HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպել է Սինգապուրի փոխվարչապետի հետ

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի հետ: Այս մասին տեղեկացնում է կառավարությունը։

Հանդիպման սկզբում Սինգապուրի փոխվարչապետն ընդգծել է հայերի նշանակալի ավանդը երկրի զարգացման գործում՝ կարևորելով Սինգապուրում հայերի մշակութային ժառանգության նշանակությունը: 

Թարման Շանմուգարատնամը նշել է, որ Հայաստանը կարող է կարևոր դերակատարում ունենալ Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության՝ ԱՍԵԱՆ-ի և մեր տարածաշրջանի միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից: «Շատ կարևոր է, որ մեր միջև որևէ խնդիր չկա և մենք վճռական ենք խորացնելու երկկողմ համագործակցությունը», - նշել է Սինգապուրի փոխվարչապետը: 

Կարեն Կարապետյանն իր հերթին ընդգծել է, որ Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար: Նա մատնանշել է մի շարք ոլորտներ, որոնք կարող են հետաքրքիր լինել Սինգապուրի բիզնեսի համար, մասնավորապես՝ գինեգործությունը, օրգանիկ գյուղատնտեսությունը, կրթական ոլորտը, տեղեկատվական տեխնոլոգիաները: Կարևորվել է նաև կրթական փոխանակման ծրագրերի իրականացումը: «Մենք շահագրգռված ենք խթանել բանակցությունները Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի ազատ առևտրի գոտու միջև: Այդպիսի համագործակցությունը կարող է նպաստել առևտրի ու ներդրումների աճին և փոխշահավետ ծրագրերի իրականացմանը», - նշել է վարչապետը: 

Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Սինգապուրի միջև կրկնակի հարկումը վերացնելու կարևորությունը և գոհունակությամբ նշվել է, որ համապատասխան համաձայնագրի մշակումը գտնվում է վերջնական փուլում: Վարչապետ Կարեն Կարապետյանը սինգապուրցի իր գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան, և Թարման Շանմուգարատնամը սիրով ընդունել է հրավերը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter