HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

2017թ. Արդարադատության խորհուրդը մեկ դատավորի է ենթարկել կարգապահական պատասխանատվության

Մամուլը հաճախ է անդրադառնում դատավորների վարքագծին, թույլ տված ակնհայտ խախտումներին, ինչն էլ ազդում է հանրային ընկալման վրա: Միշտ չէ, որ դատավորները հետևում են իրենց վարքագծի նորմերին և հարգանք ներշնչում դատարանների նկատմամբ:

«Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը կառավարարության պատվերով 2016թ. վերջին իրականացրել էր սոցիոլոգիական հարցում: Պետական մարմիններում օրենքների խախտման հաճախականությանը վերաբերող հարցին պատասխանելիս քաղաքացիների 27.6%-ը նշել է, որ դատաիրավական մարմինները հաճախ են խախտում օրենքները: Դեկտեմբեր ամսին այդ թիվը կազմել է 24.3%: Իսկ հարցվածների 13.2%-ը թվարկել է անարդության մի քանի դրսևորումներ:

Դատավորին պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում թե´ դատավորի կողմից վարքագծի կանոնների կոպիտ կամ պարբերաբար խախտումը, թե´ արդարադատություն իրականացնելիս թույլ տրված խախտումները:

Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության խորհրդի որոշումները հրապարակվում են դատական իշխանության www.court.am պաշտոնական կայքում:

Ըստ հրապարակման՝ 2017թ. Արդարադատության խորհուրդն ընդամենը մեկ դատավորի՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին է ենթարկել կարգապահական պատասխանատվության:

Արդարադատության նախարարի նախաձեռնությամբ վարույթ էր հարուցվել նաև Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանի նկատմամբ, սակայն Արդարադատության խորհուրդը նախարարի միջնորդությունը՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մեժել է, և գործը՝ կարճել:

Ա. Մելքումյանին հայտարարվել է նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: Կարգապահական պատասխանատվության հիմք է հանդիսացել քաղաքացու բողոքը: Ըստ խորհրդի որոշման՝ դատավորն անտեսել է ուժի մեջ մտած, իր վարույթում քննվող գործի հետ առնչվող վճիռը, որը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի ամբողջ տարածքում:

Ավելին, դատավորը օրինական ուժ ստացած վճռով հաստատված հանգամանքը կրկին քննարկման առարկա է դարձրել:

Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովը ձևավորում է էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով: Դրա կազմում ընդգրկված է 7 անդամ, որոնցից 2-ը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներից (հունվարի 25-ից Երևանն ունի մեկ ընդհանուր իրավասության դատարան՝ իր նստավայրերով), 2-ը՝ մարզերի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներից, իսկ 3-ը՝ վերաքննիչ դատարանների դատավորներից:

Դատարանների նախագահները և Արդարադատության խորհրդի անդամները չեն կարող ընդգրկվել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում: Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտում կատարելու մասին հաղորդում ստանալով կամ նման փաստի հանդիպելով` իր իրավասության շրջանակում որևէ այլ հարց քննելիս կազմակերպում է քննարկում՝ մասնակից դարձնելով դատավորին:

Եթե քննարկման արդյունքում հանձնաժողովը գտնում է, որ այդ խախտումները կոպիտ չեն և չեն կրում պարբերական բնույթ, ապա նա կարող է սահմանափակվել հարցի քննարկմամբ: Հակառակ դեպքում հանձնաժողովը հարուցում է կարգապահական վարույթ: Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունի նաև արդարադատության նախարարը: Սակայն, Հայաստանում դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Արդարադատության խորհուրդը:

«Դատավորները մեզ հետ վարվում են այնպես, ինչպես մենք ենք թույլ տալիս»

Փաստաբան Հայկ Ալումյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով հիմնականում դիմում են սխալ հասցեատիրոջ՝ Արդարադատության խորհուրդ, սակայն այդ մարմինը կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն չունի:

«Դրա համար էլ իրենք օգտվում են հանգամանքից և մի կարճ գրությամբ մեզ լուսավորում, որ դատավորն արդարադատություն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին: Հարուցող մարմինը Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովն է»,-ասում է պարոն Ալումյանը:

Սակավաթիվ վարույթների պատճառներից մեկը դատավորին պատասխանատվության ենթարկելու դիմումների փոքր թիվն է: Համեմատելով փաստաբանների դեմ հարուցված վարույթների հետ` Հայկ Ալումյանը նշեց, որ փաստաբաններն ավելի հաճախ են խախտումներ կատարում, քան դատավորները:

Նրա խոսքով՝ դրա համար կան նաև օբյեկտիվ պատճառներ, օրինակ՝ փաստաբանների թիվը գրեթե 10 անգամ գերազանցում է դատավորների թվին: «Ես, առհասարակ, այն կարծիքին եմ, որ դատական համակարգի յուրաքանչյուր թերության պատասխանատուն փաստաբաններն են: Դատավորները մեզ հետ, այդ թվում նաև` մեր վստահորդների հետ վարվում են այնպես, ինչպես մենք ենք թույլ տալիս: Եթե փաստաբանները ճիշտ հասցեատիրոջը դիմեն, ապա հաստատ կարող են ակնկալել գոնե մի որոշում, այնինչ ԱԽ դիմելու դեպքում ստանում են ընդամենը մի գրություն: Հիմա ո՞վ է ավելի մեղավոր»,-ավելացրեց Հայկ Ալումյանը:

Նշենք, որ 2016թ. փաստաբանների դեմ Փաստաբանների պալատ ներկայացվել է 240 բողոք: 240 բողոքներից կարգապահական վարույթ է հարուցվել 56 բողոքի հիման վրա, որոնցից 21-ը եղել են դատական սանկցիաներ:

Փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել է ստացված բողոքների ընդհանուր թվի 23,3%-ի դեպքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter