Կիրակի, 23 սեպտեմբերի

Աշակերտների թվի ավելացման, ուսուցչի հաստիքների լրացման դեպքում Մեծաձորի դպրոցը կվերաբացվի



Կառավարությունն այսօրվա նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի առաջարկով որոշեց լուծարել Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի հիմնական դպրոցը։ Դպրոցը լուծարելով՝ պետությունը հաշվարկել  է, որ կտնտեսի 13 միլիոն դրամ:

Նախարարը հարցը զեկուցելիս հայտնեց, որ դպրոցը լուծարելու առաջարկը ստացել են մարզպետարանից, որով հայտնել են՝ դպրոցում սովորում է 2 աշակերտ, հնարավոր չէ դպրոցում կազմակերպել ուսումնական պրոցեսը, կոմպլեկտավորման ոչ մի հնարավորություն չկա:

Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մամիկոն Աբգարյանը «Հետք»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ դպրոցը չի լուծարվի, այն ժամանակավոր կդադարեցնի գործունեությունը: Որպես դպրոցի լուծարման պատճառ վարչության պետը ընդգծեց ոչ միայն աշակերտների նվազ թիվը, այլև ուսուցիչների թափուր հաստիքները, որոնք տարիներ շարունակ չեն լրացվում։

«Նախ՝ երկու աշակերտի համար այդչափ միջոցներ ծախսելը գտնում ենք ոչ նպատակահարմար, երկրորդը` ուսուցչի թափուր տեղերը տարիներ շարունակ չեն համալրվում: Այսինքն՝ այդ նույն երկու աշակերտի կրթության իրավունքը թերի է իրականացվում՝ ուսուցիչ չլինելու պատճառով: Հետևաբար նպատակահարմար գտանք, որ ոչ թե փակում ենք ընդմիշտ, այլ ժամանակավորապես, երբ երեխաների թիվը ավել լինի, նորից կվերաբացվի»,- նշեց Մամիկոն Աբգարյանը:

Վարչության պետի հաղորդմամբ՝ այս պահին դպրոցում դասավանդում է հինգ ուսուսցիչ, սակայն տարիներ շարունակ դպրոցում թափուր են դասվարի, ռուսաց լեզվի, պատմության, քիմիայի, կենսաբանության, ֆիզկուլտուրայի, գերմաներենի ուսուցիչների հաստիքները։

Աբգարյանը, խոսելով այս թափուր հաստիքների լրացմանն ուղղված մարզպետարանի քայլերի մասին, ասում է՝ իրենց դիմած ուսուցիչներին, երբ ուղղորդում են այդ դպրոց, նրանք հրաժարվում են՝ պատճառաբանելով, որ դպրոցում դասարանների թիվը քիչ է, դասաժամերը պակաս են, չեն կարող հասնել գյուղ 15 000, 4 000, 14 000 դրամի համար:

Նախարարությունը որոշել է, որ աշակերտների ուսուցումը հնարավոր կլինի կազմակերպել Վերին Բազմաբերդի հիմնական դպրոցում, եթե աշակետներն այլ դպրոց հաճախելու նախասիրություն չունենան, քանի որ այդ դպրոցների միջև եղած հեռավորությունը շուրջ 3,5 կմ է:

Մարզպետարանը հոգալու է Մեծաձորի երկու աշակերտի տեղափոխումը Վերին Բազմաբերդի դպրոց: Մամիկոն Աբգարյանի փոխանցմամբ՝ այդ դպրոց երեխաները կհասնեն իրենց տրամադրած տրանսպորտային միջոցով, որի ծախսերը հոգալու է մարզպետարանը. տրանսպորտը երեխաներին տանելու է դպրոց, դասերի ավարտից հետո հետ է բերելու գյուղ։

Հակառակ վարչության պետի այն հավաստիացումներին, որ դպրոցը` աշակերտների թվի ավելացման, ուսուցչի հաստիքների լրացման դեպքում կվերաբացվի, դպրոցի տնօրեն Լևոն Աբրահամյանը վստահ չէ, որ մինչև մյուս տարի այդ երկու աշակերտն էլ կմնա գյուղում՝ Վերին Բազմաբերդի դպրոց հաճախելու համար:
Լուսանկարը՝ Մամիկոն Աբգարյանի ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ