HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ազգերի լիգային ընդառաջ. վիճակագրության հավասար թվերը

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում Հայաստանի մրցակիցներն արդեն հայտնի են: Այս տարվա սեպտեմբեր-նոյեմբերին մեր ընտրանին կհանդիպի ՆՀՀ Մակեդոնիայի, Լիխտենշտայնի եւ Ջիբրալթարի հավաքականների հետ: Ինչպես արդեն գրել ենք, մեր ընտրանին ընդգրկվել է Ազգերի լիգայի D լիգայի 4-րդ խմբում, որտեղ եթե գրավի առաջին տեղը, կտեղափոխվի C լիգա: Բացի դրանից՝ առաջինը լինելու դեպքում Հայաստանի ընտրանին իրավունք կստանա D լիգայի մյուս 3 խմբերի հաղթողների հետ օլիմպիական սկզբունքով վիճարկել «Եվրո-2020»-ի ուղեգրերից մեկը:  

Հետաքրքիր է, որ գալիք մրցակիցներից Հայաստանը հանդիպել է միայն մակեդոնացիներին: Կովկասյան եւ բալկանյան ընտրանիների ճանապարհները խաչվել են 3 ընտրական մրցաշարերում:

«Եվրո-1996»-ի ընտրական փուլում՝ 1995-ի մայիսի 10-ին, մեր ընտրանին Երեւանում 2-2 խաղաց մակեդոնացիների հետ: Գոլերի հեղինակ դարձան Ռազմիկ Գրիգորյանն ու Արմեն Շահգելդյանը: Սա պատմական հանդիպում էր, քանի որ պաշտոնական խաղերում առաջին անգամ թիմը գոլեր խփեց: Ընդ որում՝ Սամվել Դարբինյանի սաները հաղթում էին 2-0 հաշվով, սակայն ձեռքից բաց թողեցին հաղթանակը, որը կարող էր դառնալ առաջինը պաշտոնական խաղերում: Այդուհանդերձ, այդ հաղթանակը իրականություն դարձավ նույն մակեդոնացիների հետ պատասխան խաղում, որը կայացավ 1995-ի սեպտեմբերի 6-ին Սկոպիեում: Կրկին Գրիգորյանի ու Շահգելդյանի գոլերի շնորհիվ մեր թիմը հաղթեց 2-1 հաշվով: Հետաքրքիր է, որ այս անգամ էլ մերոնք էին պարտվում 0-1, բայց կամային հաղթանակ տարան. այսպես Հայաստանի ընտրանու պատմության մեջ առաջին պաշտոնական հաղթանակը կայացավ արտագնա խաղում:

Աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական փուլում հավաքականները նորից երկու հանդիպում անցկացրին: 2004-ի օգոստոսի 8-ին Սկոպիեում ֆրանսիացի Բեռնար Կազոնիի սաները պարտվեցին 0-3 հաշվով: 2005-ի հունիսի 4-ին Երեւանում տեղի ունեցած պատասխան հանդիպմանը նորից հաղթեցին բալկանցիները՝ 2-1: Հյուրերի առաջատար Պանդեւի երկու գոլերին մեկ անգամ պատասխանեց մեր թիմի ծագող աստղ Էդգար Մանուչարյանը: Այդ ժամանակ թիմը գլխավորում էր հոլանդացի Հենկ Վիսմանը:

«Եվրո-2012»-ում, որը Հայաստանի հավաքականի պատմության մեջ ամենահաջողվածն էր, թիմերը 2010-ի սեպտեմբերի 7-ին հանդիպեցին Սկոպիեում: Յուրա Մովսիսյանի ու Էդգար Մանուչարյանի գոլերը, ցավոք, չօգնեցին Վարդան Մինասյանի թիմին հաղթանակ տանել: Մինչ օրս ֆուտբոլասերները հիշում են խաղավարտին Արարատ Առաքելյանի ձեռքով խաղը սեփական տուգանայինում, որը հանգեցրեց 11-մ հարվածի, եւ խաղն ավարտվեց 2-2: Այդուհանդերձ, այդ խաղը ցույց տվեց մեր ընտրանու մեծ ներուժը, որը ռեալիզացվեց հետագա մրցելույթներում: Վերելքի վրա գտնվող հայ ֆուտբոլիստները 2011-ի հոկտեմբերի 7-ին Մարկոսի, Մխիթարյանի, Ղազարյանի ու Սարկիսովի գոլերի շնորհիվ բալկանցիներին հաղթեցին 4-1 հաշվով:      

Այսպիսով՝ մակեդոնացիների հետ հայ ֆուտբոլիստները հանդիպել են 6 պաշտոնական խաղում, տարել 2 հաղթանակ, 2 ոչ-ոքի խաղացել, նույնքան պարտություն կրել, խփել եւ բաց թողել 11-ական գոլ. կատարյալ հավասարություն:

Հուսանք, որ այս անգամ էլ Արթուր Պետրոսյանի սաները կկարողանան հաղթահարել մակեդոնացիների արգելքը: Լիխտենշտայնի ու Ջիբրալթարի մասին չենք խոսում, քանի որ թե՛ թղթի վրա, թե՛ դաշտում մեր թիմն ուժեղ է այս ընտրանիներից, ու հաղթանակից բացի այլ արդյունքը պարզապես անընդունելի կլինի:       

Ներկա պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 90-րդն է, ՆՀՀ Մակեդոնիան՝ 73-րդը, Լիխտենշտայնը՝ 182-րդը, իսկ Ջիբրալթարը՝ 206-րդը (այս թիմը վարկանիշային միավոր չունի եւ մի շարք այլ հավաքականների հետ եզրափակում է համաշխարհային ցուցակը):  

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter