Հանրապետության նախագահը չի լինի անվտանգության խորհրդի կազմում
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Կառավարության հերթական՝ հունվարի 25-ի նիստում ներկայացրեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը։ Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում է, նիստը վարում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։
«Անվտանգության խորհուրդը նախկինում խորհրդատվական մարմին էր նախագահի համար, նոր սահմանադրական կոնցեպտով այն պետական մարմին է, որը ղեկավարում է վարչապետը, և սահմանադրությամբ ամրագրված է նաև հիմնական առաքելությունը, այն սահմանում է պաշտպանության ոլորտի հիմնական քաղաքականության հիմնական ուղղությունները»,- ասաց Դավիթ Հարությունյանը։
Հարությունյանի խոսքով՝ նախատեսվում է փոփոխություններ նաև անվտանգության խորհրդի կազմում։
«Այն բաղկացած է լինելու վարչապետից, որը ղեկավարելու է այն, փոխվարչապետներից, Պաշտպանության նախարարից, Գլխավոր շտաբի պետից, Արտաքին գործերի նախարարից, ԱԽ քարտուղարից, ԱԱԾ տնօրենից, Ոստիկանության պետից»,- ներկայացրեց նախարարը։
Հիշեցնենք, որ գործող անվտանգության խորհուրդը ղեկավարում էր հանրապետության նախագահը։
Հարությունյանի խոսքով՝ օրինակ պաշտպանության ոլորտում քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող որոշումները պետք է ստորագրի ոչ միայն վարչապետը, այլև Պաշտպանության նախարարը։
Նախագիծն արժանացավ Կառավարության հավանությանը։
Մեկնաբանել