Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Ուղևորափոխադրում կատարող ընկերությունների համար հարկման բեռի բարձրացում չի լինի



Կառավարության հերթական՝ հունվարի 25-ի նիստին Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց Կառավարության առաջարկությունների նախագիծը՝ ՀՀԿ-ական պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի և Խոսրով Հարությունյանի ներկայացրած «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ: Պատգամավորներն առաջարկել են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարել, որոնց համաձայն՝ ակցիզային հարկի բարձրացումը չի անդրադառնա ուղևորափոխադրում կատարող ընկերությունների հարկային բեռի ավելացման վրա։

Նախարարը հիշեցրեց օրեր առաջ խորհրդարանում տեղի ունեցած լսումները գնաճի թեմայով, որտեղ քննարկվել է նաև այս հարցը։

«Խոսրով Հարությունյանը բարձրացրեց հարցն առ այն, որ նոր Հարկային օրենսգրքի շրջանակներում որոշակիորեն հնարավոր է, որ հարկման բեռի բարձրացում լինի ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների մոտ։ Մեր պատասխանն այն էր, որ մենք, այդ փոփոխությունները անելով, երբեք չենք ունեցել ֆիսկալ նպատակ, այսինքն չենք ակնկալել, որ այդտեղից ունենալու ենք եկամուտների էական բարձրացում։ Ուղղակի խնդիրն այն է, որ 2012-2013 թվականից մեր քաղաքականությունը եղել է այն, որ երկու ռեժիմները հարմոնիզացնենք․ խոսքը վերաբերում է հաստատագրված վճարին և արտոնագրային վճարին, աստիճանաբար հաստատագրված վճարից անցում ենք կատարել արտոնագրային վճարի»,- ասաց նախարարը։

Արամյանի խոսքով՝ խնդիր է եղել նաև այն, որ արտոնագրային վճարը չի ունեցել ճշգրտիչ գործակիցներ, քանի որ համակարգն այդպիսին է եղել:

«Դրա արդյունքում որոշակի ճշգրտում, թեթև բարձրացում հնարավոր է։ Մեր գործընկերներն այս օրենսդրական նախաձեռնությունով առաջարկում են, որ այդ շտկման արդյունքում արտոնագրային վճարների մասով ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների համար վերականգնվի 2017 թվականին նոր հարկման բեռը: Այդ մասով մենք դիտողություններ չունենք, կողմ ենք»,- ասաց Վարդան Արամյանը։

Նախագիծն արժանացավ Կառավարության հավանությանը։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ