HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում մոբայլ խաղերի ոլորտն ունի համարձակ ներդրողների պակաս

Ռաֆիկ Ենգիբարյան

Հետևելով հայաստանյան ՏՏ ոլորտի զարգացումներին` կարելի է նկատել, որ վերջին շրջանում ավելի հաճախ սկսեցին թողարկվել խաղեր, թե անհատների և թե կազմակերպությունների կողմից, որոնք հաջողություններ ունեցան Հայաստանից դուրս։ Այդուհանդերձ, ոլորտում առկա խնդիրները շատ են՝ սկսած ներդրողներ գտնելուց մինչև տեխնիկական պրոբլեմներ, ինչպես նաև App Store-ում և Play Market-ում բազմաթիվ ընթացակարգեր, որոնք հայաստանյան գեյմ դեվելոփերների և ընկերությունների համար ավելի պրոբլեմատիկ են, քան այլ երկրներում։
Հասկանալու համար, թե որոնք են ոլորտի առաջնային խնդիրները և թե ինչ քայլեր են արվում դրա բարելավման և միջազգային չափանիշներին մոտեցնելու համար, մենք զրուցեցինք ոլորտի մասնագետների հետ։

Plexonic ընկերության PR մենեջեր Սոնա Նահապետյանի խոսքով` Հայաստանում բավականին քիչ են խաղերի ծրագրավորման ոլորտում փորձ ունեցող մարդիկ: Հաճախ կարիք է լինում կարճ ժամանակում հատկապես Unity մասնագետ ներգրավել, բայց նման մասնագետների  թիվը փոքր է: Նույն խնդիրն առկա է նաև խաղային դիզայներների պարագայում և լավ կլիներ, եթե լինեին դասընթացներ, որոնք հնարավորություն կտային խաղային մասնագետներ պատրաստել։

Այնուամենայնիվ, Plexonic-ում բավականին արդյունավետ տարի է  եղել

«Տարվա ընթացքում բազմաթիվ թարմացումներ ու նոր գործառույթներ են ավելացվել արդեն իսկ գործող Pet Savers խաղին: Այդ ամենի արդյունքում խաղը խաղացվել է 35 միլիոնից ավել անգամ, որը լավ  ցուցանիշ է: Ընկերության աշխատանքը նաև գնահատվեց Facebook-ի և Sony Xperia-ի կողմից: Այն ներկայացվեց Facebook Featured Games բաժնում և հատուկ առաջարկ եղավ Sony Xperia հեռախոսով խաղացողների համար: Նշեմ, որ այս խաղի հրատարակիչը հենց Plexonic ընկերությունն է։ Մեկ այլ ձեռքբերում էր համագործակցությունը What Games ընկերության  հետ համատեղ ուժերով դեկտեմբերին ներկայացրեցինք Smashies խաղը, որը դասվում է super casual խաղերի դասին: Խաղն արդեն իսկ ունի 10000-ից ավելի ներբեռնումներ Android և iOS համակարգերում»,- ասում  է Սոնա Նահապետյանը։

Inmates հոգեբանական սարսափ խաղի հեղինակ Դավիթ Անդրեասյանը թեև միայն ինքն է ամբողջությամբ աշխատել խաղի վրա, սակայն կրկին, որպես առաջնային խնդիր մատնանշում է մասնագետների պակասը․ «Մասնագետների պակասը շատ է զգացվում, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ դա կապված է ֆինանսների հետ։ Կարելի էր դասընթացներ կազմակերպել և փորձի փոխանակմամբ կատարելագործել գիտելիքները։ Անձամբ ես ինձ ծրագրավորող չեմ համարում։ Խաղի վրա աշխատել եմ Unreal Engine 4-ով, քանի որ այս ծրագիրը հնարավորություն է տալիս մինիմալ հմտություններ ունենալով՝ բավականին բարդ խնդիրներ լուծել։ Ինձ համար ավելի հեշտ էր գրաֆիկական մասը, որովհետև ես 3D գրաֆիկայի մասնագետ եմ»։

Պատրաստի խաղը որևէ հրատարակչի միջոցով շուկա հանելը ևս խնդիր է․ ինչպես նշում են ոլորտի մասնագետները՝ Հայաստանը միջազգային ընկերությունների և պոտենցիալ ներդրողների համար դեռ շարունակում է մնալ որպես ռիսկային և ոչ եկամտաբեր տարածք։

«Երբ խաղը գրեթե պատրաստ էր, որոշեցի խոսել մի քանի հրատարակիչների հետ, արդյունքում պայմանագիր կնքեցի հոլանդական Iceberg Interactive ընկերության հետ, որից հետո խաղը դուրս եկավ Steam հարթակ։ Ստացվում է, որ շատերը Հայաստանից պայմանագիր են կնքում արտասահմանյան հրատարակիչների հետ, այնինչ կարելի էր հենց հայաստանյան որևէ ընկերության հետ համագործակցել։

Ֆինանսների բացակայության և ներդրողներ գտնելու հետ մեկտեղ խնդիրներ կան օնլայն խանութների և հատկապես ամենաշատ գործարկվող App Store-ի և Play Market-ի հետ։ Adana games ընկերության համահիմնադիր Դավիթ Ստեփանյանը նշում է, որ Հայաստանից հնարավոր է խաղ գրանցել այս երկու հարթակներում, սակայն խնդիրը խաղը վաճառելն է, քանի որ Հայաստանից հնարավոր է միայն անվճար խաղեր տեղադրել։

«Ցավոք Google-ը և Apple-ը դեռ չեն համագործակցում հայկական բանկերի հետ տվյալ ոլորտում, այսինքն մենք կարող ենք անվճար խաղ գցել և ոչ ավելին: Այդ պատճառով էլ շատերը դրսում, այն երկրներում որտեղից հնարավոր է խաղ վաճառել, ծանոթների անունով են գրանցում Google կամ Apple ըքաունթները: Իսկ վստահելի ծանոթ գտնելը միշտ էլ դժվար է։ Կարծում եմ լուծումը այն կլինի, երբ կարողանանք Google-ին և Apple-ին ցույց տալ, որ հայկական ստուդիաներն էլ կարող են իրենց եկամուտ բերել, իսկ դա շատ դժվար է:

Խաղարտադրողների համար նաև կարևոր է հասկանալ շուկայի պահանջարկն ու տենդենցները, օգտատերերին հետաքրքրելու և ներբեռնումների մեծ քանակ ապահովելու համար։ Բայց կարծես թե հայաստանյան գեյմ դեվելոփերները այստեղ ևս բավականին արդյունավետ են աշխատում։ հետևելով վերջին մեկ տարվա զարգացումներին՝ կարելի է տեսնել, թե ինչպես են հայ ծրագրավորողների ստեղծած խաղերը մեծ ճանաչում ձեռք բերել միջազգային շուկայում և արժանացել մրցանակների։

Մասնագետները նշում են, որ ամենամեծ խնդիրը ֆինանսական միջոցներն են, որոնք շատ քչերն են համարձակվում ներդնել թեև նոր, սակայն մեծ պոտենցիալ ունեցող հայկական խաղային ոլոտում։ Սոնա Նահապետյանի պնդմամբ՝ տեղային ներդրողներ որպես այդպիսիք չկան, իսկ խաղերի պատրաստման գումարները մեծ են, հետևապես ոլորտում նոր կազմակերպությունների առաջացումը մնում է զուտ նախկինում որևէ կազմակերպության հետ աշխատած կամ համագործակցած անձանց հույսին: Եթե որպես օրինակ վերցնենք հարևան Թուրքիան, ապա այստեղ կան և առաջանում են մի շարք նոր խաղային կազմակերպություններ և այս մոտեցումը պետք է զարգացնել նաև Հայաստանում։

Լուսանկարը՝ versionweekly.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter