HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Նպատակ չեմ ունեցել նրա կյանքը խլել». 22-ամյա բժշկի սպանության գործով ամբաստանյալ

«Ես մտադրություն չեմ ունեցել նրան կյանքից զրկելու։ Լեւոնին ճանաչել եմ, միշտ եկել-գնացել է Արեգնազի հետեւից, փոխադարձ լավ հարաբերություններ ենք ունեցել, միշտ համեստ, հավասարակշռված անձնավորություն էր»,- 22-ամյա բժիշկ Լեւոն Սահակյանի սպանության գործով դատական նիստին հայտնեց ամբաստանյալ Վահան Ղազարյանը։

Այսօրվա նիստի ընթացքում Ղազարյանը ցուցմունք տվեց։ Խոսքը սկսեց` ցավակցությունն ուղղելով Լեւոն Սահակյանի ընտանիքին եւ նշեց, որ դիտավորյալ չի կատարել։ Վահան Ղազարյանը նկարագրեց դեպքի օրը կատարված իրադարձությունները, նշեց, թե ինչպես են պայմանավորվել հանդիպել Լեւոն Սահակյանի հետ։

«Էդ օրը զանգեց, ասացի` եթե պիտի գա, շուտ գա, քանի որ ես պիտի գնայի Գյումրի: Եկավ, հրավիրեցի իմ առանձնասենյակ, նստեցինք, սկսեցինք զրուցել։ Ասաց՝ երկու ամիս հետո պիտի գումարը տաս, երկու ամիսը լրացել է, բացատրեցի, որ նկատի չեմ ունեցել հենց ամսի 20-ը, առաջարկեցի քսան հազար տալ, մնացածը երկու օր հետո։ Վիճեցինք, հետո հանդարտվեցինք, սկսեցինք հանգիստ խոսել, հանեցի քսան հազար պիտի տայի, ասաց՝ ես ապարատը պիտի վերցնեմ, ես էլ ասացի՝ ո´չ խաբել եմ, ո´չ ստախոս եմ ու թույլ չեմ տա սենյակիցս որեւէ բան վերցնես»,- պատմեց մեղադրյալը։

Դեպքի օրը ըստ ամբաստանյալի՝ Լեւոն Սահակյանի հետ մի քանի անգամ լեզվակռիվ են ունեցել, որին հաջորդել է կռիվը, վիճաբանության հիմնական պատճառը Լեւոն Սահակյանի նշանածի աշխատավարձն է եղել։  

Ցուցմունքի ընթացքում Վահան Ղազարյանը նշեց, որ լավ հարաբերությունների մեջ է եղել թե´ Լեւոնի, թե´ նրա նշանածի հետ։ Հայտնեց, որ Լեւոնի նշանածին՝ իր աշխատակցուհուն, թողել է օրերով գործից բացակայել, երբ Լեւոնին դուրսը նստած տեսել է, հրավիրել է առանձնասենյակ։ Վահան Ղազարյանի փոխանցմամբ՝ իր ղեկավարած «Պատանի լրագրողների դպրոցում» ֆինանսական խնդիրներ են եղել, ֆինանսավորում չեն ունեցել, ուստի ուշացրել է աշխատավարձը։

«Ասել եմ, որ «Կենտրոն» ՀԸ-ը ֆինանսավորում չի տրամադրել, կտրամադրի 2-3 ամիս հետո, ով որ ուզենա աշխատի, թող կաշխատի, ով չի ուզենա՝ չի աշխատի»։

Իսկ Լեւոնի նշանածի հետ ընդհարումներ եղել են այն պատճառով, որ վճարովի նկարահանումների չի գնացել, ինչպես Վահան Ղազարյանն է պատմում՝ մի օր Լեւոնի հետ հարսանիքի է գնացել, մի օր ուրիշ տեղ է գնացել, ու պատվիրված նյութն ուշացել է, հետո ասել, որ չի ուզում շարունակի աշխատել։

Աշխատավարձը չստանալուց հետո Արեգնազն աշխատանքային տեսախցիկն է վերցրել, որը հետ ստանալու համար Վահան Ղազարյանը դիմել է Լեւոնին։ «Ասացի, որ մնացած աշխատողների աշխատավարձն էլ չեմ տվել, Արեգնազինն էլ նրանց հետ կտամ»,- հայտնեց մեղադրյալն, ապա ավելացրեց, որ չի ցանկացել վիճաբանել Լեւոնի հետ։

«Ես պլանավորած գործեր ունեի, 40 տարվա մեջ որեւէ անգամ կռվի մեջ չեմ եղել, որ դանակ պահեմ կամ զենք պահեմ։ Եթե նպատակ ունենայի, զենք ունեի դարակիս մեջ դրած, զենքս կհանեի, կռիվ չէի անի, կգնային, մի րոպե չէին կանգնի էդտեղ»։

Վահան Ղազարյանը նշեց նաեւ, որ պայմանավորվածություն չի եղել, որ աշխատավարձը եթե չտա, ապարատը տա Լեւոն Սահակյանին, քանի որ ապարատն աշխատավարձի քառապատիկ գինն է ունեցել։

«Չէի սպասի, որ կռիվ անի, ասացի՝ ամոթ չէ՞ 40 տարեկան տղա եմ, դու էլ 20 տարեկան ես, դոշերս 80 հազար դրամի համար հավաքում ես, մի պահ հանդարտվեց, ապա ձեռքը գցեց ապարատը վերցրեց, ասացի՝ ապարատը դիր տեղը, ձեռը բռնեցի, բոքսով խփեց, ընկա գետին, գլխիս էնքան խփեց, որ ես դանակ հանեցի, ոտքին խփեցի»,- պատմեց ամբաստանյալը։

Հիշեցնենք, որ Լեւոն Սահակյանի մահը արձանագրվել է կրծքավանդակի շրջանում ստացած դանակի հարվածից։ Սակայն դատարանի դահլիճում ամբաստանյալը նշեց, որ հիշում է՝ ինչպես է դանակով հարվածել Լեւոն Սահակյանի ոտքին, բայց չի հիշում կրծքավանդակին հարված հասցնելը։

«Ես ընկած էի, Լեւոնը նստած էր վրես, ես մենակ ջինսի շալվարն եմ տեսել, ձեռքովս փակել էի դեմքս, որ կապտուկներ չառաջանան, հարվածում էր։ Գրպանիս մեջից դանակը հանեցի, խփեցի, հետո տակից ֆռռացի, ընկերս դոշերիցս քաշեց, հանեց։ Ես գիտակցաբար գիտեի, որ ոտքից եմ խփել»,- հայտնեց Վահան Ղազարյանը։ Ըստ նրա՝ մի պահ նկատել է նաեւ Լեւոնի վերնաշապիկի վրա արյան հետքերը, ընկերոջը հարցրել է, թե ինչից է առաջացել.

«Գեւորգին ասացի՝ էդ կողմին չեմ խփել, ինչու՞ է արյուն գալիս: Գեւորգը նայեց, ասաց՝ բան չկա, քերծվածք է։ Ես նպատակ չեմ ունեցել նրա կյանքը խլել, ոչ էլ նմանատիպ ինչ-որ բան, էդ ամեն ինչը վրես ավելի ծանր է անդրադարձել, իմ խիղճս էսօր ծանր է, եւ ինձ շատ վատ եմ զգում»,- ասաց Վահան Ղազարյանը։

Տուժողի իրավահաջորդը եւ նրա պաշտպան փաստաբան Արայիկ Պապիկյանն ամբաստանյալի ցուցմունքը լսելուց հետո միջնորդություն ներկայացրին դատարանին՝ նշելով, որ Վահան Ղազարյանի ցուցմունքներում կան հակասություններ, եւ միջնորդեցին հրապարակել նախաքննական ցուցմունքները, դատարանը բավարարեց միջնորդությունը։ Նախաքննական ցուցմունքները կհրապարակվեն հաջորդ նիստի ընթացքում։

Նիստի օր նշանակվեց փետրվարի 15-ը։

Հիշեցնենք, որ «Պատանի լրագրողների դպրոցի» տնօրեն Վահան Ղազարյանը մեղադրվում է 2016-ի հոկտեմբերի 19-ին Լևոն Սահակյանի հետ վիճաբանության ընթացքում նրան դանակով հարվածներ հասցնելու մեջ, որի պատճառով Լ Սահակյանը սրտի և թոքի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, ապա մահացել։ Վահան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter