Կիրակի, 23 սեպտեմբերի

Ջրային ռեսուրսների անարդյունավետ կառավարում, վիթխարի չափերի ջրակորուստներ, բարձր կոռուպցիոն ռիսկեր



Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների վերաբերյալ հետազոտության արդյուքներով՝

  • «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող համայնքների 26.5%-ն ունի շուրջօրյա ջրամատակարարում,
  • «Վեոլիա ջուր» ընկերության կողմից չսպասարկվող համայնքների 59,4%-ն ունի շուրջօրյա ջրամատակարարում:

Խմելու եւ ոռոգման ջրերի համակարգում ջրակորուստները շատ բարձր են՝ 40-70% ոռոգման եւ 70-80% խմելու ջրի կորուստներ կան:

Հարցվածները դժգոհել են խմելու ջրի որակից եւ հայտնել են, որ տան ծորակից հոսող ջուրը չեն համարում «խմելու ջուր», տնտեսության կարիքների համար ջուրը բերում են այլ վայրերից կամ գնում են:

Խմելու եւ ոռոգման ջրի հետ կապված ծավալուն սոցիոլոգիական հարցումը, որը հանրությանը ներկայացվեց հունվարի 26-ին, իրականացվել է Արարատի եւ Արմավիրի մարզերի 22 բնակավայրերում: Հարցմանը մասնակցել են 6 քաղաքային եւ 12 գյուղական բնակավայրերում ապրող 385 տնային տնտեսություններ (ՏՏ), պատահականության սկզբունքով: Հետազոտությունը նպատակ ունի պարզելու ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ կառավարման, ջրի որակի, օգտագործման, առկայության եւ համապատասխան մարմինների պարտականությունների վերաբերյալ բնակիչների իրազեկվածությունը, դիրքորոշումներն ու գիտելիքները։

Հետազոտությունն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացնում են՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը, Ազգային ջրային համագործակցություն ՀԿ-ն եւ ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը։

Հարցման ամփոփ արդյունքները հետեւյալն են. վերջին 10-15 տարիներին Արարատյան դաշտավայրում եւ ընդհանրապես Հայաստանում, ջրային ռեսուրսների կառավարումն իրականացվել է անարդյունավետ, ինչը հանգեցրել է Արարատյան արտեզյան ավազանի (ԱԱԱ) մակարդակի կտրուկ անկման: Էռոզիայի են ենթարկվել եւ աղակալել են ԱԱԱ տարածքի հողերը, որն ազդել է եւ շարունակում է ազդել Արարատի եւ Արմավիրի մարզերի գյուղատնտեսության, հետեւաբար նաեւ բնակչության եկամուտների վրա, նպաստում է արտագաղթին:

Պետական (բնապահպանական) իշխանություններն անհետեւողական են խնդրի լուծման հարցում՝ ջրային ռեսուրսների կառավարումն անարդյունավետ է,  ջրօգտագործողների (հիմնականում՝ ձկնաբուծության ոլորտի) նկատմամբ վերահսկողությունը թույլ է: Նշվել է ձկնարդյունաբերության ոլորտում մեծ ստվերային տնտեսության առկայությունը, անօրինական բիզնեսի (ձկնաբուծության) ծաղկումը: Ձկնաբուծարանների կողմից ստորերկրյա ջրերի գերօգտագործումը, ներառյալ ապօրինի օգտագործման դեպքերը: Ձկնաբուծության ոլորտը մենաշնորհացված է, քանի որ շատ ձկնաբուծարաններ պատկանում են ազդեցիկ քաղաքական գործիչների եւ օլիգարխների:

Ընդգծվել է պետական մարմինների կողմից ապօրինի ջրօգտագործման ոլորտում վերահսկողության պակասը, բնակչության ցածր իրազեկվածությունը ջրօգտագործողների իրավունքների եւ պատասխանատվության վերաբերյալ: Առկա է ջրային խնդիրների վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում բնակչության մասնակցության ցածր մակարդակ:

Ֆոկուս խմբի մասնակիցները ջրի հետ կապված խնդիրները թվարկելուց բացի, նաեւ դրանց լուծման եղանակներ են առաջարկել: Ըստ նրանց՝ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար քաղաքական կամքը եւ ազգային/պետական մտածելակերպը հաճախ բացակայում են: Կարծում են, որ պետական պաշտոնյաները պետք է ավելի շատ հոգ տանեն ջրային ռեսուրսների եւ մարդկանց մասին: Ղեկավարները պետք է տեղեկանան ջրի որակի հետ կապված առողջապահական ռիսկերին: Անհրաժեշտ են օրենսդրական բարեփոխումներ՝ «Վեոլիա ջուր» ընկերության եւ ՋՕԸ-երի աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար:

ՋՕԸ-երի կառավարման համակարգը եւ համապատասխան օրենսդրությունը պետք է վերանայել, որովհետեւ ՋՕԸ-երի աշխատանքն անարդյունավետ է, խնդրահարույց եւ գործում են բարձր կոռուպցիոն ռիսկերով:

Հարկավոր են ներդրումներ ոռոգման համակարգում՝ ջրակորուստները կրճատելու համար, որովհետեւ խմելու եւ ոռոգման ջրի համակարգերում դրանք վիթխարի չափերի են հասնում: Կան մեծ թվով բնակիչներ, որոնք չունեն ջրաչափեր կամ չեն վճարում ջրի համար, ջուրն օգտագործում են ապօրինի, եւ նույնիսկ իրենց հողակտորներն են ոռոգում խմելու ջրով:

Նշվել է որոշ համայնքներում խմելու ջրագծերի բացակայության, քայքայվածության եւ վերանորոգման անհրաժեշտության մասին, պետական/համայնքային բյուջեներում ոռոգման եւ խմելու ջրագծերի վերանորոգման համար միջոցների անբավարարության, «Վեոլիա ջուր» ընկերության անարդյունավետ աշխատանքի, ջրային ոլորտում ֆինանսական միջոցների անարդյունավետ ծախսերի մասին:

Հարցվածների կարծիքով՝ գյուղատնտեսության մեջ պետք է կիրառվեն ջրախնայողական համակարգեր, ինչպիսին կաթիլային ոռոգումն է: Հարկավոր է կանխել ձկնաբուծարանների կողմից ստորերկրյա ջրերի գերօգտագործումը, ներառյալ ապօրինի օգտագործման դեպքերը, ՋՕԸ-երը պետք է օգտագործեն ձկնաբուծարանների կողմից օգտագործված ջուրը:

Գոյություն ունի կոռուպցիա ջուրթույլտվության (ՋԹ) տրամադրման եւ ջրօգտագործողների՝ ՋԹ-ների հետ համապատասխանության վերահսկման հարցում: Շեշտվել է ջրօգտագործողներին տրամադրվող ոռոգման ջրի միասնական սակագնի եւ հաշվարկման հստակ մեթոդաբանության բացակայությունը, ստորերկրյա ջրերի արդյունահանման դեպքում բարձր ինքնարժեքը՝ կապված էլեկտրաէներգիայի բարձր գնի հետ:

Առաջարկվել է ավելացնել բնապահպանության նախարարության տեսչական մարմնի լիազորությունները եւ համալրել որակյալ կադրերով, որպեսզի կարողանան առավել արդյունավետ իրականացնել տեսչական ստուգումներ ջրօգտագործողների շրջանում (ըստ ՋԹ-ների պայմանների):


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Վաչե08:53 - 28 հունվարի, 2018
Ազգաբնակչության մոտ դեռևս խորհրդային տարիներից ձևավորվել է այն մոտեցումը, որ ջուրը ի վերուստ տրված մի բարիք է, որը կարելի է օգտագործել անսահմանափակ քանակությամբ և առանց վճարելու։ Ինչ վերաբերվում է արդյունավետ կամ անարդյունավետ օգտագործմանը, դա զուտ բառախաղ է։ Եթե խոշոր հողատերը կամ ձկնաբուծը չի վճարում օգտագործած ջրի դիմաց և ստանում է բարձր շահույթ, նշանակում է նա ջուրն օգտագօրծել է առավելագույն արդյունավետությամբ։ Այս դեպքում ջրօգտագործումը դառնում է անարդյյունավետ ջրային տնտեսությունը տնօրինող կազմակերպության համար։ Սակայն միամտություն կլինի մտածել, որ նրանք տեղյակ չեն 60-80,90% հասնող ջրային «կորուստների» էությանը։ Իրականում ջրային տնտեսության աշխատողները գերազան գիտեն, թե ու է "կորչում" յուրաքանչյուր լիտր ջուրը և ումից ինչքան նալոգ պետք է հավաքել։ Մի քանի խոշոր ջրօգտագործողներ իրոք չեն վճարում օգտագործած ջրի կոնկրետ քանակի դիմաց այլ համապատասխան ատյաններին են ներկայանում մի ինչ֊որ պայմանավորված դրույքաչափով՝ իրենց գործունեության ծավալներին համապատասխան։ Անհրաժեշտ է արմատապես վերանայել ձկնատնտեսության գործունեությունը հատկապես Արարատյան հարթավայրում։ Աբսուրտի հասնող երևույթ է, երբ կիսաանապատային կլիմա ունեցող Արարատյան հարթավայրը վեր է ածվել ձկնաբուծության կենտրոնի՝ արտահանման գերակշռմամբ։ Հայրենիքի դավաճանություն է երբ մի քանի թալանչիի գրպանները լցնելու համար չորացվում են Արարատյան արտեզյան ավազանը և Սևանը՝ ջրերը Արաքս գետով ոզարկելով Ադրբեջանի դաշտերը ոռոգելու համար։
2. Արթուր Աթոյան10:20 - 1 փետրվարի, 2018
Ընդհանուր առմամբ ջուրը ռազմավարական թանկարժեք հումք լինելով հանդերձ պետք է արժեվորել և ամեն մի կաթիլ անտնտեսվար օգտագործման համար չափազանց թանկ ենք վճարելու...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ