HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաշմանդամ ազատամարտիկին 17 տարվա աշխատանքից հետո ազատել են

Արցախյան պատերազմի վետերան Սեդրակ Հովսեփյանը՝ Սեթոն, փորձում է հասկանալ, թե Նոր Նորքի հարկային տեսչությունում  17 տարվա աշխատանքից հետո ինչու են իրեն ազատել: Սեթոն հաշմանդամ է, բայց այդ մասին մեր զրույցում հիմնականում չի խոսում: Ասում է, որ դա կապ չունի, լավ աշխատող է եղել:

1990 թվականին կամավորագրվել է Հատուկ գնդում: Նույն տարում ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (այն ժամանակ՝ ժողինստիտուտ): Ասում է, որ բուհն ավարտել է պատերազմից հետո: 1992 թվականին Կարոտ Մկրտչյանի ջոկատում է եղել: «Ջամբազում էինք, Չալյան Սերգեյը կանչեց, ասաց՝ դու բանակում տանկիստ ես եղել, արի տանկը վերցրու, աշխատեցրու: Նշանառու եմ եղել»,- պատմում է Սեթոն, հետո լռում է, ես էլ եմ լռում, քիչ անց ավելացնում է. «Կարոտը, Ղևոնդյան Պետոն, Կրպեյան Թաթուլը, Աբրահամյան Ջիվանը... մարտական ընկերներ էինք: Պետոն ու Կարոտը մանկության ընկերներն էին, Կարոտն ասում էր՝ հիշեք, եթե ես չլինեմ, Պետոն կլինի ձեր հրամանատարը: Տղերքը Կարոտին շատ էին հարգում, սիրում: Պետոն եթե պոստերում չէր լինում, ամբողջ օրը ձեռքին գիրք էր լինում, հետախուզության մասին էր կարդում»:

1992-ի հունիսին 13-ին Շահումյանում Սեթոն հրազենային ծանր վիրավորում է ստանում գլխի շրջանում:  «Դա Շահումյանի վերջին օրն էր»,- նշում է նա: Վիրավորումից հետո մեկ տարի բուժվել է Երևանում, որից հետո վերադարձել է Ղարաբաղ, բայց արդեն որպես կապավոր:

Մինչ օրս Սեթոն 5 անգամ գլխի վիրահատություն է տարել, նրա ձախ ոտքն ու ձեռքը պարալիզացվել են: Մարտական ընկերներից մեկն ասում է՝ հրաշք էր, որ ողջ է մնացել: Բայց Սեթոն չի ուզում լսել այդ մասին: Կրկնում է, որ ինքն աշխատունակ է, հաշմանդամությունը պատճառ չի կարող դառնալ չաշխատելուն: 1996-99 թթ.-ին աշխատել է պահեստապետ-բրիգադիր, իսկ 2000 թվականից Նոր Նորքի հարկային տեսչության հարկ վճարողների սպասարկման բաժնում ավագ հարկային տեսուչ է եղել: Այդտեղ աշխատել է 17 տարի:

Ինչո՞ւ են ազատել աշխատանքից

Անցյալ տարվա մարտ-ապրիլին տեսչության աշխատակիցները ՊԵԿ-ից ծանուցում են ստացել, ըստ որի՝ 3 ամիս հետո կարող են տեղափոխվել այլ բաժին կամ ազատվել: Երկրորդ խմբի մեջ եղել է նաև Սեթոն: Ազատման մասին որևէ ծանուցում չի ստացել, ասում է՝ այլ բաժին ընդունվողների մեջ իր անունը չկար: Նշում է, թե մտքով չէր էլ անցնում, որ ազատվողների ցանկում է լինելու, չնայած մինչ այդ բաժնում անձնական տրամադրվածություն զգում էր իր հանդեպ:

Ազատման լուրը ստանալուց հետո դիմել է Երկրապահների կամավորական միություն (ԵԿՄ), որտեղից գրություն են ուղարկել ՊԵԿ՝ խնդրելով աջակցել ազատամարտիկին: Դրանից երկու օր անց, ըստ Սեթոյի, ՊԵԿ-ից կանչել են: «Վարչության պետ Ռաֆիկ Մաշադյանն էր, խոսեցինք, ասաց՝ համբերի, կտեղավորենք աշխատանքի: Հետո օգոստոսին նորից կանչեց, ասաց՝ նախարարությունում նոր բաժին են բացել, 5 հոգու կանչեց, մենակ ես չէի: Ասաց՝ մոտեցեք բաժնի պետին, եթե ինքը հանկարծ ձեզ չընդունի, Դուք իմ տրամադրության տակ կլինեք: Հասկացա, որ մի տեղ կարող ա տեղավորի: Բայց Մաշադյանն ուրիշ վարչության պետ դարձավ»,- նշում է վիրավոր ազատամարտիկը:

Դրանից հետո խոստումների շղթան երկարել է, բայց առանց որոշակի արդյունքի: Սեթոյի մարտական ընկերները դիմել են ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին: Դրանից հետո, ըստ Սեթոյի, իրեն կանչել է Երևանի գազի գրասենյակի տնօրեն Գառնիկ Մովսիսյանը՝ ասելով, որ եթե «պարոն Հարությունյանն իմանար քո գործի մասին, էսպիսի բան չէր լինի, ուղղակի չի իմացել»: Այդտեղ Սեթոյին առաջարկել են ինժեների աշխատանք: «Ոտքով պիտի ման գայի, ցուցմունքները վերցնեի, բայց ֆիզիկապես չէի կարող, ինձ գրասենյակային գործ է պետք, 17 տարի գրասենյակային գործ եմ արել, ասաց՝ Սեդրակ, հասկացա, թե քեզ ինչ գործ է պետք, սպասի էս երկու օրը պարոն Հարությունյանին կզեկուցեմ, քեզ կասեմ»,- պատմում է զրուցակիցս:

«Հիմա դեռ մտածում եմ, որ հարկայինում զրպարտել են ինձ, ասել են, թե բացակայություններս շատ են, բայց ամսվա մեջ ես 3 օր բուժման եմ գնում և բյուլետեն եմ տանում, ՊԵԿ ղեկավարությունը տեղյակ է եղել այս մասին. ամեն ամիս երեք օր եմ ազատվում: Մի խելոք մարդ ասաց՝ կարող է տեղդ ծախել են, Սեթո ջան: Ինչ-որ մեկն ինձ զրպարտել է, վատ բնութագիր է տվել, թե անորակ աշխատող եմ եղել երևի, բայց իրականում նախարարներն էլ ճշտել են, որ լավ աշխատող եմ եղել»,- նշում է Սեթոն:

Մինչ օրս այդպես էլ աշխատանքի տեղավորման լուր չի ստացել: Սեթոն երեք երեխա ունի՝ 12, 10 և 7 տարեկան (երկու որդի և մեկ դուստր): 6 ամսից ավելի է՝ չի աշխատում (հարկայինում աշխատավարձը առավելագույնը 150 հազար դրամ էր): Ասում է, թե չգիտի ինչ անի ու չգիտի՝ ճի՞շտ է, որ հրապարակային է խոսում այս ամենի մասին:

Մեկնաբանություններ (1)

Sona Ghazaryan
Եթե մենք չգնահատենք նրանց ում շնորհիվ այսօր հարաբերական անդորր է տիրում մեր երկրում էլ ում են պետք պաշտոնյաների ամպագոռգոռ խոսքերը։Ապահով Հայաստանը սկսվում է մեր ապահովության համար իրենց կյանքը դրած մարդկանց ու իրենց ընտանիքների համար պայմաններ ստեղծելով, ոչ թե նրանց համար կյանքը դժոխք սարքելով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter