HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԵԽԽՎ-ում ներկայացվել է սոցիալական մեդիայում ապատեղեկատվության տարածման խիստ պատժամիջոցներ նախատեսող զեկույց

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակները սոցիալական մեդիայում տարածվող ապատեղեկատվության համար պատասխանատվության առաջարկ են ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։

«Հետք»-ն ավելի վաղ գրել է, որ նախաձեռնության հեղինակը Մեծ Բրիտանիայի պատվիրակության անդամ, Լորդերի պալատի ներկայացուցիչն է։ Վերջինիս համոզմամբ՝ անհրաժեշտություն կա կանոնակարգել համացանցը։

Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ նախաձեռնության հեղինակն իր հիմնավորման համար մի քանի փաստարկներ է ներկայացրել, որոնք մեջբերում ենք բառացի․

«1․ Սոցիալական լրատվամիջոցները քաղաքական բանավեճի համար կարևորագույն հարթակներից են և հասարակական կարծիքի ձևավորման գործում դարձել են շատ ազդեցիկ: Այդ պատճառով ծայրահեղ մտահոգիչ է այն փաստը, որ սոցիալական մեդիայով տարածվում է ապատեղեկատվություն և օգտագործվում որպես մանիպուլյացիայի գործիք, մինչդեռ այս ոլորտում վերահսկողությունն ու կարգավորումները կամ անտեսվում են, կամ՝ գոյություն չունեն:

2. Այս իրավիճակը սպառնալիք է ոչ միայն ժողովրդավարական հասարակություններում քաղաքական գործընթացներին, այլև խոչընդոտ հասարակության պատշաճ և հավասարակշռված կերպով տեղեկացված լինելուն»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արփինե Հովհաննիսյանը։

Նախաձեռնության հեղինակը որպես լուծում առաջարկում է, որ Խորհրդարանական վեհաժողովն ուսումնասիրի, թե ինչպես են օգտագործվում սոցիալական լրատվամիջոցները՝ յուրացնելով խոսքի ազատության հիմնարար սկզբունքը։

Ինչպես հակազդել սոցիալական մեդիայի միջոցով տարածվող ապատեղեկատվությանը, այդ թվում՝ որոնման համակարգեր (որոնման համակարգերի ալգորիթմներ) ստեղծելու միջոցով:

Որպես արդյունք առաջարկվում է, որ ԵԽ-ն իր տարբեր ձևաչափերով անդամ պետություններին պարտավորեցնի նախատեսել՝ 
- սոցիալական մեդիայի օգտագործման սահմանափակող կանոններ, որոնք կկանխարգելեն և կչեզոքացնեն ապատեղեկատվությունը և մանիպուլյացիաները, ինչպես նաև` համաձայնեցված կանոնները խախտելու համար խիստ պատժամիջոցներ:

Զեկույցն ընդունվելու դեպքում Հայաստանը ևս որպես ԵԽ անդամ երկիր կպարտավորվի նման կանոններ սահմանել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter