HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ոստիկանությունը ուսումնասիրում է Միսաք Մանուշյանի անվան դպրոցի մասին «Հետք»-ի հրապարակումը

Գլխավոր դատախազությունը «Ծնողներն ահազանգում են՝ դասվարը պարբերաբար հարվածում է երեխաներին» վերտառությամբ «Հետք»-ի հրապարակումը ուղարկել է ոստիկանություն՝ ուսումնասիրելու համար:

Ինչպես հայտնեցին գլխավոր դատախազությունից, հունվարի 23-ին հրապարակումն ուղարկվել է Արաբկիր_Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն, վերջինս էլ այն ուսումնասիրելու համար փոխանցել է ոստիկանություն Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Ինչպես հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից, հրապարակման նյութերը ստացել են դատախազությունից և այս պահին կատարվում է հետաքննություն:

Հիշեցնեք, որ հունվարի 22-ին գրել էինք, որ Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցի դասվար Անահիտ Նազանյանը, հունվարի 15-ին բարկանալով երեխաներից մեկի վրա, փորձել է մաթեմատիկայի դասագրքով հարվածել նրան, սակայն երեխան մի կողմ է քաշվել, և գիրքը դիպել է այլ երեխայի՝ 9-ամյա Աննա Մուրադյանին: Երեխայի քիթը սկզբում կարմրել  է, հետագայում արդեն` կապտել և ուռել: Ուսուցիչն այդպես էլ չէր ընդունել երեխային հարվածելու մեղքը, որքան էլ դասարանի երեխաները փաստել են դա: Բացի այս դեպքը, աշակերտներից Հայկ Վարդանյանի մայրը՝ Սոնա Հովհաննիսյանը, հայտնել էր, որ ուսուցիչը պարբերաբար հարվածել է տղային:

Ծնողներից Տաթևիկ Ամիրյանը պնդում էր, որ դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանի քույրը դասղեկ է մի դասարանի, որի մատյանին այլ ուսուցչի անուն է գրված, բացի այդ, իրենցից հաճախ նաև պատճենահանման գումարներ են պահանջում՝ թեմատիկ աշխատանքները պատրաստելու համար: 

Մեկնաբանություններ (2)

գայանե
սուտ,ամոթ ունեցեք գոնե
Արգամ Նազանյան
Հարգելի Դիանա Ղազարյան եթե հունվարի 22-ի Ձեր գրվածքն ինչ որ տեղ անուղղակիորեն հղում էր պարունակում ծնողների հայտարարությանը, ապա այս անգամ պարզվում է, որ Դուք առաջ եք ընկել իրավապահ մարմիններից, իրականացրել եք Ձեր անձնական հետաքննությունը և վստահաբար, առանց որևէ աղբյուրի հղում կատարելու, փաստում եք, որ իրոք, ուսուցիչը հարվածել է երեխային: Որքանով եք ճիշտ ու բարոյական համարում քշվել այն մարդու հոսանքով, որը քթի միջնապատի խնդիր ունեցող իր երեխային բժշկի տանելու փոխարեն /եթե ենթադրյալ հարվածը եղել է/, զբաղված է այս ու այն կողմ գրագրություն իրականացնելով և երեխայի առողջության վերականգնման միակ փրկությունը տեսնում է երկու նախկին ուսուցիչներին վերականգնելու մեջ /նույնը վերաբերում է մյուսներին, որոնք ընդամենը մեկ ամսվա ընթացքում ,,գնահատել են,, ուսուցչի մասնագիտական ունակությունները/: Ոչինչ չեք տեսնում այստեղ?: Վերոգրյալը շարադրում եմ որպես Անահիտին շատ լավ ճանաչող անձ, իսկ որպես փաստաբան հայտնում եմ, որ յուրաքանչյուրը պատասխան է տալու զրպարտանքի համար, իսկ որոշ՝ իրենց գլամուրային տականքի տեղ դրած անձինք՝ նաև վիրավորանքի համար: Խնդրանքս է՝ թեման բավականին լուրջ է և պետք չէ այն ավելի սրել, որպեսզի թացն ու չորն իրարից առանձնանան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter