HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, փոխանցում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: 

Նախագահ Մակրոնը ողջունել է Հայաստանի նախագահին Ֆրանսիայում և նշել, որ հանդիպման ժամանակ ակնկալում է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններից բացի քննարկել բազմակողմ ձևաչափով, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո: Ֆրանսիայի նախագահը գործընկերոջից հետաքրքրվել է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներով և այդ գործընթացն առաջ մղելու հնարավորությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանի մոտեցումներով, ինչպես նաև տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի հարաբերություններով:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմանուել Մակրոնը երկուստեք կարևորել են հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների շարունակական զարգացումը, տնտեսական ոլորտում համագործակցության ակտիվացումը՝ ընդգծելով, որ տնտեսական հարաբերություններն անհրաժեշտ է հասցնել վերընթաց զարգացող երկկողմ քաղաքական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին:

Անդրադառնալով Հայաստանում այս տարի անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին՝ նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է և հնարավորինս կաջակցի գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար: Նախագահ Մակրոնը սիրով ընդունել է գագաթնաժողովին մասնակցելու նախագահ Սարգսյանի հրավերը և նշել, որ մեծ նշանակություն է տալիս այդ կարևոր իրադարձությանը:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմանուել Մակրոնը հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-ների առջև հայտարարություններով: Սերժ Սարգսյանի ելույթը կարող եք ընթերցել այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter