Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Ամբողջ գյուղը բանակ է ճանապարհում իր երկու զինակոչիկներին


Վայոց ձորի մարզի Բարձրունի սահմանամերձ գյուղը 400 բնակիչ ունի: Այս հունվարին այստեղից ընդամենը 2 հոգի է զորակոչվել: Արսենն ու Նորայրը 18 տարեկան են, երկուսին էլ բանակ են ճանապարհել այսօր:

Բարձրունին իր զինակոչիկներին ճամփա դնելու հետաքրքիր ավանդույթներ ունի: Նորայրի մայրը պատմում է, որ գյուղացիները զինակոչիկի տուն այցելելիս ամեն մեկը մի հավ է բերում որպես նվեր: Իր հերթին՝ ընտանիքը մեծ խնջույք է կազմակերպում, որին հրավիրվում է ամբողջ գյուղը:

Նորայրը (աջից)՝ կրտսեր եղբոր ու մոր հետ

Նախիջեւանի հետ սահմանից ընդամենը մի քանի հարյուր մետրի վրա գտնվող Բարձրունիում երիտասարդներին բանակ ճանապարհելը տոնի պես մի բան է:

79-ամյա Արմենակ պապը 6 թոռ ունի, ուրախությամբ է Նորայրին բանակ ճանապարհում, չնայած աֆղանական պատերազմում կորցրել է որդուն՝ Նորայրի հորեղբորը:

Նորայրը հենց նրա անունն է կրում: Պապը ճակատագրի կողմից եւս մի ծանր հարված է ստացել մի քանի տարի առաջ, երբ դժբախտ պատահարի հետեւանքով՝ կայծակի հարվածից, դաշտում մահացել է Նորայրի հայրը: «Հայրենիքը նման է տնտեսության հոր եւ մոր: Եթե դու չես կարողանում քո հորն ու մորը պաշտպանես, հայրենիք չես պաշտպանում: Մարդը պիտի լինի լիարժեք եւ պատասխանատու, ոչ թե տատանվող. եթե պատասխանատու չեղավ, նա ոչ մի բան չի անի»,- ասում է Արմենակ պապը:

Նորայրը պատմում է, որ փոքրուց իրենց տանը զինվորականներ է տեսել, ովքեր եղել են ոչ միայն պապի ընկերները, այլեւ անծանոթ տղաներ, ում տատն ու պապը հաճախ հյուրընկալել են: Բարձրունիում բանակ, զինվոր, դիրք, սահման հասկացություններն առօրյայից անբաժան են: Գյուղի դիմացի սարերին հայկական խրամատներն են, սարերից այն կողմ՝ հակառակորդի դիրքերն ու Նախիջեւանի բնակավայրերը: «Զինվորական ծառայությունը պարտք է, որ պիտի կատարենք,- ասում է Նորայրը,- մեծանալով էս գյուղում՝ գիտես, որ պատրաստի մարտիկ ես, ու գիտես, թե ինչի համար ես գնում բանակ»:

Բանակ ճանապարհելու օրը ամբողջ գյուղը հավաքվում է Բարձրունուց դուրս եկող ճանապարհին՝ Արմենակ պապի տեղադրած սեղանի մոտ, որի մի կողմում գրված է «բարի գալուստ», մյուսում՝ «բարի ճանապարհ»: Զինակոչիկներն այստեղ անպայման մի քանի կրակոց են արձակում ավտոմատից, Նորայրն ասում է, թե դա, կարծես, զենք բռնելու առաջին մկրտությունը լինի: Անձամբ ինքը, սակայն, առաջին անգամ ավտոմատից կրակել է 12-13 տարեկանում, դպրոցում ռազմագիտության ժամերին էլ ուսումնասիրել են զենքը, սովորել են քանդել-հավաքել, զինկոմիսարիատը նաեւ հրաձգարան է տարել:

Գյուղի մուտքի մոտ 19-րդ դարի մատուռ կա, որը 2002-ին են վերանորոգել, դրա հարեւանությամբ է Բարձրունու սահմանում զոհված ազատամարտիկների հուշարձանը: Մեկնելուց առաջ զինակոչիկները մատուռում մոմ են վառում:

Գյուղի հանդիսությունների սրահում խնջույք են անելու. օգնում են բոլորը 

Բարձրունիում բնակչությունը խիստ նվազել է. դրա ցուցիչներից մեկը երիտասարդների պակասն է: Ըստ Նորայրի՝ իր սերնդից մի 20 երիտասարդ է մնացել գյուղում, մյուսները ժամանակի ընթացքում հեռացել են ընտանիքներով: Ինքն էլ Երեւանում է սովորում՝ բժշկական համալսարանում, ասում է, թե կուրսից ընդամենը 3-4 հոգի են այս հունվարին զորակոչվել, մյուսների մեծ մասն ազատված է զինծառայությունից:

Օրհնանք

Նորայրը կնախընտրեր սովորել, հետո ծառայել, կարծում է, որ 7-8 տարի սովորողներին ճիշտ կլինի թողնել, որ ավարտեն ուսումը: Օրինակ է բերում իրեն. ծրագրում է նեղ մասնագիտություն ձեռք բերել՝ դառնալ դիմածնոտային վիրաբույժ: Կարծում է, որ եթե որպես բժիշկ զորակոչվեր, թերեւս, շատ ավելի մեծ օգուտ կտար: Ամեն դեպքում, որոշել է, որ գրքերը տանելու է, ազատ ժամանակ կարդալու է՝ այս մի քանի ամսում սովորածը չմոռանալու համար: Բայց ապագայի հանդեպ այնքան էլ լավատես չէ. ասում է, թե շատ կուզեր իր մասնագիտությամբ աշխատել Բարձրունիում, բայց նման հնարավորություն, կարծես, չկա. մնում է քաղաք գնալը, ինչպես արել են շատերը:  

Նորայրը կրտսեր եղբայր ունի, ով 16 տարեկան է ու զորակոչվելու է 2 տարուց՝ ձմռանը: Ասում է, թե կուզեր, որ հնարավորության դեպքում գոնե մի քանի օր իրար հետ ծառայեին: Եղբայրների մայրը հուզվում է հրաժեշտից առաջ՝ որդու համար խնջույքի պատրաստություն տեսնելիս: Նորայրից թաքուն անկեղծանում է, թե ինքը մայրաբար է դաստիարակել զինվոր որդուն, ու կուզեր, որ բանակում տղան տեսներ ու սովորեր այն, ինչն ինքը, կին լինելով, չի կարողացել տալ:

Արսենը՝ ընտանիքի հետ. հրաժեշտից առաջ

Մայրերը

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (3)
1. Արարատ Եղիկեան11:21 - 1 փետրվարի, 2018
Սիրելի Վահե, կարդալով ձեր հոտվածը՝ շատ հուզվեցի և անգամ արտասվեցի. Ինչքան գեղեցիկ ավանդույթ է Բարձրունիում, կարծես՝ հարսանյաց խնջույք լինի, երբ ամբողջ ժողովուրդը միասին ուրախությամբ են ճանապահում իրենց երիտասարդներին դեպի Հայրենիքին ծառայության, կարծես որ՝ մի ընտանիքի անդամ լինեն: Շատ գեղեցիկ էին նաև նկարները: Սիրելի Նորայրը, ինչքան ճիշտ է արտահայտվել՝ գոնե ոասումը ավարտէր և հետո ծառայության գնար. Իհարկե որ՝ Հայոց բանակը բարձրագույն կրթություն ունեցող և մասնագետ զինվորների կարիք ևս շատ ունի. Ինչ՞ն էր ստիպել որ մեր երիտասարդները իրենց ուսումը կիսատ թողնէին և զինակոչվեին ու երկու տարի ընդմիջումից հետո նոր գային ու իրենց ուսումը շարունակեին. Իսկապես որ շատ անիմաստ մի օրենք էր սահմանվել: Փարկ Աստուծո՝ մեր ղեկավարները ուշ գլխի ընկան և վերջապես հասկանալով՝ փոխեցին այդ դաժան օրենքը, հնարավորություն տալու որ մեր երիտասարդները անհոգ կերպով շարունակել իրենց ոասումը և ավարտելուց հետո զինակոչվեն ավելի բարձր մակարդակով:
2. Արարատ Եղիկեան11:47 - 1 փետրվարի, 2018
Հայոց բանակի 26-րդ հիմնադրության տոնի առիթով՝ բարի և խաղաղ ծառայություն եմ մաղթում Հայոց բանակին ծառայող ողջ անձնակազմի սպաններին և ծառայող մեր քաջ զինվորներին: Խոնարհվում եմ մեր զոված հերոսների շիրիմների առջև: Շնորհավոր տոնդ Հայոց զինվոր՝ քաջ եղբայր՝ մեր լեռ պաշտպան հերոսներ:
3. GB19:01 - 1 փետրվարի, 2018
This is how our "squeezed" homeland survived, for centuries, where surrounding Armenia's mighty Empires gone with the wind!
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։