Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

«Դու մերոնցից չես...»



«Որոտան-Արփա-Սեւան» (ՈԱՍ) թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի նախկին իրավախորհրդատու Լեյլա Ասատրյանը օգոստոսի 9-ին ազատվել է աշխատանքից՝ իրավաբանի հաստիքը կրճատելու պատճառաբանությամբ: Նա հայտնվել է Անդերսենի հայտնի հեքիաթի հերոսի ճակատագրում, ուր բոլորը տեսնելով իրենց կողքին հայտնված ոչ յուրայինին՝ բղավում են. «Դու մերոնցից չես, մերոնցից չես...»: 

Տիկին Ասատրյանի ասելով, հիմնարկում հաստիքների կրճատումներ չէին սպասվում, կրճատումներն արվել էին մարտ ամսին եւ æրային տնտեսություն պետական կոմիտեի հաստատած 17 հոգանոց նոր հաստիքացուցակում պահպանված էր նաեւ իրավախորհրդատուն: Լ. Ասատրյանը տեղեկացրեց, որ հիմնարկում մթլորտը լարվել էր հատկապես աշխատավարձերը բարձրացնելուց հետո: Հիմնարկի գլխավոր ինժեներ Գագիկ Գրիգորյանը տնօրենի պաշտոնակատար լինելու մի կարճ ժամանակահատվածում սկսել է զայրանալ ու բղավել, թե «ով ես դու, մի անտեր ու անմարդ կին, դու ինչո՞ւ պետք է բարձր աշխատավարձ ստանաս»: 

Տեղեկացրեց, որ հիմնարկի նոր տնօրեն Գագիկ Ղափլանյանը աշխատանքի անցնելու երրորդ օրը կանչել է իր աշխատասենյակ, ծանոթացել, այնուհետեւ զարմանք հայտնել, թե մարդն ինչպես կարող է ապրել 22 հազար դրամ աշխատավարձով եւ համոզել է աշխատանքից ազատվելու դիմում գրել: «Նոր տնօրենին ներկայացրի նյութական ծանր կացությունս, որ ընտանքի միակ կերակրողն եմ ու խնամակալը, ամուսինս արցախյան ազատամարտի ընթացքում է մահացել եւ այլն, իսկ նա զզվանքով վրաս նայելով ասաց, թե չի ցանկանում շանտաժով ինձ ազատել աշխատանքից, թե չէ շատ ձեւեր կան»,- հայտնեց տիկին Ասատրյանը: 

Նրա ասելով, քանի որ հրաժարվել է ազատման դիմում գրելուց՝ գլխավոր ինժեները ազատելու այլ տարբերակներ է մտածել: «Կոմիտեի ղեկավարությանը ներկայացնելու համար կազմել էր մի գրաֆիկ, իբրեւ թե ժամանակին չեմ ներկայանում աշխատանքի, կարգապահ չեմ, տնօրենը նույնիսկ կարգադրել էր ինձ աշխատավարձ չգրել»: Ժամանակին տեղեկանալով այդ մասին Լ.Ասատրյանը առարկություններ է ներկայացրել կոմիտեին՝ կանխելով տնօրենի մտադրությունը: «Գ. Ղափլանյանին չհաջողվեց գործալքության պիտակով աշխատանքից ազատել ինձ, սակայն նույն օրը երեկոյան կրճատեց իրավաբանի հաստիքը»,- նշեց տիկին Ասատրյանը: 

Տնօրենին գրած դիմումներով նա խնդրել է իրեն տրամադրել իր վերջին տարիների արաձակուրդները, փոխարենն անընդհատ հիշեցրել են, որ պետք է հեռանա, որովհետեւ «իրենց թիմից չէ»: Այդպես էլ նրան հասանելիք արձակուրդը չի տրամադրվել: Տիկին Ասատրյանը պնդում է, որ հիմնարկի տնօրենը ոչ թե իրավախորհրդատուի հաստիքից է ազատվել, այլ՝ իրենից, հակառակ դեպքում 23 տարի նույն մասնագիտությամբ աշխատողից հետեւողականորեն ազատվելու դեպքում կարող էին գոնե տեղափոխել այլ աշխատանքի: «Որոտան-Արփա-Սեւան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի տնօրեն Գագիկ Ղափլանյանը չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ եւ Լեյլա Ասատրյանին խորհուրդ տվեց դիմել դատարան, եթե գտնում է, որ իրեն աշխատանքից ազատելն անօրինական է:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ