HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արշավն ավարտվել է դժբախտ պատահարով

Այսօր ժամը 16:10-ին ԱԻՆ-ը ահազանգ է ստացել, որ Արայի լեռան վրա` Վառվառակույս եկեղեցու մոտ, ձնաբքի պատճառով արշավի մասնակիցներից մեկը մահացել է, մյուս քաղաքացին` կոտրվածքներ ստացել։

«Հետք»-ի հետ զրույցում Գևորգ Գասպարյանը պատմեց, որ արշավի մասնակից ընկերներից մեկից իմացել է անկանխատեսելի ձնահոսքի և արշավի մասնակիցներից մեկի կորչելու մասին։ Մի քանի ընկերներով Երեւանից օգնության են գնացել Արայի լեռ։ Լեռ են հասել 18։00-ի սահմաններում, երբ արդեն փրկարարներն ու արշավի մասնակիցները պատգարակով իջեցնելիս են եղել կոտրվածք ստացած արշավական Էդգար Նավասարդյանին։ Վերջինս նաև արշավի համակարգողն է։ Գևորգի փոխանցմամբ` կոտրվել է Էդգարի ոտքը, տեղյակ չէ` այլ տուժածներ կան, թե ոչ։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ արշավականները հայտնել են, որ մահացել է արշավի կին մասնակիցներից մեկը։ Նրա անուն,ազգանունը դեռևս չի հաղորդվում։

Արշավի մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածված հաղորդագրությունից պարզ է դառնում, որ արշավախումբն արշավը սկսելու էր Զորավան գյուղի մոտակայքից, հետադարձը նախատեսվում էր Ծաղկավանքի կողմից։

2015 թվականից «ԱՍ» արշավախումբը հունվարի 28-ին զինված ուժերի կազմավորման օրվան նվիրված արշավ է կազմակերպել դեպի Արայի լեռ։ Այս տարվա արշավը, ցավոք, ավարտվեց դժբախտ պատահարով։

լուսանկարը՝ Անի Խաչատրյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter