HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաներման մասին խոսակցությունները փոխարինվել են ներման մասին «ասում են»- ներով

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Վերջին մի քանի ամիսներին, իսկ ավելի հաճախ՝ տարեվերջից, սկսել են ակտիվանալ մի խումբ դատապարտյալների (այդ թվում նաև՝ ցմահ) հնարավոր ներման մասին խոսակցությունները: Անգամ բանտապահներն են մեզ հետ խոսում Նախագահի ներման մասին: Նրանք ասում են, որ թերթերում գրվում է այդ մասին: Ասում էին ամանորյա տոներից առաջ, ասում են նաև հիմա:

«Փափուկ բարձի» այս քաղաքականությունը արդեն երկրորդ տասնամյակն է օգտագործվում նշանակալի իրադարձություններից առաջ՝ համապետական ընտրություններ՝ ԱԺ ու նախագահական, սահմանադրական բարեփոխումներ: Նպատակը արդեն լավ գիտեմ` հույս տալ, թե, իբր, ցմահների հարկաբաժնում էլ մի փոփոխություն կլինի, միայն թե հանրապետության համար լարված ժամանակաշրջանում կտրուկ քայլեր, անախորժություններ չլինեն…  

Դեռ 15 տարի առաջ՝ 2003-ին, լավ հիշում եմ, երբ նոր քրեական օրենսգիրքն էր ընդունվում, որտեղ մահապատիժ եզրույթն այլևս չկար, այստեղ՝ «Նուբարաշենում», տարածվել էր, թե ներում է լինելու, անգամ կոնկրետ անուններ էին շրջանառվում: Հիշում եմ՝ Սողոմոնի անունն էլ կար, իբր, այդ ցուցակում: Մահապատժի դատապարտվածներս այդ ժամանակ մտածում էինք, թե կգործի 1961-ի քրեական օրենսգրքի 23-րդ հոդվածը, որը սահմանում էր՝ մահապատիժը ներման կարգով ազատազրկմամբ փոխարինելու դեպքում այն կարող է նշանակվել նաև ավելի քան 15 տարի, բայց 20 տարուց ոչ ավելի ժամանակով: Այսինքն՝ այնպես, ինչպես այս հարցը հետխորհրդային տարբեր պետություններ կարգավորեցին: Բայց երբ Սողոմոնի հետ համոզվեցինք, որ ցմահ մեզ փորձում են փակել, մեկ տարի անց՝ 2004-ին, արեցինք մեր առաջին փախուստը:

«Փափուկ բարձի» էֆեկտ էին նաև վերջին 4 տարիներին համաներումների մասին խոսակցությունները: Հիշում եք՝ նորից թերթերը գրում էին այդ մասին, նույնիսկ հիշատակում, որ այս անգամ համաներման մասին օրինագծում ընդգրկվելու են նաև որոշ ցմահ բանտվածներ: Ասեկոսեների, «ասում են»-ների մակարդակով լուրերը է՛լ ավելի բուռն էին դառնում հատկապես տոներից առաջ՝ Սուրբ Զատիկ, Նոր տարի, սեպտեմբերի 21, մայիսի 28 և այլն: Այս շրջապտույտը կրկնվում էր ամեն տարի: Իսկ իրականում ո՛չ համաներում, ո՛չ ներում, ո՛չ պայմանական ազատում, ո՛չ գործերի կամ պատժաչափերի վերանայում դատապարտյալների այս խմբի հանդեպ:

Հիմա համաներման մասին խոսակցությունները փոխարինվել են ներման մասին «ասում են»-ներով:

Ներման մոտ ապագայի կարգավորումները

Որպես իրավագիտություն սովորող ուսանող՝ ծանոթացա Ներման մասին օրենքի նախագծին: Հասկացա, որ անգամ Սահմանադրությամբ նախագահի բացառիկ իրավունքը համարվող դատապարտյալների ներման ընթացակարգը կախված է նոր վարչապետից:

Նախագահի ընտրությունների հետ կապված արդեն քննարկումներ են սկսվել: Հեռուստացույցով լսում եմ մեր հանրությանը հայտնի տարբեր մարդկանց կարծիքներ, որոնք հիմնականում հանգում են հետևյալին՝ նախագահի գործառույթները մեծ իմաստով անցնում են երկրի ապագա վարչապետին:

Մարդկության ամբողջ պատմության ընթացքում և ներկայումս նույնպես դատապարտված մարդուն ներում շնորհելու բացառիկ իրավունքը պատկանել է պետության գլուխը ներկայացնող անձին՝ լինի թագավոր (թագուհի), կայսր, նախագահ: Կան նաև դեպքեր, երբ որոշողը պառլամենտն է:

Իսկ ԱԺ ներկայացված «Ներման մասին» օրենքի համաձայն, ըստ էության, երկրի նախագահից ներում շնորհելու բացառիկ իրավունքը թեև աննկատ, բայց փոխանցվում է վարչապետին: Եթե Նախագահը վարչապետի հետ համաձայն չլինի, ապա կարող է դիմել Սահմանադրական դատարան: Փաստորեն, մնացել է պարզապես ձևական կողմը` նախագահը պետք է ստորագրի վարչապետի՝ ներում շնորհելու կամ չշնորհելու որոշման տակ:

Նոր`Հայաստանի չորրորդ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ամբողջությամբ կսկսի գործել 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, ըստ էության, նոր Սահմանադրությունը: Դեռ անցած տարի Սլավոնական համալսարանից ստացա առաջադրանք՝ նախկին ու ներկա Սահմանադրությունների համեմատական վերլուծություն անել: Ահա այն, ինչ նկատել եմ ու ինչ արդիական է այս խոսակցությունների ֆոնի վրա:

Եթե 2005 թ-ի Սահմանադրությամբ ուղիղ ձևակերպված էր, որ Նախագահը ներում է շնորհում դատապարտյալներին, ապա ներկայիս փոփոխություններով նշված է, որ յուրաքանչյուր դատապարտյալ ունի ներման, ներառյալ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք: Սահմանադրության 135 հոդվածով ամրագրված է. «Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը»: «Լուծում է» բառն ընդգծել եմ, քանի որ այն անհստակություն է առաջացնում. նախկին Սահմանադրության հստակ ձևակերպումն այլևս չկա:

Որպեսզի ավելի պարզ երևա տարբերությունը, եկեք համեմատենք փոփոխված Սահմանադրության հաջորդ նորմը՝ 136-ը, որտեղ հստակ սահմանված է. «Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ»:

Այսինքն՝ Նախագահի ինստիտուտին թողնվել է քաղաքացիներին պարգևատրելու լիազորությունը, բայց դատապարտյալներին ներելու՝ քրեական իրավունքի, թերևս, ամենահին ինստիտուտներից մեկը, վերջնական հաշվով հանել են Հանրապետության նախագահի ուղիղ իրավասությունների ցանկից:

Ներման գործող կարգավորումը

Ներկայում ներում շնորհելու ընթացակարգը սահմանված է ՀՀ Նախագահի 2003թ. նոյեմբերի 19-ի «Դատապարտյալների ներման խնդրագրերը քննարկելու կարգը հաստատելու մասին» ՆՀ-183-Ն հրամանագրով, որի 5-րդ կետի համաձայն, դատապարտյալների ներման խնդրագրերը պատիժը կրելու վայրի կամ պատժի ի կատար ածումը տնօրինող մարմնի վարչակազմի միջոցով երկշաբաթյա ժամկետում ուղարկվում են Նախագահի քննարկմանը` կից ներկայացնելով դատարանների որոշումների ու դատավճիռների պատճենները, դատապարտյալների աշխատանքի և վարքի մասին բնութագրերը, ինչպես նաև ներում շնորհելու հարցի քննարկման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր ու տվյալներ: Միաժամանակ, նույն կարգի 6-րդ կետի համաձայն` ցնահ ազատազրկման դատապարտված անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ նյութերն ուղարկվում են Վճռաբեկ դատարանի նախագահին և արդարադատության նախարարին: Վերջիններս ոչ ուշ, քան դրանք ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում, Նախագահին են ներկայացնում եզրակացություններ` նշելով հանցագործության կատարման հանգամանքները, դրա առաջացրած հետևանքները, դատապարտյալի անձի մասին տվյալները և իրենց առաջարկությունները յուրաքանչյուր խնդրագրի վերաբերյալ: Միևնույն կարգի 8-րդ կետի համաձայն` ներման խնդրագրերը, նախքան Նախագահի քննարկմանը ներկայացնելը, նախապես քննարկվում են Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովում:

Ներման միջազգային պրակտիկան

Իրավական պետություններում, անգամ պառլամենտական միապետություններում, որտեղ թագավոր-թագուհիներն են երկրի գլուխը, ներումները բացառիկ երևույթ չեն, ներում են նաև ցմահ ազատազրկվածներին:

Անգամ հետսովետական արևելյան Եվրոպայի երկրներից Չեխիան անցյալ տարի արեց առաջին քայլը. 1990-ականներին Չեխիայում դատապարտված, բանտից մեկ անգամ փախուստի դիմած Կայինեկի գործը, ճիշտ է, չվերաբացվեց, բայց ազատվեց Չեխիայի նախագահի ներման հրամանագրով: Նրա դատապարտման ու պայքարի պատմության մասին իր իսկ սցենարով նկարահանված «Կայինեկ» գեղարվեստական ֆիլմը նայել եմ տարիներ առաջ՝ բանտում: Նա 23 տարի անընդմեջ պնդում է, որ դատական սխալի հետևանք է իր դատապարտումը, բազմիցս վիճարկել է դատավճիռը, սակայն մերժումներ է ստացել:

Զարգացած արտերկրում բացառիկ չեն նաև բանտարկյալների այս խմբի հանդեպ կիրառվող պայմանական վաղաժամկետ ազատումները: Օրինակ՝ բրիտանացի գիտնական Քեթրին Էպպելտոնը գրել է աշխատություն, որը կոչվում է «Կյանքը ցմահ ազատազրկումից հետո»: Նա ուսումնասիրել է պայմանական ազատություն վերադարձած նախկին ցմահ բանտարկյալների կյանքն ազատության մեջ: Վիճակագրությունը ցույց է տվել, որ այս խմբի մոտ կրկնահանցագործությունների թիվը մոտ է զրոյին, այնինչ միջին, թեթև, նույնիսկ ծանր հանցանքների մեջ մեղադրվածներն ու ազատվածներն ավելի հակված են կրկնահանցագործության:

Դրսում լայնորեն կիրառվում է նաև պատժաչափերի ու քրեական գործերի վերաբացման մեխանիզմը: Դատական իշխանությունն անկախ է, բնականաբար, չի վախենում գործերի վերաբացումից:

Հայաստանում նույնպես իշխանությունը կարող է կիրառել սահմանված նորմերը՝

1. պայմանական վաղաժամկետ ազատում,

2. ներում,

3. համաներում,

4. պատժաչափերի ու քրեական գործերի վերանայում:

Դեռևս որևէ մեկը չի կիրառվում ցմահ ազատազրկվածների հանդեպ:

* * *

Նախագահական նստավայրում, համոզված եմ, լի են ներման մասին խնդրագրեր, առավել շատ միգուցե հենց ցմահ դատապարտյալներից՝ այն պարզ պատճառով, որ այստեղ կան մարդիկ, ովքեր 20 տարուց ավելի պատիժ են կրում: Կոնկրետ իմ մասով բազմաթիվ խնդրագրեր են գրվել այս 22 տարիներին: Վերջին տարիներին Սողոմոն Քոչարյանի հետ իմ երկու փախուստների համար ներման խնդրանքով Նախագահին են դիմել նաև մեր հանրությանը հայտնի անուններ: Դրանք նաև հրապարակվել են: Սակայն որևէ պատասխան չի հետևել խնդրագրերին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ներման բացառիկ իրավունքը կիրառվել է, օրինակ՝ սպանության համար դատապարտված Սյունիքի նախկին մարզպետի եղբորորդու, Քրեակատարողական վարչության նախկին պետի, սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին ղեկավարի նկատմամբ …

Մնում է հուսալ, որ մարդասիրության վեհ սկզբունքի վրա հիմնված ներման ինստիտուտը մի օր կգործի նաև հասարակ մահկանացուների նկատմամբ։ Ինչպիսին էլ լինեն օրենքները, նորմերը, կարգերը, դրանք պետք է լինեն կենսունակ և գործեն բոլորի հանդեպ հավասարության սկզբունքի, ոչ թե յուրայինների ու ոչ յուրայինների տարանջատման հիմքի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter