HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ջրային ռեսուրսների անարդյունավետ կառավարում, վիթխարի չափերի ջրակորուստներ, բարձր կոռուպցիոն ռիսկեր

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների վերաբերյալ հետազոտության արդյուքներով՝

  • «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող համայնքների 26.5%-ն ունի շուրջօրյա ջրամատակարարում,
  • «Վեոլիա ջուր» ընկերության կողմից չսպասարկվող համայնքների 59,4%-ն ունի շուրջօրյա ջրամատակարարում:

Խմելու եւ ոռոգման ջրերի համակարգում ջրակորուստները շատ բարձր են՝ 40-70% ոռոգման եւ 70-80% խմելու ջրի կորուստներ կան:

Հարցվածները դժգոհել են խմելու ջրի որակից եւ հայտնել են, որ տան ծորակից հոսող ջուրը չեն համարում «խմելու ջուր», տնտեսության կարիքների համար ջուրը բերում են այլ վայրերից կամ գնում են:

Խմելու եւ ոռոգման ջրի հետ կապված ծավալուն սոցիոլոգիական հարցումը, որը հանրությանը ներկայացվեց հունվարի 26-ին, իրականացվել է Արարատի եւ Արմավիրի մարզերի 22 բնակավայրերում: Հարցմանը մասնակցել են 6 քաղաքային եւ 12 գյուղական բնակավայրերում ապրող 385 տնային տնտեսություններ (ՏՏ), պատահականության սկզբունքով: Հետազոտությունը նպատակ ունի պարզելու ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ կառավարման, ջրի որակի, օգտագործման, առկայության եւ համապատասխան մարմինների պարտականությունների վերաբերյալ բնակիչների իրազեկվածությունը, դիրքորոշումներն ու գիտելիքները։

Հետազոտությունն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացնում են՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը, Ազգային ջրային համագործակցություն ՀԿ-ն եւ ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը։

Հարցման ամփոփ արդյունքները հետեւյալն են. վերջին 10-15 տարիներին Արարատյան դաշտավայրում եւ ընդհանրապես Հայաստանում, ջրային ռեսուրսների կառավարումն իրականացվել է անարդյունավետ, ինչը հանգեցրել է Արարատյան արտեզյան ավազանի (ԱԱԱ) մակարդակի կտրուկ անկման: Էռոզիայի են ենթարկվել եւ աղակալել են ԱԱԱ տարածքի հողերը, որն ազդել է եւ շարունակում է ազդել Արարատի եւ Արմավիրի մարզերի գյուղատնտեսության, հետեւաբար նաեւ բնակչության եկամուտների վրա, նպաստում է արտագաղթին:

Պետական (բնապահպանական) իշխանություններն անհետեւողական են խնդրի լուծման հարցում՝ ջրային ռեսուրսների կառավարումն անարդյունավետ է,  ջրօգտագործողների (հիմնականում՝ ձկնաբուծության ոլորտի) նկատմամբ վերահսկողությունը թույլ է: Նշվել է ձկնարդյունաբերության ոլորտում մեծ ստվերային տնտեսության առկայությունը, անօրինական բիզնեսի (ձկնաբուծության) ծաղկումը: Ձկնաբուծարանների կողմից ստորերկրյա ջրերի գերօգտագործումը, ներառյալ ապօրինի օգտագործման դեպքերը: Ձկնաբուծության ոլորտը մենաշնորհացված է, քանի որ շատ ձկնաբուծարաններ պատկանում են ազդեցիկ քաղաքական գործիչների եւ օլիգարխների:

Ընդգծվել է պետական մարմինների կողմից ապօրինի ջրօգտագործման ոլորտում վերահսկողության պակասը, բնակչության ցածր իրազեկվածությունը ջրօգտագործողների իրավունքների եւ պատասխանատվության վերաբերյալ: Առկա է ջրային խնդիրների վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում բնակչության մասնակցության ցածր մակարդակ:

Ֆոկուս խմբի մասնակիցները ջրի հետ կապված խնդիրները թվարկելուց բացի, նաեւ դրանց լուծման եղանակներ են առաջարկել: Ըստ նրանց՝ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար քաղաքական կամքը եւ ազգային/պետական մտածելակերպը հաճախ բացակայում են: Կարծում են, որ պետական պաշտոնյաները պետք է ավելի շատ հոգ տանեն ջրային ռեսուրսների եւ մարդկանց մասին: Ղեկավարները պետք է տեղեկանան ջրի որակի հետ կապված առողջապահական ռիսկերին: Անհրաժեշտ են օրենսդրական բարեփոխումներ՝ «Վեոլիա ջուր» ընկերության եւ ՋՕԸ-երի աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար:

ՋՕԸ-երի կառավարման համակարգը եւ համապատասխան օրենսդրությունը պետք է վերանայել, որովհետեւ ՋՕԸ-երի աշխատանքն անարդյունավետ է, խնդրահարույց եւ գործում են բարձր կոռուպցիոն ռիսկերով:

Հարկավոր են ներդրումներ ոռոգման համակարգում՝ ջրակորուստները կրճատելու համար, որովհետեւ խմելու եւ ոռոգման ջրի համակարգերում դրանք վիթխարի չափերի են հասնում: Կան մեծ թվով բնակիչներ, որոնք չունեն ջրաչափեր կամ չեն վճարում ջրի համար, ջուրն օգտագործում են ապօրինի, եւ նույնիսկ իրենց հողակտորներն են ոռոգում խմելու ջրով:

Նշվել է որոշ համայնքներում խմելու ջրագծերի բացակայության, քայքայվածության եւ վերանորոգման անհրաժեշտության մասին, պետական/համայնքային բյուջեներում ոռոգման եւ խմելու ջրագծերի վերանորոգման համար միջոցների անբավարարության, «Վեոլիա ջուր» ընկերության անարդյունավետ աշխատանքի, ջրային ոլորտում ֆինանսական միջոցների անարդյունավետ ծախսերի մասին:

Հարցվածների կարծիքով՝ գյուղատնտեսության մեջ պետք է կիրառվեն ջրախնայողական համակարգեր, ինչպիսին կաթիլային ոռոգումն է: Հարկավոր է կանխել ձկնաբուծարանների կողմից ստորերկրյա ջրերի գերօգտագործումը, ներառյալ ապօրինի օգտագործման դեպքերը, ՋՕԸ-երը պետք է օգտագործեն ձկնաբուծարանների կողմից օգտագործված ջուրը:

Գոյություն ունի կոռուպցիա ջուրթույլտվության (ՋԹ) տրամադրման եւ ջրօգտագործողների՝ ՋԹ-ների հետ համապատասխանության վերահսկման հարցում: Շեշտվել է ջրօգտագործողներին տրամադրվող ոռոգման ջրի միասնական սակագնի եւ հաշվարկման հստակ մեթոդաբանության բացակայությունը, ստորերկրյա ջրերի արդյունահանման դեպքում բարձր ինքնարժեքը՝ կապված էլեկտրաէներգիայի բարձր գնի հետ:

Առաջարկվել է ավելացնել բնապահպանության նախարարության տեսչական մարմնի լիազորությունները եւ համալրել որակյալ կադրերով, որպեսզի կարողանան առավել արդյունավետ իրականացնել տեսչական ստուգումներ ջրօգտագործողների շրջանում (ըստ ՋԹ-ների պայմանների):

Մեկնաբանություններ (1)

Արթուր Աթոյան
Ընդհանուր առմամբ ջուրը ռազմավարական թանկարժեք հումք լինելով հանդերձ պետք է արժեվորել և ամեն մի կաթիլ անտնտեսվար օգտագործման համար չափազանց թանկ ենք վճարելու...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter