HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի օֆշորից` մյուսը. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժնեմասում փոփոխություններ են եղել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկել և որոշել է համաձայնություն տալ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժնետոմսերն օտարելու հայտին:

Այսպիսով, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերն օտարվել են «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» (Aramayo Investments Limited) ընկերությանը, որը գրանցվել է Կիպրոսում 2015 թվականին:  

Համաձայն Կիպրոսի ընկերությունների գրանցման ռեգիստրի՝  Aramayo Investments Limited ընկերությունը երեք բաժնետեր ունի. լիբանանցի եղբայրներ Պիեռ և Մովսես Ֆատուշները ունեն 10-ական տոկոս բաժնեմաս, մնացյալ 80 %-ը պատկանում է Լյուքսեմբուրգում գրանցված  Mobile Telecom Holdings S.A.R.L-ին:

Ռուսաստանյան МТС-ի ("Мобильные ТелеСистемы" ԲԲԸ-ն) 2017 թվականի 3-րդ եռամսյակի հաշվետվության մեջ թե Aramayo Investments Limited-ը, թե Mobile Telecom Holdings S.A.R.L-ը նշվում են որպես МТС-ի 100 տոկոսանոց դուստրեր:  

Ըստ էության, բաժնետիրոջ փոփոխություն հայաստանյան դաշտի համար տեղի չի ունեցել, փոփոխվել է միայն բաժնետեր ընկերությունը` Aramayo Investments Limited-ը եկել է փոխարինելու Վիրջինյան Կղզիներում գրանցված  International Cell Holdings LTD-ին, և մի օֆշորից բաժնեմասը տեղափոխվել է մեկ այլ օֆշոր՝ Բրիտանական Վիրջինյան Կղզիներից` Լյուքսեմբուրգ:

Կիպրոսի ռեգիստրում առկա ընկերության տվյալներից հաստատվում է, որ Aramayo Investments Limited ռուսական МТС-ի դուստրն է եղել, և հիմնադրման ժամանակ բաժնեմասը պատկանել է նույն՝ Վիրջինյան Կղզիներում գրանցված International Cell Holdings LTD-ին, այնուհետև՝ 2016-ի մայիսին պաշտոնապես մուտք են գործել Ֆատուշ եղբայրներն իրենց 10-ական տոկոս բաժնեմասով, իսկ մնացյալ 80 տոկոսն ուղղակիորեն տիրապետել է ռուսական "Мобильные ТелеСистемы" ԲԲԸ-ն: 2017 թվականի դեկտեմբերին "Мобильные ТелеСистемы" ԲԲԸ-ին փոխարինել է Լյուքսեմբուրգում գրանցված Mobile Telecom Holdings S.A.R.L-ը: 

Հիշեցնենք՝ 2007-ին ՌԴ "Мобильные ТелеСистемы" ԲԲԸ-ն (МТС) ձեռք էր բերել «Ղ-Տելեկոմ»-ի բաժնետեր International Cell Holding ltd-ի 80% բաժնեմասը: Գործարքն արժեցել էր 310 մլն եվրո, ներառյալ 50 մլն եվրո, որը պետք է վճարվեր 2008-2010թթ., եթե «Ղ-ՏԵԼԵԿՈՄ»-ն արդարացներ սպասված շահույթը և իրականացներ առաջադրված նպատակները: Ռուսական MTC-ը նաև 140 մլն եվրո վարկ էր տրամադրել հայաստանյան «ՎիվաՍել»-ին պարտքերի մարման և ներդրումային ծրագրի ֆինանսավորման համար: Մնացյալ 20%-ի վերաբերյալ օպցիոն համաձայնություն էր կնքվել՝ հետագայում պարտքի դիմաց դրանք ձեռք բերելու հնարավորությամբ: Համաձայն МТС-ի հաշվետվության, 2018 թվականի ավարտով վերջանում է նաև վարկային համաձայնագիրը, և այդ ժամանակ էլ կորոշվի Ֆատուշներին պատկանող 20 տոկոս բաժնեմասի ճակատագիրը:  

Կարդացեք նաև՝ Հայաստանի ինտերնետի սեփականատերերը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter