HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Աթաբեկյան. «Կրակի լեզուներ»

…Իսկ հարակատար ներկայում ահա,
Ուրկից Երկիրը լավ չի երևում,
Քեզ եմ սպասում ես շունչս պահած։
Տաք կհագնվես. ցուրտ է վերևում:

Երազ տեսա։ Սիրով տրտում։ Ողջույն, ցավի իմ փորձանոթ։
Ի՞նչ ես շինում էս ցեխերում։ Որտեղի՞ց է ձայնդ ծանոթ։

Ո՞վ ես արդյոք։ Իրոք է ցուրտ։ Մի զառանցիր դողի միջից։
Երկու մահիկ ցուրտը տարավ երեկ Հարդագողի միջից։

Զույգ բջիջներ բղով եկան հըղիացող կողի միջից։
Զույգ աչքեր են խեթում անթարթ Ծիր Կաթինի ցողի միջից։

Չե՞մ խանգարում։ Տողի միջից։ Կարգախոս եմ արտաբերում.
Վաղուց է, ինչ ոչ մի աստված չի վախճանվել ձեր կողմերում։

Հողի միջից։ Իզուր ես դու թվաձայներն իրար կապում։
Դու ի՞նչ գիտես։ Անթարթ աչքից ոչինչ երբեք չի վրիպում։

Բաց կեղևդ։ Կոպերդ բաց։ Ինչո՞վ պիտի ինձ հմայես։
Որ չիմացածդ վերհիշես ու մահվանից այնկողմ նայես։

Ի՜նչ հավասար, ի՜նչ հավասար։ Էն ո՞վ կտրից անցավ թեթև։
Ի՞նչ պատասխան պիտի ես տամ։ Ինչու՞ հենց՝ ես։ Որովհետև։

Բարձր է հընոց։ Թող ոչ մի զոհ։ Աշնան տեսիլ՝ մահվան թախիծ։
Ի՜նչ ես կառչել դու երկնքի եռախնձոր առաստաղից,

Շուրջդ նայիր։ Կույր եմ, ահա, ու տեսիլքներ արդեն չկան։
Ի՞նչ օղակ է շնչափողիս։ Այն ձեռքերն են, որ համընկան։

Մի ուրու է միայն հեռվում տարուբերվում որպես եղեգ,
Ու ծղրտում ստրեկեղեք աստղերի մեջ։ Ի՞նչ է եղել։

Փեշից թափված քարի նման գլորվեցի ու ընկա ցած
ու մնացի ճամփի եզրին՝ փոշիներում անշարժացած:

(Ջրի ճամփին մոլորվել էր, սեւ սրտիկը տենդի մեջ էր.
դատարկ փարչով տուն մտնելիս փեշը պիտի թա՞փ տար, թե՝ չէ):
 
Ու ճամփեզրի կյանքը դանդաղ հանապազօր փոխվեց հացի,
ինձ կաթոգին առավ իր մեջ ու օրորեց, ու մնացի:

Ու մնացի շուքով բազմած փոշու մեջ ու մացառների՝
ճամփի եզրին, որով, ավաղ, դու երբեք չես անցնի էլի:

Սրտից պոկված քարի նման գլորվեցի ու ընկա ցած
ու կամ՝ թեթեւ, ցողաթաթախ ՝ քո կարոտից անշնչացած:

Ինչ գրել եմ՝ սա է եղել. քոչվոր մի ցեղ թոքախտավոր։
Գիտեմ։ Լռիր ու խաղաղվիր, բախտավոր իմ, իմ բախտավոր։

Լուսնանում է։ Այստե՞ղ ես դեռ։ Միշտ եմ այստեղ։ Փորձիր քնել։
Որտեղի՞ց է ձայնդ ծանոթ։ Ինչ գրել ես՝ ես եմ գրել։

Լուսանկարը՝ Ռոժե Կասպարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter