HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ազգային մոտիվներով պատկերազարդ կավե տիկնիկներ ու գունավոր քարերից զարդեր՝ «Ար-Մարի»-ից

«Իմ նկարներում հայ կինը ուժեղ է, իշխանական կերպար, զուրկ զոհի կարգավիճակից, տկարությունից»,- ասում է նկարչուհի-դիզայներ Մարի Ռուբենյանը։ Մարիին արվեստի աշխարհում ճանաչում են «Ար-Մարի» անունով ՝ որպես նկարիչ, մանրանկարիչ, խեցեգործ, դիզայներ, պատկերազարդող։ «Ար» մասնիկը նկարիչն ինքն է ավելացրել անվանը՝ շեշտելով ազգային պատկանելությունը։

Նրա պատկերազարդ գծանկարները տարբեր են, բայց գերակշռում են իշխանական ուժեղ կնոջ եւ տղամարդու կերպարներն արտահայտողները։ Նկարչուհին հիշում է՝ առաջին պատկերազարդումներն արել է օրագրերի էջերին՝ միայն իր համար, հետո` համացանցի հայտնվելուց հետո, տարածել, ավելի լուրջ մոտեցել գծանկարներին եւ ստեղծել սեփական ոճը։ Դետալներով եւ մանրանկարչության միջոցով ներկայացնում է կերպարների հագուստը, զարդարանքները, զենքերը։

Մարի Ռուբենյանը ոչ միայն թղթի, այլեւ կտորի, ապակու, կավի եւ քարերի վրա է նկարում։ «Նկարում եմ ամենասովորական կլորավուն քարերի վրա, որոնք գտնում եմ մեր բակում։ Եղբորս երեխաները սովորել են՝ երբ հարթ մակերեսով քար են գտնում, տուն են բերում։ Ընկերներս էլ պատրաստակամություն են հայտնում` իրենց շրջակա միջավայրերից քարեր, օբսիդիան կամ հին խեցու կտորտանքներ առաջարկելով»,- պատմում է նկարչուհին։

Քարերի վրա  նկարում ու փորագրում է նախաքրիստոնեական, քրիստոնեական սիմվոլներ։ Աշխատանքների մեջ օգտագործում է բոլոր գույները, բայց առավել շատ սիրում է կարմիրը. «Իմ սրտի ու հոգու գույնն է։ Մեր հին մանրանկարները, գորգերը  նույնպես հագեցած են կարմիրով, Որդան կարմիրով։ Հայ մանրանկարչության մեջ կարմիրը սրբության խորհուրդն ունի»,- ասում է նկարչուհին։

Մարի Ռուբենյանը դիզայներական առաջին աշխատանքները սկսել է վաղ տարիքից, հիշում է՝  ինչպես է գունավոր մետաղալարեր ու հոսանքի լարեր գտել եւ դրանցից զարդեր պատրաստել։ «15 տարեկանում  ընդունվեցի «Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» եւ արվեստով ավելի լուրջ սկսեցի զբաղվել։ Նյութերի պակաս նորից նկատվում էր, չէի հուսահատվում, գտնում էի լուծումներ՝ կավը փոխարինում էի աղի խմորով եւ դրանով աշխատում։ Ի զարմանս՝ շատ գեղեցիկ և ժամանակակից զարդեր ծնվեցին, որոնք կրում եւ նվիրում էի սիրով»,- պատմում է դիզայները։

Մարին հիմա էլ շարունակում է զարդեր, հագուստներ ու աքսեսուարներ պատրաստել։ Աշխատում է ձեռքի տակ եղած նյութերով՝ կավ, պոլիմերային կավ, փայտ, թուղթ, կտոր, ապակի, քար, կաշի, թաղիք, ոսկերչական լարեր։ Կարում է ազգային մոտիվներով հագուստներ, պայուսակներ, գլխարկներ և տարազներ։

Նկարիչ-դիզայների աշխատանքների հիմնական թեմատիկան ազգայինն է, ասում է ՝ եթե հատուկ պատվերներ չեն լինում, առավել հաճախ ազգային մոտիվներով է աշխատանքներ ստեղծում. «Ոչ ազգային թեմատիկայով զբաղվում են շատերը: Ավելի հեշտ է տրվում, պատասխանատվության զգացումն ավելի քիչ է, դառնում է միայն գումար աշխատելու միջոց։ Գուցե պատճառներից մեկն է, որ այժմ ազգային մշակույթն անկում է ապրում»։ Նկարչուհու ոգեշնչման աղբյուրը Հայաստանի բնությունն է, սակայն աշխատանքներում քաղաքային արվեստն է նաեւ ներկայացնում։

Արվեստագետի սիրած գործերից մեկն էլ տարազով կավե տիկնիկ-հուշանվերներն են։ Առաջին տիկնիկը տասը տարի առաջ է պատրաստել. «Տեսնում էի տիկնիկներ՝ չափսերով փոքր, թափթփված, խղճուկ տեսքով, հատուկ շեշտված կարկատաններով ու ցնցոտիներով, մեծ քթերով։ Որոշեցի քննադատելու փոխարեն ինքս ստեղծել: Որոշեցի մանրանալ այնքան, որքան թույլ կտա կոպիտ կավը»,- պատմում է մանրանկարիչն ու ասում, որ յուրաքանչյուր մարդու նմանությամբ հիմա կարողանում է տիկնիկ պատրաստել։

Մարին ոչ միայն աշխատանքեր է կերտում, այլեւ ուսումնասիրում է հայոց պատմությունը, մշակույթը, ուսումնասիրում է  Հայկական լեռնաշխարհում ապրող էթնոսների հագուստը։ Ուսումնասիրել է նաեւ մանրանկարչությունը, առաջին աշխատանքներն արել է Աստվածաշնչյան սյուժեներով։

«Հաճախ հարցնում են` նյարդերդ չե՞ս խնայում, այդքան մանր աշխատանք ես անում, չհասկանալով, որ դա լրիվ հակառակ ազդեցությունն ունի: Բուժիչ ու ապաքինող աղոթք, մեդիտացիա է։ Սուրբ գրքերը հարուստ են մանրանկարներով՝ լինի քրիստոնեական, բուդդայական, թե մահմեդական։

Հայկական մանրանկարչությունն իր հարստությամբ շարունակել ու զարգացնել է հարկավոր»:

Մարին չի սիրում մեկնաբանել իր նկարները, զարդերը, պատմել դրանց մասին, ասում է՝ ամեն մեկը պիտի յուրովի հասկանա։ Հիմնականում աշխատանքները չեն կրկնվում, ասում է՝ արվեստագետի համար կրկնվելը ձանձրալի գործ է։

Մեկնաբանություններ (1)

Անժելա
Տաղանդավոր ու մարդ տեսակդ անկրկնելի է, Մարի ջան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter