը: 

Բագրատ Սարգսյանն առայժմ որեւէ մեկնաբանություն չի արել իր օրինախախտումները բացատրելու համար: Նախագահական ապարատը նույնպես լռում է, լռում է նաեւ Ջերարդ Գաֆեսճյանը: 

Առանց լիցենզիայի իրականացված հեռարձակումը Հայաստանում քրեորեն հետապնդելի արարք է: ՀՀ Քրեական օրենսգրքի 188 հոդվածը` «Ապօրինի ձեռնարկատիրությունը», առանց լիցենզիա ունենալու լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելը «պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով:

Հոդվածի երկրորդ կետի համաձայն` եթե «նույն արարքը՝ զուգորդված անձանց կամ կազմակերպություններին, կամ պետությանը խոշոր վնաս պատճառելով` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»: 

Փաստորեն, տվյալ դեպքում Հայաստանի նախագահին մասնակից են դարձրել քրեորեն պատժելի արարքին, որովհետեւ նա սեղմել է «ապօրինի հեռարձակման» կոճակը: Կպատժվի՞, արդյոք, Բագրատ Սարգսյանը, հայտնի չէ: Սակայն արդեն պարզվել է, որ նրան հրավիրել են Նախագահի նստավայր: Թե ի՞նչ է «հնարել» այնտեղ Հայաստանի «մեդիա-մագնատ»-ը արդարանալու համար, առայժմ հայտնի չէ: 

«Արմենիայով» եթեր հեռարձակվող գովազդի մեջ նշվում էր նաեւ, որ «Սի Էս մեդիա»-ն միացել է ԱՄՆ-ի տարածքում հեռարձակում իրականացնող «Դիշ նեթուորք» (Dish network) ցանցին, ինչ նշանակում էր, թե «Արմենիա» հեռուստաընկերության ծրագիրը կարող են դիտել նաեւ Միացյալ Նահանգներում: Պարզվում է, սակայն, որ սա սուտ տեղեկություն է, Միացյալ նահանգներում, մեր հայրենակիցներից մի քանիսը փորձել են միանալ ցանցին, սակայն նրանց տեղեկացրել են, որ նման ալիք չկա իրենց ցանցում: 

«Արմենիա» հեռուստաընկերությունը բազմաթիվ հոդվածներով խախտել է նաեւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքը: Նա գովազդով սուտ տեղեկություններ է տարածել` խաբելով ու մոլորեցնելով հարյուր հազարավոր հեռուստադիտողների` գովազդ սպառողներին: 

Կգործի՞ այս դեպքում Հայաստանում օրենքը: Բնականաբար` ոչ:

Այսպես էլ պետք է լինի 

Այսպես էլ պետք է լիներ, շքախումը երկրի նախագահին պետք է բերեր եւ սեղմել տար ինչ-որ կոճակներ: Այդպես եղավ, երբ նախագահը երկրորդ անգամ կտրեց Վանաձորի «Պրոմեթեւս» գործարանի ժապավենը: Վստահ եղեք` երրորդ անգամ էլ է կտրելու: Որովհետեւ նրա շրջապատում չկա մեկը, որն ասի` այդպես չի կարելի, այդպես բարոյական չէ, ազնիվ չէ, սխալ է: 

«Արմենիա» հեռուստաընկերության «փուչիկը» փչվում էր, իսկ մենք լռում էինք, չեղած հեռուստատեսությունը «հսկա» էր դառնում: Սարգսյանների ընտանիքը առաջ էր գնում, եւ ոչ մեկս չէինք ասում, որ այդպես հեռուստատեսություն չեն ստեղծում, որ արտասահմանյան հեռուստաընկերությունների արտադրանքը վերցնելով, ինչ-որ տեքստեր ավելացնելով եւ վերջում ծրագրի ղեկավար Բագրատ Սարգսյան գրելով` ամեն ինչ չի ավարտվում:

Եթե դու չես նշում, թե որտեղից ես վերցրել այդ կադրերը, վավերագրական ֆիլմերը, որոնց վրա մարդիկ տարիներ են աշխատել` ծախսելով հսկայական միջոցներ, ուրեմն քո արածը պարզապես գրագողություն է: Մենք սա չէինք ասում, որովհետեւ գործընկերներ ենք, եւ մտածում ենք` գոնե աշխատանք ունեն:

Տարբեր ամբիոններից անաղարտ հայերենի մասին քարոզող Արտեմ Սարգսյանին ոչ ոք չէր ասում` դու մի՛ խոսիր, որովհետեւ քո ընտանիքին պատկանող հեռուստատեսության «Բեռնարդ շոու» հաղորդաշարն է աղավաղում այդ լեզուն: Մենք փորձում էինք մեզ արդարացնելու մասին մտածել, որ հետո հնարավորություն ունենայինք բացատրելու մեր լռությունը: 

Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Սի-Էս մեդիա սիթիի» բացման արարողությունը: Շքախումբը նախագահին բերեց, կանգնեցրեց կոճակի դիմաց ու ասաց` սեղմիր: Նախագահն էլ սեղմեց: Կողքին էլ` Հայաստանի բարքերից ոչինչ չհասկացող Ջերարդ Գաֆեսճյանն էր: Նա էլ սեղմեց «կախարդական կոճակը»: Բարերարը օգնում է հայրենիքին` չկասկածելով, որ իրեն ներքաշել են անօրինական մի գործողության մեջ: 

Բագրատ Սարգսյանն այսօր հնարավորություն ունի պատասխանատվությունից խուսափելու: Նա կասի` կոճակը ես չեմ սեղմել, սեղմել են երկրի նախագահը եւ ԱՄՆ քաղաքացի Ջերարդ Գաֆեսճյանը: 

Իսկ շքախմբի ներկայացուցիչները լրացնում էին շոուն: Նույնսիկ «ընդդիմության» ամենակարկառուն ներկայացուցիչ Վիկտոր Դալաքյանն այդտեղ դերակատարություն ուներ: Նա փայլում էր, ուրախ էր, լավն էր դերը: 

Իսկ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը հաստատակամ է, ինչպես միշտ. «Սա եւս մեկ ապացույց է, որ Հայաստանում կան անկախ լրատվամիջոցներ»: Շնորհավորում եմ Ձեզ, տիկի՛ն: 

«Սի-Էս մեդիա սիթիի» բացման օրը «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական թողարկման ժամանակ ոմն սենատոր կապի մեջ էր Միացյալ նահանգներից: Թե ինչ էր ասում նա, ոչ մեկիս հասու չէր, նրա ձայնը չէին տեղադրել, որպեսզի հանկարծ գլխի չընկնեինք, որ հայերենով հնչեցրած տեքստը իրականում կապ չունի սենատորի ասածների հետ: 

ՀՀ արտգործնախարարն էլ, բնականաբար, այնտեղ էր: Նա, անշուշտ, կարեւորում է այս մեծ գործը, մանավանդ որ, ըստ մեր հավաստի տեղեկությունների, «Արմենիա» հեռուստաընկերությունում Ջերարդ Գաֆեսճյանի ներդրումների կատարման համար մեծ դերակատարություն է ունեցել նրա խորհրդական Սալբի Ղազարյանը: 

Այսպես էլ պետք է լիներ, որովհետեւ մենք լռելյայն հանդուրժեցինք, որ մինգամից երեք հեռուստակապուղի հատկացվի Սարգսյանների ընտանիքին: Այսպես էլ պետք է լիներ, որովհետեւ մամուլի ասուլիսներին բոլորն էլ տեսնում էին, թե ինչպես է «Արմնյուզի» լրագրողը հայտնվում երկու միկրոֆոնով եւ ասուլիսի կեսից «Արմնյուզի» միկրոֆոնը փոխարինում «TV-5»-ով: 

Հետո՞ ինչ, կասեն պաշտոնյաները: Իսկապես, հետո՞ ինչ, որ նախագահը սխալ կոճակ է սեղմել: Մի անգամ էլ կկազմակերպեն այդ շոուն, լրիվ օրինական տեսք կտան եւ նախագահը կսեղմի արդեն օրինական կոճակը: 

 Այդպես էլ կլինի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter