HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն այցելել է զինհաշմանդամների վերականգնողական նորակառույց կենտրոն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցում, տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: 

Նախագահը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և մի շարք բարերարների ուղեկցությամբ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել իր նախորդ այցից հետո կատարված աշխատանքներին, հատուկ զինհաշմանդամների համար հիմնված վերականգնողական մասնագիտական կենտրոնի ընթացիկ գործունեությանն ու զարգացման հետագա ծրագրերին: Նախագահը զրուցել է նաև կենտրոնում արդեն իսկ իրենց վերականգնողական բուժումը ստացող հայրենիքի պաշտպանների հետ:

Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հավաստմամբ՝ կենտրոնը գործելու է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծվելու են նաև սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր, այն հագեցած է գերժամանակակից վերականգնողական սարքերով և տարածաշրջանում միակն է իր հնարավորություններով:

Ռեկտոր Արմեն Մուրադյանն այս նախագծի իրագործման հարցում բեկումնային է համարել անցած տարվա հուլիսի 12-ին նախագահ Սերժ Սարգսյանի այցը կենտրոնի շինհրապարակ, որը, ըստ նրա, նոր խթան հանդիսացավ հետագա աշխատանքի համար:

Հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել այս գաղափարն իրականություն դարձրած բոլոր անձանց և առաջին հերթին՝ այստեղ իրենց վերականգնողական բուժումն անցնող հայրենիքի պաշտպաններին՝ անմնացորդ ծառայության համար: Նա հորդորել է զինհաշմանդամներին նույնպիսի կամք ցուցաբերել բուժման ընթացքում և կենտրոնի մասնագիտական թիմի հետ միասին ամեն ինչ անել շուտափույթ բուժվելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter