HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հռոմեական աստվածուհու անունը կրող ձեռագործ զարդեր՝ փայտյա լուսամփոփներից

3 տարվա ընկերությունն արդեն մի քանի ամիս է՝ վերածվել է նաև գործընկերային հարաբերությունների: 30-ամյա Շանթ Սարդարյանը ու 25-ամյա Արսեն Վարդանյանն ապրիլից պատրաստում են ձեռագործ զարդեր: «Tellus» (Տելլուս) անունը կրող զարդերի ներսում տղաները մանրանկարչությամբ պատկերներ են ստանում, որոշ զարդերում օգտագործում են ֆոսֆորային նյութեր, որոնցից պատրաստված զարդերը կես ժամ վառ լուսավորության տակ մնալով՝ մթության մեջ 4-5 ժամ լույս են տալիս: Արսենի խոսքով՝ զարդերը պատրաստելիս տարբեր տեխնիկական միջոցներով են էֆեկտները ստանում, սակայն ամենամեծ գործը բնությունն է անում:

Յուրաքանչյուր զարդից մեկ օրինակ են պատրաստում, եթե անգամ զարդի կրկնօրինակի պատվեր են ունենում, փորձում են այն նույնությամբ չպատրաստել:

«Լինելով արվեստագետ՝ որոշեցինք ստեղծել մի բան, որը կլինի նորույթ Հայաստանում: Մեր զարդերի յուրահատկությունն այն է, որ ամեն զարդին տրվում է դիզայներական յուրովի  մոտեցում»,- ասում է նա:

Արսենը մասնագիտութամբ ճարտարապետ-դիզայներ է, զբաղվում է բնակարանների, խաղերի, մուլտֆիլմերի և զարդերի դիզայնով, իսկ Շանթը նկարիչ-քանդակագործ է: Տղաների մոտ նման զարդեր պատրաստելու միտքը ծագել է մոտ մեկ տարի առաջ: Այս գործը սկզբում նրանց համար հոբբի է եղել, որը վերածվել է սիրելի աշխատանքի:

Շանթի հետ սկզբում փայտից լուսամփոփներ են սարքել, իսկ ավելացած նյութերը որոշել են օգտագործել զարդերի պատրաստման համար: Այդ ձեռագործ զարդերից որոշները սկզբում պատրաստել են իրենց մտերիմներին նվիրելու նպատակով: Հետագայում որոշել են, որ վաճառքի համար բացի փայտյա լուսամփոփներից, կարող են նաև զարդեր պատրաստել:

Ընկերները փորձում են իրենց եկամուտը ստանալ՝ հաճելի աշխատանք կատարելով: Ձեռագործ զարդերի՝ «Tellus» անվանումն ընտրել են հռոմեական դիցաբանության հողի աստվածուհու՝ Տելլուսի անունից՝ պատճառաբանելով, որ իրենց աշխատանքներում դիզայնի մի մասը բնությունից է։

Լուսանկարները՝ «Tellus»-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter