HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ախուրյան խոշորացված համայնքում կազմակերպվել էր բյուջեի հանրային քննարկում

2017թ. նոյեմբերին խոշորացված Ախուրյան համայնքի 2018թ. բյուջեի հանրային քննարկմանը համայնքապետ Արծրունի Իգիթյանն առավելապես խոսեց այն ծրագրերից, որոնք պետք է իրականացվեն միացված 7 գյուղական բնակավայրերում՝ առանց հստակեցնելու դրանց մեկնարկի ժամկետը: Հայտարարվեց, որ զարգացման 5-ամյա ծրագրի վրա դեռ աշխատում են, եւ դրա հետ կապված քննարկումները կկազմակերպվեն հավանաբար երկու ամսից: Սա, իհարկե, չխանգարեց Արծրունի Իգիթյանին հավաքվածներին ներկայացնել նաեւ ապագայում իրականացվելիք որոշ ծրագրեր ու գաղափարներ՝ ստեղծելով տպավորություն, թե 7-8 ամիսների ընթացքում գրեթե բոլոր բնակավայրերում 10-12 ծրագիր է միաժամանակ մեկնարկելու:

Եվ այսպես, ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ Ախուրյանի կազմում ընդգրկված Կառնուտ, Բասեն, Ջրառատ, Հովիտ, Կամո, Արեւիկ եւ Այգաբաց համայնքները գարունը բացվելուն պես, երբ հնարավոր կլինի շինարարական աշխատանքներ իրականացնել: Կամո գյուղում համայնքային կենտրոնի կառուցման ծրագրի համար նախկին համայնքապետի տնտեսած 24 մլն դրամին խոշորացված համայնքի ղեկավարը պատրաստվում է ֆոնդային բյուջեից 35 մլն դրամ ավելացնել: Համայնքային կենտրոնի նախագծա-նախահաշվային աշխատանքներն արված են, եւ պահանջվող 70 մլն դրամի պակասող 11 մլն դրամը հույս ունեն ստանալ կառավարությունից:

Բասեն գյուղի մանկապարտեզի երկրորդ հարկը հիմնանորոգելու եւ կահավորելու արդյունքում հնարավոր կլինի եւս երկու խումբ բացել: Ծրագիրը համայնքապետարանն իրականացնելու է «Դեպի Հայք» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ՝ 16 մլն դրամի սահմաններում, որից 6 մլն դրամը լինելու է համայնքի ներդրումը: Արծրունի Իգիթյանը խոսեց նաեւ Բասեն համայնքում խմելու ջրագծի 7 կմ հատվածի հին խողովակները նորով փոխարինելու մասին: Թե երբ կլինի ծրագիրը եւ ինչ կարժենա՝ կոնկրետ հաշվարկներ չկան:

Անդրադառնալով Ջրառատ բնակավայրին, Արծրունի Իգիթյանը խոսեց մանկապարտեզի անհրաժեշտության մասին, թեպետ դպրոցում կա գործող նախակրթարան: Պրն Իգիթյանին Ջրառատի վարչական ղեկավարը ներկայացրել է նաեւ դպրոցի խնդիրները, եւ համայնքապետը հանրային քննարկման ժամանակ հայտարարեց, որ անպայման օժանդակելու է եւ դպրոցի հիմնանորոգման համար ներդրող գտնելու դեպքում գումար է տրամադրելու նաեւ համայնքային բյուջեից:

Քննարկմանը ներկա բնակիչներից մեկը նկատեց, որ դպրոցները համայնքային ենթակայության չեն եւ բյուջեի գումարները նախընտրելի է ուղղել ոչ թե պետական հաստատության, այլ համայնքի առաջնահերթ խնդիների լուծմանը: «Մեր երեխեքն են էնտեղ հաճախողը եւ մենք պարտավոր ենք ամեն ինչ անել,-արդարացավ համայնքապետը,-ես միշտ էլ, երբ պետք է եղել, Ախուրյանի դպրոցներին օգնել եմ»: «Երեխաներին լոզունգ դարձնելով` պետք չէ կատարել ծախսեր, որոնք ձեր իրավասության շրջանակներում չեն եւ պատվիրակված լիազորությունների մեջ չեն մտնում»,-նկատեց մի բնակիչ: Հանրային քննարկմանը ներկա Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանն էլ իր հերթին խորհուրդ տվեց համայնքապետին պետական հիմնարկներին համայնքային բյուջեից գումարներ հատկացնելու դեպքում անպայման խորհրդակցել իրավաբանի հետ, որ չստացվի, թե վերազանցել է իր լիազորությունները:

Խոշորացված համայնքի Արեւիկ բնակավայրում մանկապարտեզի նախկին շենքի երկրորդ հարկը հեռացնելուց հետո հնարավոր կլինի այն հիմնանորոգել եւ երեխաներին տնակներից տեղափոխել քարաշեն կառույց: Ըստ նախագծա-նախահաշվային փաստաթղթերի` 156 մլն դրամ է պահանջվում աշխատանքներն իրականացնելու համար: Նոյեմբերյանից շինարարական մի կազմակերպություն մրցույթը շահել է 113 մլն դրամով եւ գարունը բացվելուն պես աշխատանքները կսկսվեն: Այս ծրագիրը կապ չունի խոշորացված համայնքի հետ եւ մեկնարկել է Արեւիկ գյուղի նախկին համայնքապետի օրոք:

Այգաբաց բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման համար արդեն իսկ խոշորացված համայնքի բյուջեից պատրաստվում են տրամադրել 12 մլն դրամ, եւ ամենաուշը ապրիլ ամսից երեխաները կարող են վերսկսել հաճախումները: Ապագայի ծրագրերում նշմարվում է Կառնուտ, Բասեն, Հովիտ եւ Ջրառատ գյուղերի գազիֆիկացման ծրագիրը, որի համար կպահանջվի 500-ից 600 մլն դրամ: Արծրունի Իգիթյանը գազիֆիկացման թեմային զուգընթաց հիշեց, որ Բասենի մանկապարտեզում տեղադրված պելետի վառարանն այս ձմեռ չի աշխատել եւ ջեռուցման հարցն իրենք են կարգավորել:

«Ստացվեց այնպես, որ պելետի վառարանն իրեն չի արդարացնում, եւ մենք մտածում ենք այլընտրանքի մասին: Մեկ տոննա քարածուխը 90 հազար դրամ է, սեզոնը հանելու համար 70 հազարի պելետ պիտի վառեն, երեւի արժե մտածենք էս ուղղությամբ, թե որն է ձեռնտու, մանավանդ որ էս տարի համ էդքան պելետ չստացան, համ էլ վառարանը չկարողացան աշխատացնել»,-նկատեց համայնքապետը:

Արծրունի Իգիթյանը խոսեց նաեւ ապագայում իրականացվելիք երեք խոշոր ծրագրերի մասին՝ մասնագիտացված տեխնիկայի ձեռք բերում, արեւային կայանների տեղադրում եւ սերմերի զտման կայանի կառուցում: Ծրագրերից յուրաքանչյուրը տատանվում է 250-300 մլն դրամի սահմաններում: Համայնքը պատրաստ է տոկոսային հարաբերությամբ ներդրումներ կատարել այս ծրագրերում, եթե կարողանա գտնել աջակիցներ:

Համայնքների տրանսպորտային ցանցի վերաբերյալ որեւէ ծրագիր չներկայացվեց, միայն նշվեց, որ 7 համայնքն էլ ունեն կարգավորված գրաֆիկով աշխատող տրանսպորտ: Հանրային տրանսպորտ ունենալու հարցն ինչպես նախկինում, երբ առանձին համայնք էր, այնպես էլ խոշորացումից հետո անլուծելի է մնում Ախուրյան բնակավայրի համար: Ինչպես նախկինում, հիմա էլ ներկա ղեկավարությունը որեւէ ելք ստեղծված իրավիճակից չունի:

Ավագանու անդամներից մեկին հետաքրքրում էր, թե ինչու է համայնքապետարանը պայմանագիր կնքել եւ 105 հազարական դրամ վճարում Ախուրյանի թիվ 1 դպրոցում ձեւավորված պարային խմբերի երկու պարուսույցներին. «Ես չեմ հասկանում` ինչու պիտի մանկապարտեզի տնօրենը ստանա 110 հազար դրամ, դայակը ստանա 105 հազար, պարուսույցն էլ, որ իր համար անհատ է, ոչ մի կապ չունի արվեստի դպրոցի հետ, եկել իր համար խումբ է բացել դպրոցում, ստանա 105 հազար դրամ՝ դայակի աշխատավարձի չափ»: Հարցին սպառիչ պատասխան չստանալով՝ վերջինս խոստացավ խնդրին անդրադառնալ առաջիկա ավագանու նիստին՝ հունվարի 29-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter